Եվ դարձյալ՝ նահանջ երգով Չնայած վաղօրոք արված բազմաթիվ հավաստիացումներին՝ ընդդիմադիր պատգամավորները երեկ չգրավեցին ԱԺ ամբիոնը: Սկզբում նրանք փորձում էին այս նահանջի պատասխանատվությունը բարդել ՀՀԿ-ի ուսերին. իբր վերջինս ուզում է, որ ԱԺ-ն լուծարվի՝ ինչ-ինչ շահերից ելնելով, իսկ ընդդիմությունն էլ չի ցանկանում ջուր լցնել իշխող կուսակցության ջրաղացին: Նույնիսկ եթե ենթադրենք, որ ՀՀԿ-ն իրոք նման ցանկություն ունի, էլի ակամա զուգահեռ է առաջանում. երբ ԱԺ-ում արծարծվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության խնդիրը՝ շատերն էին ասում, թե այն ձեռնտու է Սերժ Սարգսյանին. ինչո՞ւ ընդդիմությունը չհրաժարվեց ջուր լցնել պաշտպանության նախարարի ջրաղացին: Սեփական դեմքը փրկելու եւ արված հայտարարությունների բեռի տակից պատվով դուրս գալու մեկ այլ եղանակ էլ գործադրվեց երեկ: Հերթով խոսափողին էին մոտենում 16 կուսակցությունների միավորումը ներկայացնող պատգամավորները եւ անմեղ-անմեղ, կարծես՝ չիմանալով իրենց հարցի պատասխանը, հետաքրքրվում, թե ինչո՞ւ արտահերթ չի քննարկվում նախագահի պաշտոնանկության հարցը եւ խախտվում ԱԺ կանոնակարգը՝ չէ՞ որ նախաձեռնությունը շրջանառությունից կարող է հանվել միայն հեղինակի ցանկությամբ: ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն էլ նույնչափ անմեղ-անմեղ պատասխանում էր, թե արդեն ներկայացրել է բացատրություններ. «Եվ հիմա տրամադիր չեմ նորից բացատրելու»: Օգտվելով օրակարգի շուրջ ելույթներ ունենալու հնարավորությունից՝ ընդդիմադիր պատգամավորները նաեւ «վճռական բողոք» արտահայտեցին, որ պաշտոնանկության հարցն օրակարգում չէ, մեղադրեցին ԱԺ նախագահին, թե նա օգտագործվում է, իսկ օգտագործողն էլ հետեւյալ նպատակն է հետապնդում. «Կեղծիքով ընտրված, ոչ լեգիտիմ նախագահն 1999 թվին ձեւավորված լեգիտիմ Ազգային ժողովն ուզում է դարձնել ոչ լեգիտիմ»: Արմեն Խաչատրյանը ստեպ-ստեպ փորձում էր հակադարձել, բայց նիստը նախագահող Տիգրան Թորոսյանը կասեցնում էր այդ փորձերը՝ առաջարկելով երկխոսության մեջ չմտնել դահլիճի հետ եւ բոլոր հարցերին անդրադառնալ ամփոփիչ ելույթում: «Մենք օրինականության սահմաններից դուրս չենք գալու: Եվ մեր քայլերը հետայսու համարժեք ենք դարձնելու ձեր կատարած քայլերին»,- ԱԺ ամբիոնից խոստացավ պաշտոնանկման նախաձեռնության հեղինակներից մեկը՝ Ղուկաս Ուլիխանյանը: Ի կատարումն այդ խոստման, երբ հայտարարվեց, որ քվեարկության է դրվում օրակարգը՝ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը հայտարարեց 16 կուսակցությունների անունից, թե նրանց ներկայացնող պատգամավորները «չեն ուզում միանալ կանոնոկարգի, օրենքի բազմաթիվ խախտումներին եւ չեն մասնակցում քվեարկությանը»: Եվ դուրս եկան նիստերի դահլիճից: Արդեն նիստերի դահլիճի նախասրահում հարցրինք «Հայաստան» խմբի անդամ Սամվել Սաղաթելյանին, որը, հիշեցնենք, նախորդ անգամ ամենահաստատակամն էր ամբիոնը գրավված պահելու առումով, թե ինչու հետ նահանջեցին. «Քանի որ արդեն բացահայտ պարզ էր, որ իշխանությունները գնալու էին ամենավերջին քայլերին՝ դիմելով անգամ հաշվեհարդարի: Եվ արդեն կան նման հալածանքներ սկսելու որոշակի փաստեր: Չեմ ուզում նախապես բացահայտել»: Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը մասնավորապես հենց իր՝ Սամվել Սաղաթելյանի դեմ նախապատրաստվող քրեական գործի մասին է: Ստեփան Զաքարյանն ամբիոնը չգրավելը պատճառաբանեց այսպես. «Անձամբ ես երբեք չեմ ասել, որ ամբիոնն անպատճառ գրավելու ենք սեպտեմբերին: Պիտի ասեմ, որ դա չի բացառվում. բայց երբ նպատակահարմար լինի՝ այն ժամանակ էլ կդիմենք համապատասխան գործողությունների»: Փորձեցինք նաեւ պարզել, թե բոյկոտը միայն ա՞յդ քվեարկությանն է վերաբերելու, թե՞ մնացած բոլորին եւս: «Հաջորդ քայլերի մասին կարող ենք ասել, երբ 16-ը կհավաքվեն ու կխորհրդակցեն,- պատասխանեց պրն Զաքարյանը:- Առայժմ հստակ որոշված է՝ բոյկոտել միայն այս քվեարկությունը: Նաեւ մտադրություն կա ընդհանրապես չմասնակցել օրակարգերի քվեարկություններին»: Նշենք, որ ընդդիմադիրների բոյկոտն առանձնապես ազդեցություն չունեցավ քվեարկությունների արդյունքների վրա՝ չէ՞ որ մեր խորհրդարանից չեն վերացել ուրիշի կոճակները սեղմողներն ու զանգովի-կանչովի պատգամավորները: Այնպես որ, միայն փոքր-ինչ հետաձգվեց եռօրյա նիստերի օրակարգի ընդունումը, բայց ժամը 15-ին մոտ այն ընդունվեց 72 ձայնով: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ