Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստուգում՝ քննությունից հետո

Սեպտեմբեր 06,2002 00:00

Ստուգում՝ քննությունից հետո Չնայած նոր ուսումնական տարին արդեն մեկ շաբաթ է՝ սկսվել է, բայց դեռ ոչ բոլոր դիմորդներն են հստակեցրել իրենց կարգավիճակը: Նախ դեռ հայտնի չէ, թե վճարովի համակարգ անցած դիմորդների որ տոկոսն է վճարունակ, քննարկման փուլում է, թե որ ֆակուլտետներում է գործելու կիսավճարային համակարգը, սակայն նախնական տվյալներով այն կվերաբերի այն դեպքերին, երբ միեւնույն միավորի դեպքում կեսն անցնում է պետպատվերով, կեսը՝ ոչ, կախված նրանից, թե ում մասնագիտական առարկայի միավորն է բարձր: Այս տարի նման դեպքերը հիմնականում հանդիպում են ռոմանագերմանական ֆակուլտետում, եւ այստեղ միեւնույն միավորի դեպքում առաջնությունը տրվում է օտար լեզվի բանավորից բարձր ստացածներին: Ստուգման փուլում են դեռեւս հաշմանդամ դիմորդների ցուցակները: Ըստ օրենքի, քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են 1-ին եւ 2-րդ խմբերի եւ մինչեւ 16 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ: Հաշմանդամ դիմորդը գործերը հանձնելիս վերոնշյալ երաշխավորագիրը ներկայացնում է, սակայն նա ունի որոշակի կարգ, բայց հնարավոր է, որ դրա ժամկետը լրանում է օգոստոսին, եւ կարգը հաստատելու խնդիր կա (քանի որ 1-ին կարգը տրվում է 2 տարով, 2-րդ խումբը՝ 1 տարով, իսկ երեխա-հաշմանդամ կարգավիճակը՝ կամ 2 տարով, կամ մինչեւ 16 տարեկան): Այսպիսի դեպքերն են հենց առիթ տվել ԿԳ նախարարությանը երկարատեւ ստուգումների: Իր վերջին ասուլիսում ԿԳ նախարարը նշեց, որ հաշմանդամներ կան, որ 2000 թ.-ից իրենց կարգը չեն հաստատել, եւ ստուգումների արդյունքում, եթե պատահի, որ տվյալ հաշմանդամ-դիմորդը անցել է վճարովի համակարգ, բայց «արժանի է» պետպատվերով տեղի, ապա կմնա միայն «սխալը» շտկելու հարցը: Այս դիմորդներին հիշեցնենք, որ արտոնությունները (վճարովին պետպատվերի վերածելը եւ այլն) վերաբերում են միայն դրական միավորներ ունեցողներին: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել