«ՆՈՐ ՈՐԱԿՆ» ԱՊԱՀՈՎՎԱԾ Է Հայաստանի համայնքների միության համագումարին հետեւած մեկնաբանություններում անընդհատ հնչող հարցադրումներից մեկն էլ այս էր, թե անհասկանալի մնաց՝ ընդհանրապես ինչո՞ւ էր հրավիրվել այդ արտահերթ համագումարը: Նշենք, որ այդ հարցի պաշտոնական պատասխանը ժամանակին ստացել էինք Համայնքների միության վարչության անդամ Էմին Երիցյանից. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո անպայմանորեն պիտի կազմակերպենք մեր հերթական համագումարը, քանի որ տեղի է ունենալու համայնքապետերի որոշակի մասի սերնդափոխություն: Այդ տրամաբանությամբ՝ այժմ պիտի անեինք արտահերթ համագումար: Ընտրությունից ընտրություն է երեւում, թե ինչքան փոփոխություն է եղել ոլորտում: Տվյալ դեպքում, մանավանդ որ նոր օրենք էր ընդունվել ու նաեւ այդ հարցում կան տարակարծություններ՝ թերությունների ու դրական կողմերի մասին, շատ կարեւոր էր, որ ընտրություններից առաջ մենք ամբողջացնեինք պատկերը: Արտահերթ համագումարի անհրաժեշտությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ մենք ցանկանում ենք հաղորդել նոր որակ տեղական ինքնակառավարմանը: Խնդիրն այն է, որ մինչեւ հիմա մեր համայնքապետերը երկակի ընկալում ունեին՝ իրենք ենթակա չինովնի՞կ են, թե՞ հրապարակային գործիչ: Երկու սերնդափոխության արդյունքում հիմա հանգել են այն համոզմունքին, որ համայնքապետերն իսկապես հրապարակային գործիչներ են, որոնց հիմնական գործընկերն ընտրողներն են, մարզային ընտրախավը: Դրանով է պայմանավորված, որ մենք համագումարն արեցինք ավելի ընդգրկուն՝ մարզային ընտրախավի ներկայացուցչությամբ: Տեղական իշխանությունները՝ համայնքապետերը, փորձում են ունենալ ավելի մեծ դերակատարություն»: Էմին Երիցյանը նաեւ հայտնել էր, որ նոյեմբերին են հրավիրելու իրենց համաժողովը, բայց պատվիրակների թիվն այլեւս չի լինի այդքան մեծ: Նշենք, որ համագումարում, ճիշտ է, գրեթե չեղավ անդրադարձ այն հարցերին, որոնց մասին խոսում էր պրն Երիցյանը, բայց որպես հրապարակային գործիչներ՝ համայնքապետերի այս առաջին քայլը խիստ տպավորիչ էր: Ա. Ի.