Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե չտպեք, կդիմեմ Քոչարյանի նախընտրական շտաբին

Սեպտեմբեր 07,2002 00:00

Եթե չտպեք, կդիմեմ Քոչարյանի նախընտրական շտաբին «Առավոտի» ընթերցողները ոչ միայն ամեն օր այցելում ու զանգահարում են խմբագրություն, այլեւ գրում են նամակներ՝ կիսելով իրենց դարդուցավը լրագրողների հետ։ Միայն օգոստոսին խմբագրությունը ստացել է 125 նամակ, որից 65-ն առնչվում է զուտ իրավական ոլորտին։ Քաղաքացիները վառված են դատախազներից, քննիչներից, դատավորներից, անգամ՝ իրենց փաստաբաններից։ 20-ն արձագանք է այս կամ այն հրապարակման, որտեղ «դուխ» են տալիս «Առավոտին», խմբագրին, տեղակալին, «վաժնի» վարիչներին։ Մենք ունենք նաեւ սպառնալիք-նամակներ (8 հատ), որտեղ քաղաքացին սպառնում է մասնավորապես, իր մտքի գոհարները չտպելու դեպքում՝ «ստիպված լինելու նորից դիմել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբին արդեն 2003 թ. փետրվարին»։ 10 նամակ վերաբերում էր քաղաքապետարանի առանձին բաժինների գործունեությանը, նրա որոշումների օրինականությանն ու քաղաքապետի «ընդունելության» օրերին։ «Ա. Ս.-ն հագուրդ չի ստացել Ֆիրդուսի փողոցում իրականացվող ապօրինություններից»,- գրում է քաղաքացի Ա. Սաֆարյանը՝ պատմելով այն մասին, որ չի կարողանում օգտագործել իր հողամասը Ֆիրդուսի քաղաքի, ներողություն, շուկայի ապօրինի շարժական կրպակների պատճառով։ Քաղաքացին գրում է նաեւ, որ «Երեք կրպակների առկայության պատճառով փաստացի չի օգտագործում իր հողամասը՝ ըստ դիրքի եւ նշանակության»։ Ի դեպ, դիրքի եւ նշանակության մասին։ Բարձրագույն կրթությամբ, 77 տարեկան միայնակ, Հայրենական Մեծ պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ Բաբկեն Բարեղամյանը 552 նամակ միայն Ռոբերտ Քոչարյանին է ուղարկել, միայն 20 նամակ՝ «Առավոտին»։ Այս մարդն էլ դժգոհում է Կոտայքի մարզի դատարանի նախագահից, որը չի գործում «ըստ դիրքի եւ նշանակության»։ Նա պետք է ստանա 0,84 հա վարելահող, բայց դրա փոխարեն ստացել է արոտ, «որն անշարժ գույքի կադաստրում գրանցված է որպես խոտհարք, արդյունքում՝ 0,84 հա վարելահողը պետական գրանցում չի անցել»։ Քաղաքացին այնքան է բորբոքվում, որ հետեւյալ եզրահանգման է գալիս. «Մեր մոլորակն ունի մեկ արեգակ, իսկ Լեռնանիստ գյուղն ունի մեկ նախագահ՝ Ա. Արշակյան»։ Քաղաքացի Ա. Սիմոնյանն էլ՝ դժգոհելով տեղական ինքնակառավարման մարմիններից, հայտնում է մեզ. «Դիմումներս մնացել են առանց քննարկման, առանց հանձնարարականի եւ առանց հսկողական թաղապետի, որի վրա բողոքարկում եմ»։ Մեկ շնորհակալական նամակ հայտնաբերվեց-պեղվեց 125 նամակների մեջ. «Համենայնդեպս շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատողներից, որ կոյուղիս բացել տվեցին եւ ինձ փրկեցին 100 դոլարից ավելի նյութական վնասից»։ Մեկ նամակ էլ ստացել էինք կալանավայրից. «Առողջությունս լավ է, համբերության պաշարները սպառված չեն, շոգը չի նեղում»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել