Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏԵ՞Ր, ԱՐԴՅՈՔ, ԱՅԴ ՄԱՍԻՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԸ

Սեպտեմբեր 07,2002 00:00

ԳԻՏԵ՞Ր, ԱՐԴՅՈՔ, ԱՅԴ ՄԱՍԻՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԸ «Կան ուժեր, որ այսօր խոչընդոտում են քաղաքացիական ծառայության համակարգի կայացմանը, որովհետեւ այն որքան թերի մնա, այնքան իրենք շատ փող կաշխատեն՝ ինչքան վատ՝ այնքան լավ սկզբունքով», ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ «Հակաստվեր» ՀԿ կազմակերպած «Կոռուպցիան եւ կադրային քաղաքականությունը» թեմայով ասուլիսում: «Մենք ընդունում ենք օրենքներ, որոնցով նպաստում ենք կոռուպցիայի զարգացմանը: Օրենքը այդ 131 հոգու ուղեղի արտահայտությունն է: Ինչքան նրանք կյանքը լավ են պատկերացնում, բարեկիրթ են, փորձված են, նրանց ստեղծած պտուղը լավն է8230»,- նշեց կուսակցության ղեկավարը՝ կարեւորելով երկրում կայուն քաղաքացիական պետական ծառայության համակարգի ձեւավորումը, որը հնարավորություն կտա ունենալ օրենքի ուժով պաշտպանված պետական ծառայության համակարգ, որ մարդիկ չտառապեն ժամանակավորության հոգեբանությամբ ու կոռուպցիոն դրսեւորումները այդպիսով բացառվեն: Քաղաքացիական ծառայության մասին օրենքում, որ, ի դեպ, ընդունվեց ԵԽ պահանջով, դեռեւս ներառված չեն հարկային, մաքսային համակարգերը, ոստիկանությունը, ցավոք նաեւ՝ դատարանի ու դատախազության համակարգերը. «50 դոլար ստացող դատավորը Հայաստանում արդար դատել չի կարող: Նույնը վերաբերում է նաեւ բարձրաստիճան պետական ծառայողին8230եւ բնականաբար իրենց գոյությունը պահպանելու համար այդ մարդիկ «ամեն ինչը» անում են ժողովրդի հաշվին»: «Կադրային քաղաքականությունը Հայաստանում չի ենթարկվում որեւիցե տրամաբանության, որեւիցե քննադատության, որովհետեւ շատ ժամանակ կադրային նշանակումները կատարվում են իրավիճակային խնդիրներ լուծելու համար, եւ մենք բոլորս էլ տեսել ենք, թե միայն կառավարության կազմը եւ գործունեության կարգն ու կառուցվածքը քանի անգամ են փոփոխվել (այսինքն՝ նախարարությունները մերթ միացել են իրար, մերթ բաժանվել են իրարից), որը հետեւանք է այդ իրավիճակային քաղաքականության, առանձին դեպքերում նաեւ՝ առանձին անձանց խնդիրները լուծելու: Այդ պատճառով մենք շատ ենք կարեւորում, որ կառավարության կազմը եւ կառուցվածքը սահմանվի սահմանադրությամբ եւ ամրագրվի օրենքով»,- ասում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Սակայն մեր երկրում օրենքով պաշտպանված պաշտոնյան անգամ կարող է ճնշումների ենթարկվել: Իբրեւ օրինակ բերվեց ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանի պատմությունը: ԱԺ նախագահը Ա. Թավադյանին աշխատանքից ազատելու կարգադրությամբ խախտել է Սահմանադրության 5-րդ հոդվածը, ԱԺ կանոնակարգ-օրենքի 18-րդ հոդվածը, իրավական ակտերի մասին օրենքի այն կետը, ըստ որի ինչ որոշմամբ մարդուն նշանակում են աշխատանքի, նույն որոշմամբ էլ պետք է ազատեն: Իսկ Վերահսկիչ պալատը ձեւավորվել է ԱԺ որոշմամբ, եւ Արմեն Խաչատրյանը կամ այլ մեկը (Ա. Բաղդասարյանի հավաստմամբ, Վերահսկիչ պալատի աշխատակիցների վրա ճնշումներ են եղել նաեւ կառավարության կողմից) միանձնյա որոշում կարող է կայացնել 2 դեպքում. կամ Ա. Թավադյանի տեղի համար ուրիշ թեկնածու կա, կամ ձեռնտու չէ ջրի երես հանել այն չարաշահումները, որոնց արդյունքում բյուջեին միլիոնավոր դոլարների վնաս է հասցվել եւ որոնք բացահայտել է Վերահսկիչ պալատը: Մասնավորապես՝ ընդերքի օգտագործման հետ կապված չարաշահումներ, միայն 2001 թ. կատարվել է 61220 ապօրինի ծառահատում, Սեւանի ազգային պարկում՝ 11385-ը, որից միայն 16 տոկոսն է ձեւակերպվել: Գեղամավանի եւ Սեւանի ՀԷԿ-ի մոտ տեղադրված ջրաչափերը, որոնք պետք է վերահսկեին Սեւանի ջրի հոսքը, 2001 թ. տվյալներով տարբեր ցուցանիշներ են ունեցել. տարբերությունը ամսվա կտրվածքով կազմել է 1.5 մլն խմ եւ այլն: Հարցին, թե որքանով է հնարավոր նախագահի մասնակցությունն այս խնդրին, «ՕԵ» ղեկավարը հարցով պատասխանեց. «ԱԺ ղեկավարը ստորագրել է հրաման, դուք կարո՞ղ եք ասել՝ այդ մասին տեղյա՞կ էր Ջորջ Բուշը, թե՞ ոչ…» (Հետո էլ ասում են, թե մեր երկրում հարց լուծողը միայն Քոչարյանն է -Հ. Բ.): Ի դեպ, պրն Բաղդասարյանը հավաստիացնում է, որ ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունները Վերահսկիչ պալատի նախագահի՝ պաշտոնից ազատելու որոշումը համարում են հակաօրինական: Եվ Ա. Թավադյանը լիովին իրավունք ունի որոշումը բողոքարկել դատարանում, պայքարել իր իրավունքների համար՝ գոնե մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել