Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲԱՑՎԻ ՉՈՐՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ

Սեպտեմբեր 07,2002 00:00

ԿԲԱՑՎԻ ՉՈՐՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ Ո՛չ ՀՀՇ, ո՛չ 16 ընդդիմադիր կուսակցություններ, ո՛չ իշխանություն. նրանցից որեւէ մեկի կողքին իրենց չի տեսնում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: -Ընտրություններին ընդառաջ սկսվել է տարբեր բեւեռներում քաղաքական ուժերի համախմբման գործընթացը. ստեղծվեց 16-ի միավորումը, վաղ թե ուշ՝ կձեւավորվի նաեւ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող ուժերի դաշինքը, հաստատ կմիավորվեն նաեւ ՀՀՇ-ին հարող ուժերը: «Ժողովրդավարական Հայրենիքը» թերեւս լինի այս երրո՞րդ խմբում, քանզի ժամանակին նույնիսկ հավանական էր համարվում, թե դարձյալ կտարրալուծվեք ՀՀՇ-ի մեջ: – Բացառվա՛ծ է տարրալուծումը: Հինգ տարում մեր անցած ուղին վկայում է, որ կարող ենք ինքնուրույն անցնել մեր ճանապարհը: Իսկ համագործակցության առումով բացարձակապես խնդիր չունենք՝ ոչ միայն ՀՀՇ-ի, այլ նաեւ 16-ի եւ ցանկացած այլ ուժի հետ: Իհարկե, խոսքս կուսակցությունների մասին է, քանի որ, ասենք, 16-ի մեջ կան մեծ թվով անձ-կուսակցություններ, որոնք ոչ հասարակությանն են հայտնի, ոչ էլ քաղաքական ուժերին: – Օրինա՞կ: – Մի երկու ամիս առաջ առիթ ունեցել եմ այդ անունները տալու: Հիմա չեմ ուզում կրկնել նորից: Դեռեւս փետրվարին է «Ժողովրդավարական Հայրենիքը» ձեւավորել նախընտրական շտաբ: Բավական մարզերում աշխատում ենք: Եվ կարող է ձեւավորվել չորրորդ բեւեռը: – Ովքե՞ր են համախմբվելու այդ բեւեռում: – Չենք ցանկանում դեռեւս բացահայտել մեր բոլոր քայլերը, թե որ ուժերի հետ եւ ինչ ձեւով ենք մասնակցելու ընտրություններին: Բայց չորրորդ բեւեռը բացառված չէ: Նշեմ, որ 16-ի միավորման ձեւավորումը դրական գործընթաց է: Սակայն լուրջ կասկածներ ունեմ դրա արդյունքների վերաբերյալ: – Եղան հրապարակումներ, որ ցանկություն էր եղել «Ժողովրդավարական Հայրենիքը» եւս ընդգրկել 16-ի շրջանակներում, բայց այդ փորձն արժանացել էր միավորման որոշ կուսակցությունների հակազդեցությանը, թե վարկաբեկված ուժ է եւ այլն: Այնուամենայնիվ, Ձեզ արվե՞լ էր առաջարկ: – Նախ՝ վարկաբեկվածության մասին. ես ուզում եմ հասկանալ՝ մենք 1998-ից առաջադրել ենք այն խնդիրները, որոնք այսօր փորձում են լուծել այս 16-ը: Պահանջում են իշխանափոխություն, մատնանշում են տարվող քաղաքականության թերությունները եւ այլն: Եվ մենք ուրախ ենք, որ մեր սկսած գործը կարողանում է շարունակել16-ը: Դրա համար էլ համագործակցության որեւէ խնդիր չունենք՝ նույն գործն ենք կատարում: Բայց մենք այդ խնդիրները տեսնում էինք նաեւ մինչեւ 2000 թվականը, երբ այս 16-ից շատերը կանգնած էին Ռոբերտ Քոչարյանի կողքին (մի հարցազրույցում պրն Մակեյանը Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանի մասին ասել էր, թե վստահ չէ, որ նա այժմ էլ նախագահի խորհրդականը չէ.- Ա.Ի.): Ուրեմն, մեզնից ո՞վ է վարկաբեկվածը: Թող հասարակությունը տա այդ հարցի պատասխանը: 16-ը մեզ պաշտոնապես չեն դիմել: Մեր կուսակցության մեջ բավական տարակարծություններ կան 16-ի վերաբերյալ: Բայց առայժմ չենք քննարկել միավորման մեջ մտնելու կամ չմտնելու հարցը, քանի դեռ չկա պաշտոնական դիմում: – Այնուամենայնիվ փորձենք մանրամասներ պարզել այդ չորրորդ բեւեռի վերաբերյալ: Քանի՞ կուսակցություն կլինի, ի՞նչ ուղղվածության: – Մենք չորրորդ բեւեռը կարեւորում ենք ոչ միայն կուսակցությունների թվաքանակի առումով: Կան քաղաքական դեմքեր, որոնք այսօր չեն ցանկանում ոչ միայն 16-ի մեջ երեւալ, այլ՝ նաեւ ՀՀՇ-ի: Բնականաբար, նրանք դիրքորոշմամբ ընդդիմություն են, ուստի բացառված է նաեւ այդ թեւում նրանց ներգրավվելը: Այդ գործիչները կարող են հայտնվել չորրորդ բեւեռում, իսկ նման մարդիկ բավական շատ են: Սրանք աջ, կենտրոնամետ դաշտում գտնվող ուժեր են, որոնք կմասնակցեն ե՛ւ տեղական ինքնակառավարման, ե՛ւ նախագահական, ե՛ւ ԱԺ ընտրություններին: – Դուք որոշե՞լ եք արդեն նախագահական ընտրություններում Ձեր նախընտրելի թեկնածուին: – Մենք առաջիկայում՝ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, կհրավիրենք արտահերթ համագումար: Մինչ այդ կլինեն բավական հստակեցումներ: Եթե ամբողջ ընդդիմությունը գա ընդհանուր հայտարարի՝ միասնական թեկնածուի վերաբերյալ, մենք չենք խոչընդոտի այդ գործընթացին, քանի որ դա մեր սկզբունքն է. արդեն 4 տարի խոսում ենք միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու մասին: Բայց եթե ընդդիմությունը միասնական թեկնածուի խնդրում ունեցավ տարակարծություններ, չորրորդ բեւեռն անպայման հանդես կգա սեփական թեկնածուով: Թեեւ բացառված չէ, որ ընդդիմության միասնական թեկնածուն լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը: – Փորձենք նաեւ պարզել, թե ինչու է բացառված ՀՀՇ-ի հետ ԺՀ վերամիավորումը: Ձեր կուսակցության առանցքը կազմում է ժամանակին Մաշտոցի ՀՀՇ կառույցը, որը լուծարվեց: Կարելի է ասել, որ սա ՀՀՇ վարչությունը ղեկավարելու համար Վանո Սիրադեղյանի եւ Էդվարդ Եգորյանի մրցակցության հետեւանքն էր: Հիմա ՀՀՇ-ն ղեկավարում է այլ գործիչ, իրավիճակը փոխվել է: Եթե ոչ անձնական հավակնությունները՝ ի՞նչն է Ձեզ խանգարում վերադառնալ ՀՀՇ: Չէ՞ որ ակնհայտ է, որ փոքրաքանակ կուսակցությունները չեն կարող ունենալ զգալի ազդեցություն: – Նախ, միայն Մաշտոցի ՀՀՇ-ն չի եղել. 1997-ի տարանջատման ժամանակ ուղիղ 1/3-ը՝ ՀՀՇ 9-րդ համագումարի 540 պատվիրակներից 164-ը բաց քվեարկել են Եգորյանի թեւի հարցադրման օգտին: Այն է՝ ՀՀՇ նախագահը պետք է ընտրվի համագումարի կողմից: Մաշտոցից, կարծեմ, միայն 22 պատվիրակներ էին: Սա նշանակում է, որ ՀՀՇ որոշ ընկերներ կեղծիք են թույլ տալիս, երբ փորձում են շահարկել Մաշտոցի կառույցի հանգամանքը: Եվ հետո, անցած 5 տարում ԺՀ տարածքային կազմակերպություններն օրեցօր, անընդհատ աճել են: Ուստի, երբ միանալու խնդիր է առաջադրվում՝ ես ուզում եմ հակառակ հարցադրումն անել. իսկ ինչո՞ւ ՀՀՇ-ն չի մտածում «Ժողովրդավարական Հայրենիքի» մեջ մտնելու մասին: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել