Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻԴ-ը՝ հեչ, ալերգիան՝ մեջ

Սեպտեմբեր 06,2002 00:00

ՍՊԻԴ-ը՝ հեչ, ալերգիան՝ մեջ «Այսօր Հայաստան են ներկրվում գենետիկորեն փոխված տանձ, խնձոր, սերմացու (շարքն անվերջանալի է) եւ դա կարող է աղետալի հետեւանք ունենալ բնակչության առողջության վրա»,- երեկ «գումարված» կլոր սեղանի շուրջ գուժեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Նրա կարծիքով, «մուտանտ» սննդամթերքը կառաջացնի ալերգիա, իսկ «քաղցկեղը կբուժվի, սպիդը կբուժվի, ամեն ինչ կբուժվի, բայց ալերգիայի դեմն առնելու համար ոչինչ չենք կարող անել, ընկերներ»։ Ավելին, վերջերս տիկին Մելիտան եղել է Հռոմում եւ պարզել, որ «բոլորն այնտեղ միաբերան լացում էին այդ գենետիկ ինժեներիայից ազատվելու համար»։ Ինչպես երեւում է, ալերգիան, այն էլ արցունքաբեր, իր հաղթարշավն արդեն սկսել է եւ խեղճ «հռոմեացիք» ոչինչ չեն կարողանում անել դրա դեմն առնելու համար, լացելուց բացի։ «Ինչեւէ, եկեք այսօր մոռանանք մեր պաշտոնների մասին եւ մտածենք, թե ինչ ենք ուզում եւ ուր ենք գնում,- ասաց տիկին Մելիտան եւ նույն «երկաթյա տրամաբանությամբ» էլ շարունակեց,- եկեք չխանգարենք մեր պետությանը, որովհետեւ վերին ատյաններում նստած, նրանք չգիտեն, թե ինչ է կատարվում ստորին ատյաններում»։ Այս ելույթը զարգանալով դարձավ գործող նախագահի գովք։ Իսկ վերջում վերջապես հիշելով, թե ինչի համար ենք հավաքվել, նա կարճ ներկայացրեց օրվա քննարկման թեման։ Եվ այսպես, երեք հասարակական կազմակերպությունների ուժերով՝ Սպառողների ազգային ասոցիացիա, Սպառողների շահերի պաշտպանության միություն, Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության միություն, կազմվել էր հիվանդի իրավունքների պաշտպանության մասին օրենքի նախագիծ։ Այն ներկայացվել է ԱԺ եւ կառավարության համապատասխան օղակներին, իսկ բնակչությունը՝ շուրջ 3000 մարդ լրացրել է հարցաթերթիկ՝ «Ուզո՞ւմ եք նման օրենք» հարցով։ Այսպիսի օրենք, այն էլ ԱՊՀ տարածքում առաջինը, ո՞վ չի ուզի ունենալ։ Հատկապես, եթե ծանոթանանք անվճար բուժօգնության իրավունք ունեցող երկարաշունչ ցանկին, ապա ուզելն այն բառը չէ։ Երազել կարելի է։ Այսպիսով, դժվար գործն արված է՝ միջազգային դրամաշնորհը մարդիկ ստացել են, «վարդագույն» օրենքն էլ գրել են։ Մնում է «մանրուք» մասը՝ օրենքի կիրառումը էս անօրեն ու «քյասիբ» երկրում։ Բայց օրենք գրողներն այդ առումով լավատես են, որովհետեւ «քաղաքում փողոցներ են սարքվում, կոյուղին, ջրագիծը, ուրեմն սառույցը շարժվել է»։ Իսկ որ ԱՊՀ տարածքում մենք առաջինն ենք ունենում նման օրենք, ապա դա հայի «գեշ խասյաթ չէ՝ միշտ առաջինը լինել, այլ մենք ուզում ենք մեր ազգը շուտ առողջանա, թե չէ ո՞ւմ է պետք ինվալիդ ազգ, մենք պիտի առողջ լինենք, որ մեր պետությունն առողջանա»,- իր ցնցող մտքերի շարքը շարունակեց Մելիտա Հակոբյանը։ Նրա տրամաբանությամբ, երեւի «պետության առողջացմանը» մեծ վնաս հասցրած կլինենք, եթե հուշենք, որ առանց այս օրենքի էլ հարեւան Ռուսաստանում քաղաքացին, անկախ խավից, ունեցվածքից, լիովին օգտվում է Սահմանադրությամբ իրեն տրված առողջության պահպանման իրավունքից, ալերգիա չստանալու իրավունքն էլ հետը։ Էդ սահմանադրությունից ու օրենքից մենք էլ ունենք։ Դեռ եղածը «հորով-մորով» արեք, հետո անցնենք նոր օրենքի։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել