Օգոստոսի 31-ից սկսվեց Գյումրիի երրորդ միջազգային Բիենալեն, որի նախագահն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Դարբինյանը, հիմնադիր կոմիսարն է նկարիչ Վազգեն Պահլավունի-Թադեւոսյանը, համադրողն է՝ նկարիչ Ազատ Սարգսյանը։ Այս անգամ էլ մասնակցում էին Հայաստանի եւ մի քանի այլ երկրներից հրավիրված արվեստագետներ։ Գյումրեցիների համար բիենալեն միջոցառում է դարձել, ուր երկու տարին մեկ դրսից ու ներսից տարբեր մարդիկ են հավաքվում, ցուցահանդեսներ-ակցիաներ են լինում։ Որոշակի աշխուժություն բերեց պարսկուհի երիտասարդ մի աղջկա ակցիան, որի թեման հասարակություն-կին, կին-տղամարդ, աղջիկ-կուսություն-ամուսնություն հարաբերություններն էին։ Երիտասարդ Տիգրան Խաչատրյանը Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում անցկացվող համաշխարհային ֆուտբոլի գավաթի խաղերն էր հարցադրման միջոց դարձրել։ Պերֆորմանսը կոչվում էր «Հաց ու պանիր»։ Նախագծի համադրող Արման Գրիգորյանը այսպես է ներկայացնում. «Ֆուտբոլի «Համաշխարհային գավաթի» խաղերը «սուբլիմացված» Համաշխարհային պատերազմն է, որից Հայաստանը դուրս է մնացել։ Եվ ինչպես պատերազմի դաշտն է սրբավայր, այնպես էլ ստադիոնները, որտեղ հավաքվում են ֆուտբոլասերները, բայց հայ ֆուտբոլասերը չի կարողացել գնալ եւ նստած «Հայաստան երկիր դրախտավայրում» TV-ով դիտում է իր «պատմական հակառակորդի» հաղթանակը։ Նա հավատացել է ֆուտբոլային մեկնաբանի կատակին, թե հաղթանակի պատճառը շատ «հաց ու պանիր» ուտելն է»։ Հետաքրքիր էր նաեւ Արեւիկ Արեւշատյանի եւ Արզուման Հարությունյանի համատեղ վիդեո ֆիլմը, որը կոչվում էր Կարմիր խաչի առաջին օգնությունը ժամանակակից արվեստին։ Հեղինակներն այն կարծիքին են, որ ժամանակակից արվեստին բուժօգնություն է պետք ցուցաբերել։ «Գյումրի 1988-2002» այս թարմ լուսանկարով էլ մենք մասնակցենք բիենալեին, թե ինչ պատահեց Գյումրիին եւ ինչ վիճակում է այն երկրաշարժից հետո։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ