Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ԵՄ

Սեպտեմբեր 10,2002 00:00

ԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ԵՄ Մոտակա ամիսներին շունչներս պահած հետեւելու ենք հանրապետությունում տարբեր մակարդակի ընտրությունների հետ կապված գործընթացներին, քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին: Հատկապես մեծ է հետաքրքրությունը նախագահական ընտրությունների նկատմամբ: Ովքե՞ր կլինեն հավանական թեկնածուները, ինչպե՞ս կողմնորոշվել այդ պատասխանատու ընտրությունից առաջ: Եվ ահա օրերս կարդացի «Մեր վաղն՝ այսօր» վերնագրով Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի, իմ կարծիքով, քաղաքական պլատֆորմի ընդհանուր դրույթները: Դրույթների ընդգծված պարբերություններն արդեն՝ «Հայրենիք», «ազատություն», «նախագահ», «կառավարություն», «պետական-ազգային անվտանգությունն ու արտաքին հարաբերությունները» եւ այլն, ասում են հեղինակի ընդգրկուն քաղաքական կերպարի մասին: Մենք, առանց չափազանցության, վաղուց է, որ չենք ունեցել Ր. Հովհաննիսյանի նման՝ մի կողմից՝ հայրենասեր, մարդամոտ, հոգատար, սիրով լի, մյուս կողմից՝ վճռական, անկախ գործելակերպով, աշխարհի անցուդարձից լավատեղյակ, անբասիր անցյալով, եռուն ներկայով քաղաքական գործիչ: Կարդում եմ ծրագիրը, փորձում հիշել անցած 3 նախագահական ընտրությունների ժամանակ ասպարեզ իջած որեւէ ծրագիր. չեմ հիշում: Աներկբայորեն վստահում եմ ծրագրի յուրաքանչյուր կետին, հավատում եմ, որ Ր. Հովհաննիսյանն այդ ծրագրի հիմնադրույթները դարձնելու է իրականություն, քանի որ նրա խոսքն ու գործը երբեք չեն երկփեղկվել, նա երբեք չի խորշել ծառայել աղքատին, դժվարության մեջ եղած մարդկանց, չի վախենում իր ժողովրդի մեջ քայլելուց, նրանց հետ շփվելուց: Հայրենիքում 13 տարի բնակվելու ընթացքում Ր. Հովհաննիսյանը եւ իր ընտանիքը ծավալել են հսկայական ազգանպաստ գործունեություն, որը դժվար է գերագնահատել: Հայրենիքին, պետությանը անվերապահ նվիրումի օրինակ է Ր. Հովհաննիսյանի կերպարը: Ելնելով նրա քաղաքական պլատֆորմից, վստահ եմ, որ նա քաղաքական դաշտ է մտնում ծառայելու իր ժողովրդին եւ պաշտպանելու մեր պետականության շահերը: Ի դեմս Ր. Հովհաննիսյանի, այս շատ պատասխանատու ժամանակաշրջանում ես տեսնում եմ քաղաքական դաշտը հարստացած եւ կարծում եմ, որ ինձ նման շատ-շատերի համար կողմնորոշվելը կլինի միանշանակ: Ընտրության ժամանակ ես ընդամենը 1 ձայն ունեմ, բայց նախընտրական շատ պատասխանատու այս ժամանակաշրջանում իմ ողջ եռանդը, քաղաքական գիտելիքները, կողմնորոշումը ներդնելու եմ իրականացնելու համար, հատկապես վերջին տարիներին, իմ մեջ պարզ գծագրված պետականության տեսիլը՝ կապված Ր. Հովհաննիսյանի մարդկային եւ քաղաքական կերպարի հետ: ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ Երեւանի Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել