ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ԲԱՑԱՌԵՑ ԱԺ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ Օրերս ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ մեր զրույցի ժամանակ վերջինս մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ ԱԺ հնարավոր լուծարման մասին չդադարող խոսակցություններին: Դրա հիմնական փաստարկն այն է, թե խորհրդարանում ներկայացված որոշակի եւ առանձնապես իշխանամետ ուժեր իրենք են դրանում շահագրգիռ՝ մինչեւ նախագահական ընտրություններն ու գործող նախագահին սատարելուց առաջ խորհրդարանում իրենց որոշակի տեղերն ունենալու երաշխիքներ ունենալու նպատակով: Այդ իմաստով մեր երկրում կտրուկ փոփոխությունների սպասումներ, այնուամենայնիվ, կարո՞ղ են լինել: «Դրա մասին խոսում են արդեն առնվազն երկու տարի,- նկատեց պրն Թորոսյանը՝ ավելացնելով,- ի վերջո, ամեն ինչից զատ՝ ԱԺ-ն լուծարելու մասին խոսելուց առաջ պետք է պատասխանել մեկ հարցի՝ ե՞րբ է, որ իսկապես ԱԺ լուծարումը տրամաբանական կլինի: Որեւէ ողջամիտ մարդու համար, ըստ իս, ակնհայտ է, որ դրա համար երկու հիմնական պատճառ կա. երբ ԱԺ-ն չի կարողանում որոշումներ, օրենքներ ընդունել խորհրդարանում ներկայացված ուժերի բաժան-բաժան լինելու պատճառով, եւ, երբ խորհրդարանի եւ կառավարության միջեւ կա խիստ հակադրություն»: Անդրադառնալով հնչող այլ եւ վերոհիշյալ փաստարկներին, ԱԺ փոխխոսնակը կարծիք հայտնեց. «Այդ խոսակցությունները լուրջ չեն, որովհետեւ ԱԺ-ն որեւէ մեկի խաղալիքը կամ հողամասը չէ, որ ինչպես ցանկանա՝ ձեւի՝ այս կամ այն խմբի կամ անձերի ցանկությունները բավարարելու համար: Որեւէ քաղաքական ուժ իրեն կդնի խիստ խոցելի վիճակում, եթե նման քայլի գնա: Իսկ, գոնե առայժմ, ԱԺ-ում խմորումներ առաջացնել հնարավոր չէ: Շատ լավ հայտնի է, որ առավելագույնը երեք եռօրյա է մնացել, որ հնարավոր լինի լուծարել ԱԺ-ն: Համոզված եմ, որ նման բան անելը հնարավոր չէ: Համենայն դեպս, հանրապետականները նման մտադրություններ չունեն: Դա հիվանդ երեւակայության արդյունք է, եւ միայն հիվանդ քաղաքական ուժերը կարող են նման նպատակ ունենալ եւ իրագործել»: Սեփ. լր.