Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ով է ում ջրաղացին ջուր լցնում

Սեպտեմբեր 06,2002 00:00

Ով է ում ջրաղացին ջուր լցնում ՌԴ գերագույն դատարանն իր վերջերս կայացրած մի որոշմամբ արգելել է դատավորներին եւ դատարաններին՝ ընդունել բաժնետիրական ընկերությունների ժողովների անցկացումն արգելող որոշումներ կամ վճիռներ, քանզի դա հակասում է ՌԴ Սահմանադրությանը։ Քանի որ ՀՀ գերագույն դատարանն առայժմ ձեռնպահ է մնում նմանօրինակ քայլերից, մեր դատավորներն ու դատարաններն, ըստ ամենայնի, իրենց «սեւ գործն» անում են։ Օգոստոսի 27-ին, Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու- օղու կոմբինատ ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Սամվել Թադեւոսյանի հայցը՝ արգելել 2002 թվականի սեպտեմբերի 7-ին հրավիրած կոմբինատի բաժնետերերի արտահերթ ժողովը, կայծակնային արագությամբ նույն օրը ՀՀ տնտեսական գործերով դատարանն ընդունում է վարույթ եւ նույն օրն էլ դատավոր Երվանդ Խունդիկյանի գլխավորությամբ որոշում է բավարարել Ս. Թադեւոսյանի հայցը։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածում ամրագրված է. «Քաղաքացիներն ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունք»։ Երեկ նաեւ մամուլում հրապարակվեց «Արարատ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի հայտարարությունը, որտեղ թախանձագին խնդրվում էր կոմբինատի բաժնետերերին՝ «չենթարկվել վերոհիշյալ անձանց սադրիչ ուղերձներին եւ հայտարարություններին»։ Հայտարարությունում ներկայացված սրտաճմլիկ մեղադրանքներին Կայծակ Զեյթլյանի եւ մյուս ամերիկահայ ու կանադահայ ներդրողների կողմից լիազորված Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Տիգրան Կարապետյանը եւ Սարգիս Հացպանյանն այսպես պատասխանեցին. «Կայծակ Զեյթլյանը եւ մյուս սփյուռքահայերը երբեք չեն հավակնել հսկիչ փաթեթին տիրանալուն։ Նրանք ունեն 42% եւ ցանկանում են այդքանով ընձեռված ձայների իրենց իրավունքները վերականգնել»։ Այն, որ, ըստ հայտարարության, Կ. Զեյթլյանը չի ճանաչվում որպես «Արարատ» գինու կոմբինատի բաժնետեր, առնվազն «անհեթեթ» է, քանզի ՀՀ վերաքննիչ դատարանի 1999թ. նոյեմբերի 2-ի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի 1999թ. դեկտեմբերի 17-ի որոշումներով. «Բողոքի պատճառաբանությունը, որ բաժնետոմսերը չեն գրանցվել ընկերության բաժնետոմսերի ռեեստրում, քանի որ 5 մլն դոլարի ներդրում չի կատարվել՝ վճռի բեկանման հիմք չէ։ Բաժնետոմսերի ռեեստրը ընկերության աշխատակցի կողմից ոչ պատշաճ վարելը չի կարող բաժնետոմսերի հավաստագրերն անվավեր ճանաչելու եւ դրանք ետ վերադարձնելու հիմք հանդիսանալ։ Բացի այդ, 5 մլն ներդրման ծրագիրը վերաբերում է «Արարատ-նովա» ՓԲԸ-ին»։ Փաստորեն, ըստ Տ. Կարապետյանի, «նրանց բաժնետեր լինելն արդեն ապացուցված է եւ որեւէ այլ ատյանում չի կարող վերաքննարկվել»։ Իսկ ռեեստրում գրանցված չլինելու առիթով Տ. Կարապետյանը նկատեց, որ «այս գործի ողջ անտրամաբանությունն այն է, որ ընկերության ռեեստրը վաղուց պետք է գտնվեր կենտրոնական դեպոզիտարիայում»։ Դրա համար ժամանակին ՀՀ արժեթղթերի հանձնաժողովը համապատասխան հանձնարարություն էր տվել եւ ընկերության խորհրդի նախագահին ու գործադիր տնօրենին տուգանել 1 մլն դրամով։ Ռեեստրի՝ կենտրոնական դեպոզիտարիատ չհանձնելու միակ պատճառը, ըստ Ս. Հացպանյանի, հենց սփյուռքահայ ներդրողների ռեեստրում գրանցված լինելն է։ «Եթե վստահ են, որ բաժնետեր չեն,- հավելեց Տ. Կարապետյանը,- ինչո՞ւ օրենքի պահանջը չեն կատարում եւ ռեեստրը չեն հանձնում կենտրոնական դեպոզիտարիատ»։ Ի դեպ, բաց բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքով ընկերությունն ամեն տարի պարտավորվում է տարեկան ֆինանսական հաշվետվությունն անկախ վերստուգման ենթարկել։ Իմիջիայլոց, անկախ աուդիտորներին պետք է բաժնետերերի ժողովը հաստատի։ Հինգ եւ ավելի տոկոս ունեցող բաժնետերերը կարող են պահանջել անկախ աուդիտ՝ ինչը եւ արել են։ Սակայն ընկերության տնօրենների խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենը աուդիտորներին թույլ չեն տալիս աշխատել։ Ըստ հայտարարության, բաժնետերերի վերջին ժողովը 1998-ին է եղել։ Փաստորեն, արդեն չորս տարի է ընկերությունը օրը ցերեկով եւ բոլորի աչքի առաջ ամենայն կոպտությամբ խախտում է ՀՀ օրենքները։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել