Մեղադրողը չդիմացավ եւ հիվանդացավ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում երեկ պետք է շարունակվեր ինքնուս բանաստեղծ Ջանիկ Ադամյանի եւ Ջեմմա Սահակյանի դեմ հարուցված քրգործը։
Դատական նիստը մեկ ժամ ուշացումով սկսած Գ. Բալյանի տրամադրությունն ակնհայտորեն բարձր էր, եւ չենք կարծում, թե մեղադրող Հմայակ Հակոբյանի թեթեւ մրսածությունը լիներ դրա պատճառը։
Մինչդեռ Ջ. Ադամյանի պաշտպան Հովիկ Արսենյանը Վեդիի դատարան էր ներկայացել գրավոր բացարկով։ Նա բացարկ պիտի հայտներ վերոնշյալ քրգործով նախագահող դատավոր Գ. Բալյանին։ «Սույն քրեական գործով գոյություն չունի հանցակազմ, քանի որ բացակայում է ինչպես հանցագործության օբյեկտը (քանի որ չի հարցաքննված Ռոբերտ Քոչարյանը, եւ հայտնի չէ, թե նա իրեն տուժա՞ծ է համարում, թե՞ ոչ), այնպես էլ օբյեկտիվ կողմը, քանի որ Ջանիկ Ադամյանի ստեղծագործության բովանդակության մեջ զրպարտանք չկա»,- ասվում էր պաշտպանի բացարկում։
«Վարույթն իրականացրած մարմինն «արգելված պտուղն» ուտելով փորձել է իր պատկերացմամբ «օրինականություն» վերականգնել եւ չեղած հանցագործություն բացահայտել»,- ասում էր փաստաբան Հ. Արսենյանը։
«Ամբաստանյալ» Ջեմմա Սահակյանին երեկ սիրով նվիրեցի մեքենագրական մեքենաս։ Նա էլ ոգեւորված հայտնեց, որ հոկտեմբերի 20-ին կայանալիք ավագանու ընտրություններին իր նախընտրական թեզիսները կմեքենագրի դրանով։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ