Հարցազրույց «Հոկտեմբերի 27» դատաքննությանը հետեւող անկախ դիտորդի հետ
– Մեր նախորդ զրույցն ընդհատվեց այն պահին, երբ խոսք էր գնում «Հոկտեմբերի 27» գործով տուժողներ-ամբաստանյալներ «երկխոսության» դրսեւորումների մասին։ Մասնավորապես, երբ ամբաստանյալները դատավարության ձգձգումներից դժգոհելով՝ մեղադրեցին անգամ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին (տուժող), մերթընդմերթ էլ նպաստում էին դատավարության ձգձգմանը՝ «հնարավորինս շփոթ ստեղծելով ցուցմունքներում»։
– Դուք ճիշտ նկատեցիք՝ Ն. Հունանյան- Ա. Մարգարյան փոխադարձ «վերաբերմունքի» բնույթը մատնանշելով։ Եթե հիշում եք, Ռ. Քոչարյանին ուղղված իր հերթական նամակում ահաբեկիչը «տրտնջում» էր դատավարության ձգձգումներից, դրանում մեղադրելով Ա. Մարգարյանին։ Միաժամանակ պահանջում էր պաշտոնանկ անել նրան, քանի դեռ չի եկել այն շրջանը, երբ հանրապետության նախագահն այլեւս իրավունք չի ունենա արձակել ԱԺ-ն։ Դա հենց այն շրջանն էր, երբ ահաբեկիչ Ն. Հունանյանը «մատնեց» իրադրության փոփոխության իր ցանկության մասին։ Մինչդեռ Ա. Մարգարյանը եւ նրա քաղաքական հենարանը՝ «Միասնություն» դաշինքը հոկտեմբերի 27-ի վերաբերյալ իրենց դիրքորոշմամբ տարբերվում են Ռ. Քոչարյանին սատարող այլ ուժերի դիրքորոշումներից։ Եթե վերջիններս անմիջապես հոկտեմբերի 27-ից հետո «կարծիք» հայտնեցին, թե դժվար թե հոկտեմբերի 27-ը այդ 5-ից բացի այլ կազմակերպիչներ ունենա, եւ այսօր էլ մնում են նույն կարծիքին, ապա հանրապետականները պնդում են, որ «կազմակերպիչները պետք է բացահայտվեն»։ Դրանով իսկ ակնկալվում է, որ խմբից դուրս դեռեւս կան կազմակերպիչներ։ Եվ հոկտեմբերի 27-ի նկատմամբ հանրապետականների այս «իրատեսական» մոտեցումն էլ վարչապետի երկարակեցության գաղտնիքներից մեկն է, որը նյարդայնացնում է ահաբեկչին։ Բավական է ուսումնասիրել վարչապետ Ա. Մարգարյանի ցուցմունքների սրությունը, հասկանալու համար ահաբեկիչ Ն. Հունանյանի անհանգստության պատճառը։ Վարչապետը դատարանում դիմելով ահաբեկիչներին՝ ասաց. «Եթե փողոց դուրս գաք, ծվեն էլ (ձեզնից) չի մնա, կհոշոտվի։ Ոչ մեկը Հայաստանում չի պաշտպանի ձեզ։ Դուք գերեզման էլ չեք ունենալու, ուր մնաց, թե ազգային հերոս դառնաք»։
– Նա ասաց նաեւ, որ ահաբեկիչներն արժանի են ամենածանր պատժին։
Կարդացեք նաև
– Սա կարծես վերջակետ էր ահաբեկիչների այն հույսերի համար, որ հանրային աջակցություն կձեւավորվի։ Բավական ուշագրավ է վարչապետի հետեւյալ դիտարկումը. «Նրանք պետական հանցագործներ են, շատ լավ գիտեին, որ 5 հոգով խնդիր լուծելը շղթայական ռեակցիա էր»։ Այսօրինակ ցուցմունքների մեկնարկը դրեց Պավել Ղալթախչյանը, ապա՝ Վիկտոր Դալլաքյանը, Սուրեն Աբրահամյանը, Դավիթ Զադոյանը, որոնք հերքում էին ահաբեկիչների տված ցուցմունքները։ «Պասիվ» ակտիվությունը փոխարինվեց «ակտիվ» պասիվությամբ, երբ հարցեր տալու ժամանակ հայտարարեցին, թե «իրենց հարցերը հետո կտան»։ Արդեն Ա. Մարգարյանի ցուցմունքներ տալու օրը հասկանալով իրավիճակը եւ նաեւ այն, որ հակափաստարկներ չունի, Ն. Հունանյանը ժամանակ խնդրելով ասաց, թե նվազել են հակասությունները, «խոստացավ», թե «շատուշատ նրբություններ են ի հայտ գալու» հարցերից հետո։ Ակնհայտ էր, որ ահաբեկիչները վտանգավոր էին համարում այդ պահին հակադարձելը։
– Բայց հակադարձում էին։ Օրինակ, երբ Վ. Դալլաքյանը սկսեց մեկնաբանել Ն. Հունանյանի գործողությունները, նա տուժողին հեգնեց. «Կարելի է մտածել, թե ձեր ուղեղն իմ ուղեղի մի մասնիկն է»։
– Անշուշտ, հասկանալով Վ. Դալլաքյանի ցուցմունքների վտանգավորությունն իրենց համար, խմբի անդամները պատահական չէ, որ հանդես էին գալիս հայտարարություններով, որ ցուցմունքներն «ակնհայտ սուտ են» եւ առավելապես վրդովվեցին Դալլաքյանի այն հայտարարությունից հետո, երբ նա ասաց, որ 27-ը պետական հեղաշրջման ծրագրված փորձ էր, որի նպատակն էր վերանայել ԱԺ ընտրությունները։ Հայտարարությունն ավարտելուց հետո, եթե հիշում եք, նա այն միտքն ասաց, թե երբ իր կամ իր ընտանիքի անդամների հետ որեւէ բան տեղի ունենա, դա կլինի հանրապետության ղեկավարության պատասխանատվության հարց։ Հայտարարությունը ահաբեկիչ Կ. Հունանյանը որակել էր որպես շահարկում, իսկ ահաբեկիչ Ն. Հունանյանը՝ իբրեւ դատավարության իրականացում։ Հետագայում էլ ահաբեկիչները հայտնվելով տուժողների ցուցմունքները հակափաստարկներով հերքելու անկարողության իրավիճակում, ստեղծեցին նման պահեր։ Հիշենք Դ. Զադոյանի ցուցմունք տալու պահը, երբ խոսք գնաց Ռ. Քոչարյանին դեպքից հետո ներկայացված ցուցակի մասին, իսկ ահաբեկիչն իրեն հատուկ ցինիզմով հարցրեց. «Չմտածեցի՞ք, որ ցուցակը շարունակությունն էր մեր գործողությունների։ Չգիտեի՞ք, որ Շիրխանյանն է ցուցակը ներկայացրել» (ի դեպ, զարմանալիորեն հիշեցի «Օրակարգից դուրս» ծրագրի մի թողարկում, որտեղ հոկտեմբերի 27-ին Ռ. Քոչարյանի գործողությունները նկարագրելիս գրեթե նույնաբովանդակ միտք հայտնվեց, թե «առջեւում ահաբեկիչներն էին ավտոմատներով կրակում, հետեւում՝ պաշտոններ էին կրակում…»)։ Հիշենք նաեւ սադրանքն այն մասին, թե Էմմա Խուդաբաշյանը իբր համբուրել է ահաբեկիչներից մեկի ճակատն ու ասել՝ «ապրես, տղա ջան»։ Այս ամենը ցույց է տալիս, որ ահաբեկիչները մնացել են այլեւս ոչ մի ներգործական ուժ չունեցող սադրանքների հույսին, որոնք եթե առաջ կխորացնեին կասկածներն այս կամ այն անձի, էպիզոդի շուրջ, ապա այժմ այդպիսի ուժից զուրկ են։ Եվ հատկապես այն անձանց մասով, ում մեջ նույն իշխանական քարոզչությունը փորձել է կասկածների մթնոլորտ ստեղծել։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ