ԿԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԸ «Մենք չենք ցանկանա, որ ի նշան բողոքի, նրանք չվճարեն էլեկտրաէներգիայի վարձը»,- հայ ընդդիմադիրների՝ ԲԷՑ-երի սեփականաշնորհման ուշացած, բայց բուռն դրսեւորումներին երեկ հրավիրած մամուլի ասուլիսում այսպես արձագանքեց «Միդլենդ-Ռեսուրսի» ընկերության ներկայացուցիչ Եվգենի Գլադունչիկը։ Իսկ լրագրողների՝ «կպատժվե՞ն» (կհոսանքազրկվեն- Ն. Գ.), արդյոք, նրանք այդ պահվածքի համար դիտարկումն անարձագանք մնաց։ Այս երկիմաստությունից, կարծում եմ, ընդդիմադիրները համապատասխան եզրակացություն կանեն եւ ասուլիսային ու սեմինարային պայքարից կանցնեն առավել գործնական քայլերի։ Ինչ վերաբերում է բնակչության հոսանքազրկմանը, պարոնայք ներկայացուցիչները, համենայնդեպս, խոստացան, որ անգամ ցանցերի տեխնիկական նորոգման ժամանակ դա մեզ չի սպառնում։ Հրավիրված ասուլիսի նպատակը մեկն էր՝ ապացուցել, որ «Միդլենդ-Ռեսուրսին» լուրջ ընկերություն է եւ ԲԷՑ-երը նրանց տնօրինմանը հանձնելը լավագույնն էր, որ կարող էր տեղի ունենալ մեր կյանքում։ Ինչը ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Զոբրաժնովն արեց հավուր պատշաճի։ Նախ նա ներկայացրեց, որ ընկերությունը՝ 1997-ին հիմնադրված, «Միդլենդ-Ռեսուրսի» հոլդինգի մի մասն է, հիմնականում զբաղվում է մետալուրգիական ոլորտի բիզնեսով։ Ընդգծելու եւ հիմնավորելու համար ընկերության լրջությունը, պարոն Զոբրաժնովն անգամ ընկերության բաժնետերերի բնակավայրերն ու անուններն էլ մեզ բախշեց, ապա թվարկեց ընկերության սեփականությունները՝ ուկրաինական «իՈտՏՐՏՋ-րՑՈսՖ» գործարանը, սեւ մետաղների վերամշակման եւ մեծածախ առեւտրի ընկերություններ, գինու գործարաններ եւ այլն։ Տարեկան 3,5-4 մլն տոննայի վաճառք է իրականացնում ընկերությունը, իսկ 2001 թվականի ապրանքաշրջանառությունը մոտ 600 մլն դոլար է կազմել։ Սա՝ ըստ Ա. Զոբրաժնովի, այն դեպքում, երբ 2001-ը մետաղաբիզնեսով զբաղվողների համար նպաստավոր չի եղել։ Իրենց ընկերության համար պարոն Զոբրաժնովն «արդյունք» է համարում ոչ միայն «եկամուտով աշխատելը», այլ «կանգուն մնալը»։ Ճիշտ է, պարոնը խոստովանեց, որ «ընկերությունը էներգետիկայի ոլորտում կառավարմամբ չի զբաղվել», սակայն «ռիսկային կառավարման մեծ փորձ» ունեն, ավելին, դա իրենց աշխատանքի «սկզբունքն» է։ Այս «սկզբունքային» տեսանկյունից մեր ԲԷՑ-երի ճակատագիրն առավել հստակ կլինի երկու շաբաթից, երբ ճշտվի, թե որ միջազգային կազմակերպությունն է զբաղվելու կառավարմամբ եւ որքան ներդրումներ են նախատեսվում։ Մեր էներգետիկայի ինստիտուտի գնահատմամբ, 150-180 միլիոն դոլարի ներդրումների անհրաժեշտություն կա։ Սակայն նոր տերերն ամեն ինչ կորոշեն տեխնիկական աուդիտից հետո, որն, ի դեպ, հանձնարարված է Հայէներգո ինստիտուտին, քանզի, Անդրեյ Զոբրաժնովի կարծիքով, «բավականին լուրջ մասնագետներ են եւ համակարգի նկատմամբ սրտացավ»։ Իսկ թե ինչո՞վ մեր «տանը մնացած» ԲԷՑ-երն ընկերությանը գրավեցին, Ա. Զոբրաժնովը մեծահոգաբար նկատեց, որ Հայաստանում բարենպաստ ներդրումային դաշտ կա։ Ու նեղացավ. «Մենք նոր չենք Հայաստան եկել, այլ մոտ մեկ տարի առաջ եւ զբաղվել ենք գյուղատնտեսական (ցորենի եւ եգիպտացորենի) բիզնեսով»։ Իմանալով ԲԷՑ-երի սեփականաշնորհման մասին, այս բազմապրոֆիլ ընկերությունը՝ «մասնագետների հետ խորհրդակցելուց» հետո, որոշել է, որ «այս գործարքը մեզ համար կարող է բարենպաստ լինել»։ Ընկերության՝ օֆշորային գոտում գրանցված լինելու առիթով Զոբրաժնովն իր տեսակետն ունի. «Մենք հարկային ծրագրավորմամբ չենք զբաղվում եւ դա միջազգային հանրության քննադատությանը չի արժանացել»։ Համակարգի մոնոպոլիան ընկերությանը չի վախեցնում, չնայած Ա. Զոբրաժնովը հստակ գիտակցում է դրա պարտավորություններն ու պատասխանատվությունը։ Ինչ վերաբերում է շուկայի մոնոպոլիային՝ պարոնները մեղք չունեն, մեր օրենքով է դա հինգ տարով իրենց վերապահված, իսկ հետո… Այս մասին՝ հինգ տարի հետո։ Քանի որ ո՛չ Եվրոբանկը, ո՛չ մեր կառավարությունն ընկերությանը պաշտոնապես որեւէ հարցով չեն դիմել՝ այդ մասին պարոնները լռեցին։ Ինչ վերաբերում է ամենակարեւոր՝ սակագնի խնդրին, Ա. Զոբրաժնովն այն գեղեցիկ ժեշտով դրեց մեր կառավարության ուսերին. «Սակագինն էներգետիկ հանձնաժողովն է որոշում, մենք առաջարկություններ կանենք, կպաշտպանենք մեր շահերը, բայց վերջին խոսքը ՀՀ կառավարությանն է»։ Այս մասին, ըստ պայմանագրի, մինչեւ 2004 թվականի հունվարի 1-ը խոսք չի գնա, իսկ հետո, ըստ Զոբրաժնովի՝ «կախված ատոմային էներգիայի, գազի, վառելանյութի գներից»։ Իսկ համակարգում կրճատումները կլինեն «մտածված»։ «Մենք չմտածված կրճատումներ չենք անի»,- այսպես փարատեց զանգվածային կրճատումների կասկածը Եվգենի Գլադունչիկը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ