Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՍՏԱԿԱԾ ՑՄԱՀ ԹՈՇԱԿ՝ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 06,2002 00:00

ՎԱՍՏԱԿԱԾ ՑՄԱՀ ԹՈՇԱԿ՝ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ Սրանից մոտ երկու տարի առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ որոշվեց մեր օլիմպիական չեմպիոնների համար ցմահ սահմանել հատուկ կրթաթոշակ՝ յուրաքանչյուրին ամսական 100 հազար դրամ։ Եվ առայսօր այդ որոշումն իրագործվում է ճշտապահորեն։ Երեկ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել էր տարբեր տարիներին օլիմպիական մարզաձեւերից աշխարհի չեմպիոնի կոչում նվաճած մարզիկներին՝ անկախ այն բանից՝ նրանք հրաժեշտ են տվել մեծ սպորտին, թե շարունակում են մնալ որպես գործող մարզիկներ։ Ու այդ հրավերքը մի յուրօրինակ հաճելի անակնկալ էր վերջինների համար։ Դիմելով սպորտի մեր հերոսներին՝ Ի. Զաքարյանը հայտարարեց, որ շարունակվում է հայկական սպորտի երախտավորների կատարած ու շարունակվող աշխատանքի գնահատումը՝ եղած հնարավորությունների սահմաններում։ Ու դա արտահայտվում է այսուհետ նրանց նույնպես ցմահ ամսական 55 հազար դրամ թոշակի նշանակումով։ Այս ամսվանից սկսած այդ աջակցությունն ամեն ամիս զգալու են հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանը, ըմբիշներ Նորայր Մուշեղյանը, Վաղինակ Գալստյանը, Աղասի Մանուկյանը, բռնցքամարտիկներ Նշան Մունչյանը, Իսրայել Հակոբկոխյանը։ Հանձնելով առաջին թոշակները՝ Ի. Զաքարյանը մեր չեմպիոններին մաղթեց առողջություն եւ ցանկացավ, որ նրանք այսուհետ էլ իրենց փորձն ու իմացությունները փոխանցեն սերունդներին, նրանց համար դառնան ընդօրինակման օբյեկտ։ «Ճիշտ է, այս գումարը ձեր թափած քրտինքի ու հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի լիարժեք գնահատումը չէ։ Օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն պատահական չեն դառնում։ Դրա համար երկար ու ձիգ տարիների ամենօրյա տքնաջան չարչարանք է պահանջվում։ Ու նույնիսկ այս դեպքում էլ միայն հատ ու կենտ մարդկանց է հաջողվում նվաճել այդպիսի բարձունքներ։ Մի ամբողջ դար պտտվեց, որպեսզի Հայաստանն ունենար օլիմպիական խաղերի ընդամենը 13 չեմպիոն։ Մի դար անցավ, ու մենք այնքան էլ մեծ թվով աշխարհի չեմպիոններ չտվեցինք։ Եղավ մի ժամանակահատված, երբ մեր չեմպիոնների մի զգալի հատվածը վճռեց ապրել ու աշխատել Հայաստանից դուրս։ Բայց այսօր, փառք Աստծո, հակառակ գործընթացն է սկսվել,- ասաց նա։- Բոլորիդ մեկ անգամ եւս շնորհավորում եմ ու հայտնում բոլորիս շնորհակալությունը»։ Այնուհետեւ, ՀԱՕԿ-ի նախագահը գրեթե հավաստիացնելու նման հույս հայտնեց, որ մարզական բարձունքներ նվաճած մեր մարզիկների գնահատման գործընթացը շարունակվելու է։ Հիմա հերթն արդեն Եվրոպայի չեմպիոններինն է, որոնց հետ նույնպիսի առիթով հանդիպում կլինի շատ շուտով։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել