Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՐՁԱՆՆԵՐԸ ՎԱՅՐ ԳՑՎՈՒՄ

Սեպտեմբեր 07,2002 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՐՁԱՆՆԵՐԸ ՎԱՅՐ ԳՑՎՈՒՄ Օգոստոսի վերջին աղմուկ բարձրացավ, թե Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Գյումրի կատարած այցի օրերին Գյումրիի Անկախության հրապարակում տեղադրված «Հայուհի» արձանի լուսապսակը մի խումբ մարդիկ գողացել են։ Գյումրեցիները պատմեցին, որ Գյումրիի ներկա քաղաքապետը ժամանակին որոշել էր քրիստոնեությանը նվիրված մի արձան պատվիրել, որը պատրաստեց քանդակագործ Արտուշ Պապոյանը։ Ասում են, այս արձանի շուրջ հակասական վերաբերմունք է եղել շատերի կողմից, երբ արձանի հեղինակը մի օր այն որոշեց անվանել «Աստվածամայր»։ Այդ հակասությունների արդյունքում արձանագործն այն վերանվանեց «Հայուհի»։ Նկատենք, որ քրիստոնեությանը նվիրված արձան պատվիրողն ու կառուցողը նախկին «Աստվածամորը» եւ ներկա «Հայուհուն» տեղադրել են Սովետական Հայաստանի շրջանից այդ հրապարակում գտնվող Լենինի արձանի պատվանդանի վրա։ Լենինի արձանը, ինչպես գիտեք, հրապարակից հեռացվել էր տարիներ առաջ։ Այսօր ամեն մեկը յուրովի է փորձում դրախտ ընկնելու համար Աստծո խաթրն առնել՝ մեկը եկեղեցի է կառուցում, մյուսը՝ հուշարձան, մեկ ուրիշը՝ տոնակատարություններ է նշում։ Գյումրիի քաղաքապետն ու արձանագործն էլ՝ իրենց ձեւով։ Ի՞նչ կարիք կա իմանալ կամ հասկանալ՝ ի՞նչ է քրիստոնեությունը, ի՞նչ է ճշմարիտ հավատքը, ի՞նչ է Սուրբ գիրքը, ի՞նչ է Առաքելական եկեղեցին կամ կաթոլիկ եկեղեցին, ինչ խորհրդանիշներ կան եւ կամ որոնք ինչ խորհուրդ ունեն… Լենինի արձանի պատվանդանին կտեղադրեն մի կնոջ քանդակ, որին կուզեն՝ կկոչեն «Աստվածամայր», կդիմադրեն՝ կփոխեն անունը «Հայուհի», գլխին՝ լուսապսակ, ձեռքին՝ խաչ։ Ի՞նչ կա որ։ Գյումրեցիները պատմում էին, որ իբրեւ թե Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնական կարգադրությամբ է այդ լուսապսակն անջատվել արձանից, քանզի այն կաթոլիկական բովանդակություն ունի, իսկ եթե պարզապես «Հայուհի» է, ուրեմն լուսապսակ տեղադրելն անընդունելի է եւ սրբապիղծ։ Արձանի հեղինակը վրդովվել է փաստից եւ այն գնահատել իբրեւ հեղինակային իրավունքի խախտում։ Ոչ ոք, բնականաբար, չի արդարացնում լուսապսակը՝ հանկարծակի, առանց հեղինակին տեղյակ պահելու կտրել-հանելը։ Այս անհեթեթ աղմուկը ի սկզբանե չէր լինի, եթե մշակութային առանձնակի արժեք չհանդիսացող, պարզունակ այդ արձանը հրապարակում տեղադրելուց առաջ ի վերջո ճշտվեր՝ ո՞ւմ արձանն է, ի՞նչ է խորհրդանշում (քանի որ Գյումրիի հրապարակում դրա տեղադրումը լուրջ հայտ է) եւ արդյո՞ք ճիշտ է դրա տեղադրումը։ Եվ որ ամեն մի քաղաքապետ կամ այլ պաշտոնյա իրեն իրավունք չվերապահի իրենից մի հետք թողնել (այն էլ՝ անգրագետ) քաղաքի, հանրապետության եւ մարդկանց հաշվին։ Անթույլատրելի է խորհրդանիշներին որեւէ անգրագետ մոտեցում, առավել եւս, երբ այն պետք է տեղադրվի Հայաստանի մեծ քաղաքներից մեկի հրապարակում։ Սա նույնն է, երբ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ Երեւանի Հանրապետության հրապարակում Լենինի արձանի տեղում խաչ տեղադրեցին։ Որեւէ հուշարձան կամ քանդակ իր շուրջ (մշակութային եւ այլն) որոշակի միջավայր է ստեղծում եւ ժամանակի մեջ դառնում խորհրդանիշ, որը հին ու նոր ինֆորմացիաներ է կրում։ Քանդակագործն աղաղակում է, թե իր հեղինակային իրավունքները ոտնահարվել են, բայց արդյո՞ք այդ իրավունքներն ամրագրված էին։ Լենինի արձանի պատվանդանի վրա եւ նույն տեղում «Աստվածամոր» կամ «Հայուհու» արձանին գյումրեցիները չգիտեն ինչպես դիմել կամ ինչպես վերաբերվել։ Կամ ինչո՞վ է հիմնավորված այդ արձանի՝ հրապարակում տեղադրվելը։ Ամեն ինչ չի կարելի տանել հրապարակ ու ստիպել, որպեսզի մարդիկ երկրպագեն, սիրեն, ընդունեն, հարգեն… Գյումրիի քաղաքապետը եւ քանդակագործը քրիստոնեությանը, հավատքին նվիրված իրենց պատկերացրածը կարող են տեղադրել իրենց սեփական տանը, բակում, ներկայացնել ցուցահանդեսի, բայց ոչ թե իրավունք վերապահել արժեքների հետ խաղալ ու քաղաքի կենտրոնում այն կանգնեցնել։ Հրապարակը քաղաքի կենտրոնն է, բնակչության ուրախ կամ տխուր հանդիսությունների հավաքական վայրը։ Եվ այդպիսի պատասխանատու քայլը միանձնյա չպետք է որոշել՝ «Ես ըդպես կուզեմ, ըդպես եմ հասկանում» բացատրությամբ։ Աստվածամոր կերպարի, խաչի, հավատքի, հուշարձանի խորհրդանիշները արժեքներ են, որոնց ամեն ոք իրեն իրավունք չպետք է վերապահի մոտենալ, իր մտավոր հորիզոնով մեկնաբանել եւ արդյունքը իբրեւ բացարձակ արժեք փաթաթել մարդկանց վզին։ Բոլորիս աչքի առջեւ սովետական մեծ առաջնորդ Լենինի (որին տասնյակ տարիներ շարունակ երկրպագում էին) արձանները վայր գցվեցին. չենք զարմանա, եթե մի օր էլ այս արձանը նույն ձեւով հեռացվի։ Եթե Վ. Ի. Լենինը քաղաքական առաջնորդ էր եւ հասարակության ներսում այդ երեւույթը ծանր հետեւանքներ թողեց, ապա ի՞նչ կլինի, եթե մի օր հանկարծ այդ չճշտված՝ «Հայուհո՞ւ», թե՞ «Աստվածամոր», արձանը վայր գցվի… Հոգեւոր խորհրդանիշները հավերժական արժեքներ են, որոնք պետք է պատկեր ու ձեւ ստանան մարդկանց համընդհանուր ներքին բովանդակության արդյունքում, ոչ թե ինչ-որ մեկի անձնական քմահաճույքով։ Քանդվում, վայր են գցվում, ինչպես հայտնի է, կեղծ արժեքները։ Իսկ կեղծ արժեքներով մենք շարունակում ենք շրջապատված լինել ու ավելին՝ դա պարտադրում են։ Աստվածամայրը ամեն իսկական քրիստոնյայի ներսում թաքնված մի արժեք է, որին ոչ ոք չպետք է յուրովի ձեւ տա ու ստիպի իր մտքի զեղումները կիսել։ Վաղը արդեն գուցե ուշ լինի, ինչպես ամեն այսօրը մենք ավարտում ենք «արդեն ուշ է» ամփոփմամբ։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել