Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ մեղավոր, ոչ արդար

Սեպտեմբեր 07,2002 00:00

Ոչ մեղավոր, ոչ արդար ՀՀ ՔԱԳՎ նախկին պետ, այժմ Հայաստանի ավիատորների միության նախագահ Դմիտրի Ադբաշյանն այն անձանցից է, ում, իր ներկայացմամբ, պատժել են լավ աշխատանքի համար։ Ընդ որում, պատժելու համար չի խանգարել նաեւ այն հանգամանքը, որ նրան ժամանակին (1992թ. հունիսի 29-ին) կառավարությունը միանգամից 2 պաշտոնի է նշանակել՝ առանց իր հետ խորհրդակցելու։ Այն ժամանակ, երբ Դ. Ադբաշյանը նշանակվեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ եւ ՀԱՈՒ-ի գլխավոր տնօրեն, վերջինիս ներկայացմամբ, «Զվարթնոց» օդանավակայանում անդադար միտինգներ էին ընթանում, որոնց ընթացքում ավիատորները անվտանգության կանոնների ապահովման մի շարք պահանջներ էին ներկայացնում։ Այս նույն շրջանում էր, որ «Վազգեն Մանուկյանի (այն ժամանակվա վարչապետ) խնդրանքով կառավարությանն էր ներկայացրել ավիացիայի կարգավորման, բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգը, որը տարածվել էր նաեւ միտինգավորների շրջանում։ Միտինգավորները պահանջում էին ծրագրի դրույթների իրագործումը»։ Ըստ հայեցակարգի, պետք է ամբողջապես փոխվեր ավիացիայի նախկին համակարգը, ստեղծվեին անկախ ավիաընկերություններ, որոնք պետք է սեփական կապիտալի հաշվին գոյատեւեին։ Այս ավիաընկերությունների հիմնադիրները լինելու էին կոլեկտիվները (ավիացիայի աշխատակիցներ) եւ պետությունը (80%)։ Ընդ որում, կոլեկտիվը բաժնեմասերը մաս-մաս գնելու իրավունք էր ունենալու։ Սա նպաստելու էր նրան, որ բոլորը շահագրգիռ լինեին խնամքով վերաբերվել աշխատանքին եւ ունեցածին։ Պարոն Ադբաշյանի պատմելով, ծրագիրն իրականացնելու ուղիներ մշակելու նպատակով կառավարության կողմից խումբ ստեղծվեց, որը 2,5 ամիս աշխատելուց հետո 430 էջանոց փաթեթ կազմեց, համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների հետ, «այս ամենից հետո կառավարության որոշումն ընդամենը մեխանիկական գործընթաց էր լինելու»։ Սակայն այս «մեխանիկական գործընթացին» նախորդել է նորանշանակ վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ առանձնազրույցը. «Ուրախացա, որ նորանշանակ վարչապետը հրավիրեց։ Պատմեցի մեր ֆինանսական վիճակի մասին։ Երբ սկսել էի աշխատել, մեր ավիացիան բոլորին պարտք էր։ Բայց շատ կասկածում էի, որ որեւէ մեկին կարող էինք պարտք լինել, քանի որ ինքնաթիռները միշտ լիքն էին ուղեւորվում եւ մենք միշտ աշխատել էինք մեծ շահույթներով։ Յուրաքանչյուր ռուբլի ծախսի դիմաց մենք աշխատում էինք երրորդը։ Սա շատ մեծ ցուցանիշ էր։ Ես ու իմ տեղակալը մեկնեցինք Մոսկվա, որտեղ ԽՍՀՄ ՔԱԳՎ-ում պարզեցինք, որ Մոսկվայում մեր վաճառած տոմսերի եկամուտը մնում էր հենց Մոսկվայում, մեզ չէր հանձնվում։ Ստացվեց, որ նրանք էին մեզ պարտք, բայց այս ամենով հանդերձ «Վնուկովո» օդանավակայանին էլ պարտքեր ունեինք, որոնք չմարելու դեպքում մեզ սպառնում էին արգելել օգտվել օդանավակայանից։ Վարչապետն այս խոսակցությունից հետո ասաց՝ մենք ձեզանից ուրիշ բան էինք սպասում։ Ինչ էին սպասում՝ չհասկացա»։ Այսպիսով, ոչ թե ծրագիրն է հաստատվել, այլ Դմիտրի Ադբաշյանին իր նշանակումից քիչ անց, սեպտեմբերի 9-ին ձերբակալել են, ըստ իրեն՝ թույլ, չհիմնավորված 24 հատորանոց մեղադրանքներ ներկայացնելով. «Իբր 39 հոգու անհիմն ազատել էի աշխատանքից, իբր «Երեւան» ավիաընկերությունն աշխատում էր առանց լիցենզիայի եւ այլն»։ Դատաքննության ընթացքում մեղադրանքներից ոչ մեկը չի հաստատվել, եւ գործը կասեցվել է իրավիճակի փոփոխության պատճառով։ Բայց մինչ այդ պարոն Ադբաշյանը 6 ամիս բանտում է անցկացրել եւ էլի երկար ժամանակ անորոշ վիճակում։ «Իրավիճակի փոփոխության» վերաբերյալ պարոն Ադբաշյանն իր առարկություններն է ունեցել, նշելով. «Կամ ձերբակալեք, կամ արդարացրեք»։ Դատարանը խորհրդակցական սենյակում 3 տարի անցկացրեց, բայց չբավարարեց խնդրանքը։ Գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանն էր խոստացել խնդրում հստակություն մտցնել, բայց չհասցրեց։ Չհասցրեց նաեւ ԱԺ նախագահ Կ. Դեմիրճյանը։ Ու այսօր, այդ դեպքերից 10 տարի անց էլ անհասկանալի է վարչության նախկին պետի կարգավիճակը՝ «կարճված է, բայց արդարացված չեմ»։ ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել