Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵԼԸ ՃՌՌԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ «ԼԻԱԶՈՐՆ» Է ՃՌՌՈՒՄ

Սեպտեմբեր 06,2002 00:00

ՍԵԼԸ ՃՌՌԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ «ԼԻԱԶՈՐՆ» Է ՃՌՌՈՒՄ Սարյան 35 շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքը (36,6 քմ մակերեսով) ուղղակի վաճառքի ձեւով օտարվեց Արմեն Մելիքյանին։ Կենտրոն համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի օտարման գործընթացն իրականացնող հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց համայնքի ավագանու քննարկմանը։ Վերջինիս որոշումն էլ հիմք հանդիսացավ, որ 2001թ. հուլիսի 8-ին Կենտրոնի թաղապետը իր որոշմամբ (23/337) վերոնշյալ տարածքը տրամադրի Ա. Մելիքյանին, որոշման կատարման պատասխանատվությունը դնելով թաղապետարանի աշխատակազմի քարտուղարի, հսկողությունն էլ՝ թաղապետի տեղակալ Դ. Առաքելյանի վրա։ Ինչպես նկատեցիք, որոշման հսկողությունն ու պատասխանատվությունը դրվեց թաղապետարանի պատասխանատուների վրա եւ ոչ շենքի «լիազոր» Սուսաննա Սահակյանի եւ «բնակիչների», որոնք նամակով դիմելով քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին, հայտնել էին նրան, որ Ա. Մելիքյանն «անօրինական եւ վտանգավոր գործողություններ» է կատարում, որ նա 3մ խորությամբ փորել եւ հողահանման աշխատանքներ է կատարում՝ «թուլացնելով 33 տարվա շահագործման ընթացքում հավանական մաշվածության ենթարկված շենքի հիմքի երկաթբետոնե կոնստրուկցիաները»։ Որքան էլ Կենտրոնի փոխթաղապետ Դ. Առաքելյանը հավաստիացներ (14.06. 2002թ.) Ա. Մելիքյանին, թե «Ձեր սեփականաշնորհված տարածքով անցնող շենքի ջրամատակարարման խողովակների փոխման աշխատանքները կատարելիս բացված 2,5X3,5մ չափերով փոսորակը ձեր կողմից որպես նկուղ օգտագործելու հարցում Կենտրոն թաղապետարանն առարկություն չունի», դա էլի չէր փրկում Ա. Մելիքյանին միջհարեւանական դժգոհություններից, որը ղեկավարում էր «լիազոր» Սահակյանը։ Ինչո՞ւ եմ «լիազոր» բառը դնում չակերտների մեջ։ Ձեր հնարավոր հարցի պատասխանը տալիս է Կենտրոն թաղապետարանի թիվ 4 ԲՇՏ-ի պետ Գասպարյանի տեղեկանքը. «Տրվում է Կենտրոնական ՆԳ բաժնին առ այն, որ Սարյան 35 շենքի 25 բնակարանի բնակչուհի Սուսաննա Սահակյանը, որպես շենքի լիազոր ԲՇՏ-ում եւ թաղապետարանում արձանագրված չէ, սակայն որպես շենքի լիազոր ինքն է ներկայանում»։ Կրկին վերադառնալով 35 շենքի բնակիչների՝ քաղաքապետարանին հասցեագրած «կոլեկտիվ» դիմումին, տեղեկացնենք, որ քաղաքապետարանը հարկ էր համարել պատասխանել նրանց այսպես. «Ձեր կոլեկտիվ դիմումի կապակցությամբ հայտնվում է, որ Կենտրոնի թաղապետարանի կողմից տրված Սարյան փող. 35 հասցեի 36,6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձեւով օտարվել է Արմեն Մելիքյանին։ Սեփական տարածքով անցնող շենքի ջրամատակարարման խողովակների փոխման աշխատանքների համար փորվել է 2,5X3,5 մ չափերով փոսորակ, որի համար «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» կողմից տրվել է 07.06.02թ. մասնագիտական եզրակացություն, համաձայն որի, շենքի կրող տարրերից ոչ մեկը չի վնասվել, իսկ մեր կողմից սահմանվել է հսկողություն սեյսմիկ եզրակացությամբ ներկայացված պահանջները ապահովելու համար»։ Ա. Մելիքյանը վերոնշյալ տարածքում կատարել է ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ՝ իր միջոցների հաշվին։ Ըստ «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ փոխտնօրեն Ա. Արզումանյանի (07.06.2002թ.) եզրակացության, «իրեն պատկանող տարածքում քաղաքացի Ա. Մելիքյանի կողմից նկուղ ունենալու նպատակով իրականացվել են հողային աշխատանքներ։ Իրագործված փոսորակը գտնվում է սյուների միջեւ ընկած տարածքում։ Դրա իրագործման ընթացքում շենքի կրող տարրերից ոչ մեկը չի վնասվել։ Չեն վնասվել նաեւ այդ տարածքով անցնող շենքի ջրամատակարարման խողովակները»։ Ուրեմն, ինչո՞ւ են խանգարում Ա. Մելիքյանին, ինչո՞ւ են կոտրում սեփականաշնորհված տարածքի ապակիները, ինչո՞ւ են օրը ցերեկով մարդու պատիվն ու արժանապատվությունը վիրավորող գրություններ թողնում պատերին («տՐպՍՐՈՑՌՑպ ՍՏտՈՑՖ, ՌՊՌՏՑ-րՏրպՊՌ» գրությունը ներկայացված է ՆԳ բաժին)։ Կամ ինչո՞ւ է «դիմում-բողոք-խնդրանքը» հասնում ՀՀ նախագահին «թախանձագին խնդրանքներով» եւ «ամենայն արագությամբ», երբ կան վերոհիշյալ պաշտոնական պատասխանները։ Կամ ինչո՞ւ այդ մասին տեղյակ չեն բնակիչները։ Մի նկատառում եւս. կողմերի՝ Կենտրոնի թաղապետ Ա. Զուրաբյանի եւ Արմեն Մելիքյանի միջեւ կնքված գույքի օտարման պայմանագրի համաձայն, միմյանց միջեւ ծագած վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով։ Պայմանագրի կողմերի միջեւ վեճ չի ծագել։ Հետեւաբար, ինչո՞ւ են «պայմանագրի ինքնակոչ կողմ» դառնում շենքի լիազորն ու որոշ բնակիչներ, որոնք իրենց գործողություններով քար են գցել ոչ միայն Արմեն Մելիքյանի տարածքի ապակիների վրա, այլեւ նրա սեփականության իրավունքի։ Իսկ այդ իրավունքը նրանից բացի ոչ ոք չունի։ Այն անձեռնմխելի է։ Երեկ հանդիպեցինք Վալիկ Մելիքյանի (Արմենի հոր) հետ, տարածքը դիտելու նպատակով։ Նա տեղեկացրեց, որ դիմել է Կենտրոնի թաղապետ Ա. Զուրաբյանին։ «Նկուղը օգտագործելու նպատակ չունեմ։ Դա գտնվում է տարածքի այն մասում, որտեղից անցնում են ջրատար խողովակները (եւ կաթսայատան)։ Ինչպես ցույց է տալիս փորձը, ջրի խողովակները փտում են եւ հնարավոր է վթար (իսկ տարածքի հատակը մտադրված եմ սալիկապատել), նկուղը կարող է ծառայել վթարի դեպքում հետեւանքները հեշտ վերացնելու եւ կրկնակի աշխատանքներ չկատարելու համար»։ Լուսանկարում պատկերված ամբողջովին ժանգոտված ֆիլտրը ցույց տալով հարցրինք, թե այն գործո՞ւմ է։ «Այդ ֆիլտրը 8-10 տարի եղել է հողի տակ։ Բնակիչներն էլ գիտեն, որ այն ոչ մի անգամ չի մաքրվել (ի դեպ, դրա մաքրման պարտականությունը ջրմուղի վրա է դրված)։ Զարմանում եմ, ինչո՞ւ լիազորն այն ժամանակ հարց չէր բարձրացնում։ Այն քարահավաք է, այլ ոչ թե ավազ զտող»,- ասաց Վ. Մելիքյանը։ Մեր այն հարցին, թե «ինչպես է վերաբերում ստորագրահավաքին», Վ. Մելիքյանը պատասխանեց. «Իմ մեջ կասկած կա, թե ինչպես են ստորագրել թիվ 28, 24, 26 բնակարանների բնակիչները, որոնք հոսանքի ծախս չեն ունեցել (նկատի ունի քաղաքից բացակայությունը)։ Շատերն էլ ստորագրել են, չիմանալով ինչի համար»: Հավանաբար ժամկետից շուտ մասնակցելով Կենտրոնի թաղապետի ընտրությանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել