Լրահոս
Օրվա լրահոսը

Անհարկի զուգահեռներ

Սեպտեմբեր 06,2002 00:00

Անհարկի զուգահեռներ Վերջերս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը հայտարարել էր, թե հասարակությունն արդեն վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանից ազատվելու միակ տարբերակը «ֆիզիկական հաշվեհարդարն է»: Դրան անմիջապես արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը: «Ակնհայտ է, որ նույնպիսի տեսակետներ ուներ Նաիրի Հունանյանը՝ համարելով, որ վարչապետ Վազգեն Սարգսյանի դեմ խաղ չկա եւ միակ ելքը ֆիզիկական հաշվեհարդարն է: Կարծում եմ, մտածելակերպի զուգահեռներն ակնհայտ են,- հայտարարել էր Վահե Գաբրիելյանը:- Ցավալի է, որ ահաբեկչության զոհ դարձած մարդու եղբայրը, ՀՀ նախկին վարչապետը եւ քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամը նման տեսակետ է արտահայտում, դատողություններ անում նման կատեգորիաներով»: «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակի վերոնշյալ զուգահեռներին՝ ասաց. «Վահե Գաբրիելյանի համեմատությունն առնվազն անհեթեթություն է: Մեր հասարակությունը վաղուց գիտի, թե ով է պարբերաբար երաշխիքներ տալիս Նաիրի Հունանյանին, եւ չեմ կարծում, թե պարզունակ հնարքներով հնարավոր է ապակողմնորոշել հասարակությանը: Տեղին չէ նաեւ Արամ Սարգսյանի խոսքը մեկնաբանել համատեքստից դուրս»: Ըստ Սուրեն Սուրենյանցի, Արամ Սարգսյանն այդ հայտարարությամբ ընդամենն արձանագրել է, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը գործընթացները քաղաքական դաշտից տեղափոխում է ուժային դաշտ՝ հասարակությանը զրկելով իշխանություն ձեւավորելու հնարավորությունից: «Արամ Սարգսյանի ասածը պետք է հասկանալ հատկապես այս համատեքստում: Ամբողջ աշխարհում ահաբեկիչների հետ նույնացվում են ոչ լեգիտիմ ռեժիմները եւ ոչ թե օրինականությանը հետամուտ ընդդիմադիր գործիչները: Տեղին չէ, երբ ապօրինի իշխանության ներկայացուցիչն իրեն թույլ է տալիս մեկնաբանություններ անել ահաբեկչության վնասակարության մասին՝ դասեր տալով մի կուսակցության առաջնորդի, որը հետամուտ է երկրում օրինականության վերահաստատմանը եւ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության լիարժեք բացահայտմանը: Վերջին հաշվով, «Հանրապետության» ներկայացուցիչները չէին, որ «Առագաստ» սրճարանում դաժանաբար ծեծելով մարդ սպանեցին: Այնպես որ, դիմացինին ահաբեկչի հետ նույնացնելուց առաջ լավ կլիներ, որ Վահե Գաբրիելյանը մի քիչ ավելի ուշադիր ուսումնասիրեր, թե իրենց իշխանության տարիներին Հայաստանում քանի աղմկահարույց սպանություն է տեղի ունեցել: Նախ մեր կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ մեզ համար ընդունելի են պայքարի միայն քաղաքական մեթոդները, եւ այս առումով, կրկնում եմ, Արամ Սարգսյանն արձանագրել է ընդամենը հասարակության մեջ առկա հուսահատական տրամադրությունները: Ինչպես արդեն նշեցի, Նաիրի Հունանյանին հասարակությունը նույնացնում է միանգամայն այլ մարդկանց հետ, եւ առնվազն անբարոյական է զուգահեռներ անցկացնել նրա ու Արամ Սարգսյանի միջեւ»,- հայտարարեց Սուրեն Սուրենյանցը: www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել