Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհին դժգոհ է «վերեւներից»

Սեպտեմբեր 07,2002 00:00

Երգչուհին դժգոհ է «վերեւներից» Երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գալաչյանը չի զղջում, որ 1960 թվականին թողել է Մոսկվայի Մեծ թատրոնի բեմն ու վերադարձել Երեւան։ Իսկ Մեծ թատրոնում ընդունվելն ու աշխատելը, ինչպես ասում են՝ «հանաք մասխարություն չէ»։ 1956թ., երբ հայ արվեստագետների խումբը մեկնում է մասնակցելու Մոսկվայում Հայաստանի դեկադային (որի կազմում ընդգրկված էր նաեւ Գ. Գալաչյանը), այն համընկնում է Մեծ թատրոնի հայտարարած մրցույթին։ Հայ երգչուհին մասնակցում եւ ընդունվում է աշխատանքի ու մեկը մյուսի հետեւից կատարում մեցցո-սոպրանոյի ներկայանալի դերերգերը՝ Ամներիս, Լյուբաշա, Մադալենա, Կոնչակովնա… Նա բեմ է բարձրանում հայտնի դեմքեր Գալինա Վիշնեւսկայայի, Պավել Լիսիցյանի, դիրիժորներ Մելիք-Փաշաեւի, Ժուկովի եւ այլոց հետ։ Մի խոսքով՝ գերհագեցած աշխատանքային տարիներ։ 1960թ. Մոսկվայում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը եւ այն ժամանակ մշակույթի գլուխ կանգնած Անդրանիկ Շահինյանը, լսելով երգչուհուն, ասում են. «Ախր մեզ մոտ մեցցո-սոպրանո չունենք։ Խնդրում ենք, շարունակեք ձեր բեմական գործունեությունը Երեւանի օպերային թատրոնում»։ Փաստորեն, 4-ամյա ընդմիջումից հետո, երգչուհին շարունակում է իր գործունեությունը հայրենիքում, մեծ հաջողությամբ մարմնավորելով Կարմենի, Փառանձեմի, Ալմաստի… կերպարները։ Եվ այսպես մինչեւ 1990 թվականը։ Հենց այդ տարի էլ իր ուժերով կազմակերպում է իր բենեֆիսը ու թողնում մեծ բեմը։ Այս առիթով երգչուհին, կարծես կարդալով մեր միտքը՝ հիշեց. «Միշտ ինձ հարցնում են՝ արդյոք ժամանակի՞ն թողեցի բեմը։ Իսկ ես անկեղծ պատասխանում եմ, որ, իհարկե, եղել են ու այսօր էլ կան երգիչներ, որոնք ընդհանրապես իրավունք չունեն բեմ բարձրանալու։ Եվ չկա մի օրենք, որը թույլ տա, թե մինչեւ որ տարիքն է հարկավոր լինել բեմում։ Իսկ ամենակարեւորը, որ այդ տարիներին մեր կառավարությունը շնորհք չուներ՝ կարելի էր, չէ՞, գեղեցիկ ճանապարհել վաստակած հանգստի»։ Հետո էլ կես կատակ-կես լուրջ շարունակեց. «Պատկերացնո՞ւմ եք, եկող տարի 80-ամյակս է արդեն։ Տեսնես այդ առիթով մի բան կմտածե՞ն, թե՞…»։ 1979 թվականից, եւ այսօր էլ, հայ օպերային արվեստի երախտավորը դասավանդում է կոնսերվատորիայում՝ պատրաստելով բարձրակարգ երգիչներ։ Ներկայումս նրա դասարանից Ազգային օպերային թատրոնում է աշխատում երիտասարդ մեներգչուհի, միջազգային մրցույթի դափնեկիր Մագդա Մկրտչյանը՝ իր միակ՝ Լեոնորայի դերերգով։ Դասախոսին մտահոգում է իր ուսանողների՝ ապագա երգիչների ճակատագիրը. «Մեր ժամանակ կային Դուրյաններ, Բագրատունիներ, մի խոսքով՝ խոշոր երաժիշտներ։ Երեւի հիշում եք, թե ինչպես Դուրյանը, բառիս բուն իմաստով, փլատակներից վեր հանեց օպերային թատրոնի նվագախումբը, ի՜նչ բարձր մակարդակով առաջինը երկարատեւ ընդմիջումից հետո ղեկավարեց «Տրուբադուրը», ո՞ր մեկն ասեմ։ Եվ ամենակարեւորը՝ ինչպես վարվեցին այդ հանճարեղ երաժշտի հետ՝ կարծում եմ, բոլորիդ հայտնի է։ Նման մեծերի բացակայության հետեւանքն է, որ կաղում է օպերային արվեստը։ Չեմ կարողանում երկար չխոսել։ Ախր, հասկացեք, մեր ժամանակ կար Գուլակյան, Աճեմյան, Թավրիզյան… Գիտե՞ք ինչն է ցավը, որ եթե վերեւներում շատ ուզենան, այսօր էլ կլինեն նրանք։ Կարծում եմ, պետք չէ մանրամասնել։ Կամ մի փոքր մանրամասնեմ վերեւների համար։ Ծեծված բառեր են, բայց ունենք նրանց արժանի փոխարինողներ»։ Մենք էլ կարծում ենք, ավելին՝ համոզված ենք ու անուն առ անուն գիտենք հայրենիքը լքած մեր մեծերին եւ ոչ միայն։ Երգչուհին էլ իր հերթին է համոզված. «Մեր լավ ձայները, հատկապես՝ տենորները թողեցին-գնացին կամ շարունակում են իրենց «տեղը գտնելու» փորձերը։ Ես նրանց չեմ մեղադրում։ Երգիչը պետք է մշտապես բեմ դուրս գա։ Այն օգնում է հմտանալու, կատարելագործվելու, այլ ոչ թե հերթի կանգնելու, թե երբ է գալու իր հերթական բեմելը։ Խնդրեմ, թարմ օրինակ։ Իմ ուսանողներից մեկը (անունը տալ չեմ կարող)՝ հիանալի ձայն, արդեն ճանապարհին է, ասել է թե՝ «լքում է հայրենիքը»։ Սա այն դեպքն է, որ ես նրան խորհրդով չեմ կարող օգնել, իսկ ճանապարհելիս էլ կասեմ՝ Աստված քեզ հետ»։ Տխուր է, բայց փաստ, որ «յան»-ով ազգանունները շարունակում են զարդարել օտար բեմերը։ Կարծում ենք, որ Երեւանում համերգասրահների համատարած վերանորոգման ընթացքում վատ չէր լինի, եթե մշակույթի պատասխանատուներն էլ «վերանորոգեին» վերաբերմունքն իրենց ու մեր արվեստի նկատմամբ։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել