«ՄԻ ՏԱԳՆԱՊԵՔ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ՐԱՖՖԻԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՏԿԱՌԱՆՔԻՑ ՈՒ ՍԻՐՈՒՑ» Առաջիկա ընտրություններում մասնակցելու իր վճռակամությունն է հայտնել նաեւ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Կկարողանա՞ արդյոք պահպանել Րաֆֆի Հովհաննիսյանն իր բարի համբավը՝ անգամ անցնելով ընտրարշավի թոհ ու բոհով: Ինչպիսի՞ն են ընտրարշավ մուտք գործած գործչի առաջին ձեռքբերումները եւ դժվարությունները: Այս հարցին պատասխան ստանալու համար «Նոյյան Տապանի» թղթակիցը դիմեց Ր. Հովհաննիսյանի հիմնադրած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աշոտ Աղաբաբյանին: – Արդեն մոտ 5 ամիս է, ինչ Հայաստանի առաջին արտգործնախարար, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր համախոհների հետ ակտիվ մասնակցություն կունենա երկրի հասարակական-քաղաքական կյանքին, իսկ ավելի ուշ՝ որ ինքն անպայման մասնակցելու է առաջիկա բոլոր ընտրություններին: Ի՞նչ է արվել այս ուղղությամբ, եւ չի՞ հանդիպում արդյոք Րաֆֆի Հովհաննիսյան-քաղաքական գործիչը հակազդեցության՝ որեւէ քաղաքական ուժի կամ իշխանության կողմից: – Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրարշավ չի սկսել, իսկ իշխանական վերնախավի որոշ օղակներ, նրա հնարավոր մասնակցությունն աչքի առաջ ունենալով, նախահարձակ են լինում: Ու տպավորություն է ստեղծվում, թե Հովհաննիսյանն ընտրարշավ է սկսել: Պարզապես նրա հիմնադրած Քաղաքացիական ազգային նախաձեռնությունն ակտիվորեն կլոր սեղաններ, սեմինարներ է կազմակերպում, իր ենթահանձնաժողովներում օրենսդրական նախագծեր է մշակում: Րաֆֆին մշտապես հանդիպումներ է ունենում ե՛ւ ընդդիմադիր կուսակցությունների, ե՛ւ հայտնի այլ հասարակական-քաղաքական գործիչների, ինչպես նաեւ՝ հայազգի մտավորականների, օտարերկրյա դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Իսկ կոնկրետ ընտրարշավ սկսելիս մենք բոլորին տեղյակ կպահենք: Իմ կարծիքով Րաֆֆին իր թեկնածությունը կդնի այն դեպքում, երբ համոզվի, որ այդ քայլն անհրաժեշտ է երկրի ու ժողովրդի ընդհանուր շահերին, եւ միանշանակ չի դնի, երբ զգա, որ դրանով ինչ-որ ուժերի ջրաղացին ջուր է լցնելու, բայց այդ դեպքում եւս եղած հնարավորություններով իր մասնակցությունը կբերի ընտրություններին: Ինչ վերաբերում է հակազդեցությանը, ապա հնարավոր չէ չնկատել, որ Րաֆֆիի գործունեությունը կարծես չափից ավելի է անհանգստացնում «վերեւներին»: Վերջերս որոշ իշխանամետ ԶԼՄ-ներում Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ ընդգծված «արշավանք» է սկսվել: Վերջիններս ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի անբիծ կենսագրության եւ պետական քաղաքական գործունեության մեջ ինչ-որ բծեր հայթայթելու անարդյունք պրպտումների մեջ են: Սկզբում մեռելածին հորինվածքներով փորձեցին վարկաբեկել Րաֆֆի Հովհաննիսյանի հորը՝ հայ ժողովրդի ու Հայկական հարցի նվիրյալ Ռիչարդ Հովհաննիսյանին: Անհաջողության մատնվելով, նրանք իրենց նետի ուղղությունը փոխեցին դեպի Րաֆֆի Հովհաննիսյանը: – Այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանին հենց այս իշխանությունների օրոք տրվեց քաղաքացիություն. մի բան, որին վերջինս ոչ մի կերպ չէր կարողանում հասնել 10 տարուց ավելի: – Այո, բոլորը գիտեն, որ ավելի քան տասը տարի երկրի երկու նախագահների ձեռքերը չէին գնում ստորագրելու Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքացիություն տալու հրամանագիրը: Հայաստանի Հանրապետության հռչակման առաջին օրվանից Րաֆֆին բազմիցս գրավոր դիմել է, բայց մի դեպքում՝ օրենքի բացակայության պատրվակով, մյուս դեպքում՝ անպատրվակ, իսկ երկու դեպքում էլ՝ օրենքի խախտմամբ մինչեւ 2001թ. քաղաքացիություն չստացավ: Պատճառը հայտնի է բոլորին: Իսկ այսօր արդեն իշխանամետ թերթերից մեկում գրվում է. «Նախագահի ձեռքից քաղաքացիություն ստանալով, անկախ Հայաստանի ԱԳՆ առաջին ղեկավարը չի թաքցնում հեռուն գնացող իր քաղաքական ամբիցիաները»: Այսինքն, ինչպե՞ս կարելի է նախագահի «ձեռքից» քաղաքացիություն ստանալ ու մտնել նրա «կալվածքը»: Սա ստրուկի հոգեբանություն է եւ բոլորովին անընդունելի է: – Պարոն Աղաբաբյան, քանի դեռ անդրադարձել ենք մամուլում Րաֆֆի Հովհաննիսյանի մասին տպագրվող նյութերին, ապա կցանկանայի ստանալ մեկնաբանություն եւս մեկի մասին: Այսպես, համաձայն մի հրապարակման, «ԱԳՆ-ում բոլորը գիտեն, որ հեռանալով նախարարությունից, նրանք (նկատի ունեն նաեւ Ժիրայր Լիպարիտյանին) իրենց հետ տարան ոչ միայն համակարգիչներ, այլեւ ողջ արխիվը՝ գաղտնիություն պարունակող նյութերով հանդերձ»: Ի՞նչ կասեք այս մասին: – Դա ակնհայտ սուտ է եւ անբարոյականություն է Րաֆֆի Հովհաննիսյանին նման բանում կասկածելը: Ես, գիտենալով հանդերձ, որ Րաֆֆին երբեք չի սիրում խոսել իր արածների մասին, ստիպված եմ պատասխանել. ԱԳՆ-ում բոլորը գիտեն, որ նորանկախ երկրի դիվանագիտական ու արտգործնախարարության գործունեության համար բյուջեում միջոցներ չէր նախատեսված, եւ առաջին վեց ամիսներին նախարարությունը ձեւավորվեց ու գործեց անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր ընտանիքի խնայողությունների հաշվին: Իսկ վեց ամիս անց նրա ջանքերով բացվեց ու համալրվեց դիվանագիտական գործունեության համար նախատեսված հիմնադրամը: Գնացեք եւ ստուգեք: Չի կարելի կույր ձեւանալ: Ճիշտ է, հիշյալ թերթում հերքվեց մեղադրանքը, բայց դա արդեն կարեւոր չէ: – Ի՞նչն է, Ձեր կարծիքով, նման խեղաթյուրումների դրդապատճառը: – Առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի անբիծ հեղինակության վարկաբեկման ցանկությունը: Ես «վերեւներին» խորհուրդ կտամ նման դեպքերում չտագնապել մեր ժողովրդի առ Րաֆֆին ունեցած պատկառանքից ու սիրուց: Դուք էլ փորձեք արժանանալ այդ պարգեւին: Իմանալով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր համախոհների (այդ կապակցությամբ՝ նաեւ իշխանությունների) հետագա անելիքը, պատկերացնում եմ առաջիկայում իշխանամետ մամուլում միգուցե տպագրվելիք, բայցեւ բոլորի համար թափանցիկ աղբյուր ու նպատակ ունեցող «մեղադրանքների» ու հերյուրանքների տարափը: Դիմում եմ բոլոր կամեցողներին ու չկամներին. եթե ասելիք ունեք, այն ծանրակշիռ դարձրեք փաստերով: Մենք այստեղ ենք, մենք կօգնենք ձեզ այդ հարցում: Պարզ ու շիտակ: Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք չի գործել կուլիսների ետեւում եւ երբեւէ չի մասնակցել իշխանական-պալատական խարդավանքներին: Նա միշտ գործել է բաց ու հրապարակային, քանզի ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի: