Հասարակությունը պետք է գործոն դառնա Ըստ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի՝ առանց դրա քաղաքական որեւէ խնդիր լուծելը դժվար է Քանի դեռ ՀՀ ԱԺ-ն իր աշնանային նստաշրջանի առաջին եռօրյան չի գումարել, հարցադրումներ են հնչելու այդ եռօրյայի ընթացքում մասնավորապես ընդդիմադիր պատգամավորների կեցվածքի ու գործողությունների մասին, որոնք, անշուշտ, կապված են նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցի քննարկման հետ: Մի առիթով մեր մի զրույցի ժամանակ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծիք էր հայտնել, որ եթե ընդդիմությունն, այնուամենայնիվ, որոշի այդ օրը կրկին «զավթել» ԱԺ ամբիոնն ու ստիպել Աժ ղեկավարությանն ու մեծամասնությանը օրակարգում ներառել Ռ.Քոչարյանի իմփիչմենթի հարցը, նա պարտադրված է լինելու ԱԺ պատերից դուրս՝ փողոցում, ունենալ նվազագույնը 20-25 հազար մարդ: Հակառակ դեպքում՝ ըստ նրա, ընդդիմության որեւէ գործողություն ապարդյուն կլինի: «Այդ հարցադրման մեջ մեծ ռեզոն եւ իմաստ կա: Դա ես կարող եմ փաստարկել կոնկրետ օրինակով եւ անցյալի նախադեպերով: Երբ ԱԺ անցյալ նստաշրջանի վերջին եռօրյայում ընդդիմությունը գրավեց ամբիոնը, վստահ եւ համոզված եմ, որ եթե խորհրդարանից դուրս հինգ հազար մարդ լիներ՝ ընդդիմության գործողություններն անպայման ավելի լուրջ հետեւանքներ կունենային: Բայց այդ ընթացքում ընդդիմությունը չկարողացավ ապահովել նաեւ հասարակության աջակցությունը ԱԺ-ից դուրս: Պատգամավորները սովորական մարդիկ են եւ, հավատացած եղեք, եթե այդ եռօրյայի ընթացքում դրսում մի քանի հազար մարդ լիներ՝ դա անպայման կազդեր ցանկացած օրենսդիրի հոգեբանության եւ վարքի վրա: Այլ է, երբ պատգամավորը դուրս է գալիս եւ տեսնում ԱԺ-ում իր դիրքորոշումը գնահատող հասարակության թեկուզ 5 հազարանոց բանակի վերաբերմունքը, այլ է, երբ նա տեսնում է, որ դրսում մի 50 հոգի է կանգնած: Այդ դեպքում՝ նա պարզապես հանգիստ անցնում-գնում է: Ես այն կարծիքին եմ, որ եթե ընդդիմությանը հաջողվի ներքաղաքական գործընթացներին մասնակից եւ գործոն դարձնել նաեւ հասարակությանը, եւ վերջինս, իրոք, դրան որոշի մասնակցել, ինչպես եղել է 88-ին, 90-91 թվականների, նաեւ 99-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այս երկրում ինչ-որ բան կսկսի փոխվել, եւ ընդդիմությունն էլ ավելի լուրջ գործոն կդառնա երկրի կառավարման ու պետության կայացման համատեքստում: Ընդ որում, մասնակցել ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական հարցերի լուծման հարցում հասարակության վճռականության դրսեւորումը»,- կարծիք հայտնեց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս այդ իմաստով հիշեցրեց նաեւ 91-ի նախագահական ընտրությունները, որի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր ընտրողների ավելի քան 80 տոկոս ձայները: «Ցավոք, հասարակության այդ էներգիան ու նրա հաշվին կուտակած քաղաքական կապիտալն այն ժամանակվա իշխանությունները չկարողացան օգտագործել: Գուցե դա նաեւ պետական կառավարման փորձի պակասից էր»: Վ.Դալլաքյանը միայն մասամբ էր համաձայն այն տեսակետին, որ հասարակությունը որոշակի ազդեցություն ունեցավ նաեւ 96-ի ընտրությունների ժամանակ: «Այսօր ներքաղաքական իրավիճակն, ինչ-որ իմաստով, նման է 96-ին: Ես, իհարկե, չեմ ցանկանա, որ կրկնվեն 96-ին տեղի ունեցած բռնութուններն ու կոշտ առճակատումները, որ մենք այդ ճանապարհով գնանք: Պետք է հասկանալ, որ որեւէ ազդեցություն անպայման հակազդեցություն է առաջացնում, բայց ես ինքս չեմ ուզում ապրել այն երկրում, որտեղ սրճարանում հնարավոր է մարդ սպանել եւ հետո մարդասպանի ավտոմեքենան պայթեցնել: Իմ կարծիքով՝ ընդդիմության հաջողությունների գրավականը հասարակությանը քաղաքական գործընթացներում ակտիվ մասնակից եւ գործոն դարձնելն է»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ