Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփան Դեմիրճյանը Սյունիքում

Սեպտեմբեր 06,2002 00:00

Ստեփան Դեմիրճյանը Սյունիքում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երկու օրով մեկնել է Մեղրի, Ղափան եւ Գորիս։ Վերջին մեկ տարվա ընթացքում սա Ստեփան Դեմիրճյանի երկրորդ այցն է այս տարածաշրջան։ Թերեւս Կարեն Դեմիրճյանից մնացած ժառանգականության շարունակությունն է սա։ Մեղրին Կարեն Դեմիրճյանը խիստ կարեւորում էր Հայաստանի համար՝ որպես ռազմավարական բնակավայր։ Երեկ ՀԺԿ նախագահը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Շինուհայր եւ Հարժիս գյուղերի բնակիչների հետ։ Ամենուրեք պրն Դեմիրճյանին ընդունել են սիրով եւ ուրախությամբ։ Հեռավոր գյուղերում բնակվողները շատ քիչ ինֆորմացիա են ստանում, թերթերն այստեղ ճոխություն են, հեռուստաընկերությունների տեղեկատվությունը նույնանման իշխանամետ է, եւ հեռավոր բնակավայրերի բնակիչների համար Ժողովրդական կուսակցության ղեկավարը խիստ ցանկալի հյուր էր բոլոր առումներով։ Եթե 16 կուսակցությունների միավորման մասին Գորիսում շատերը գիտեին, Հարժիսում եւ Շինուհայրում՝ մեկ-երկու մարդ։ Ու երբ Ստեփան Դեմիրճյանը եւ նրան ուղեկցող ՀԺԿ քարտուղար, Մեղրիից պատգամավոր ընտրված Գրիգոր Հարությունյանն ամենայն մանրամասնությամբ պատմեցին միավորման նպատակների եւ անելիքների մասին, մարդիկ շատ ուրախացան։ Միավորման գաղափարը գյուղացիները ողջունեցին, սակայն ժողովրդական իմաստնությամբ նաեւ զգուշացրին՝ «չթողնեք, որ ձեզ խառնեն, սկսած ճանապարհից չթողնեք ետ կանգնեն, միասին եղեք եւ գնացեք մինչեւ վերջ»։ Ստեփան Դեմիրճյանը գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց մարդկանց հուզող բազմաթիվ հարցերին, ուշադիր լսեց յուրաքանչյուրի խնդիրը։ Հեռավոր բնակավայրերի մարդիկ սովորաբար ավելի անկեղծ եւ անմիջական են լինում։ Այս դեպքը եւս բացառություն չէր, եւ շինուհայրցիները նույն անմիջականությամբ իրենց հոգսի ու իրենց հուզող խնդիրների մասին ամենայն մանրամասնությամբ պատմեցին ՀԺԿ նախագահին։ Ինչպես սովորաբար լինում է Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպումների ժամանակ, մարդիկ սոցիալական հարցերից բացի խոսեցին նաեւ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասին։ Բոլորը միասնական էին եւ պահանջում էին, որ «27»-ի կատարողների նկատմամբ մահապատիժ իրականացվի, եւ չափազանց դժգոհ էին, որ իշխանությունները ռեւերանս են անում Եվրախորհրդին։ Գյուղացիները, որ թվում է, սովորաբար քաղաքականացված չեն լինում, այս դեպքում մի փոքր ավելի էին այդպիսին եւ հավաստեցին, թե ընտրություններին պարտադիր մասնակցելու են եւ չեն թողնելու, որ իրենց ձայները կեղծվեն։ Ի պատիվ իշխանությունների՝ պետք է ասել, որ այս անգամ հանդիպումը խանգարելու որեւէ փորձ ու միջամտություն չեղավ։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր կհանդիպի Մեղրիի եւ Ղափանի բնակիչներին։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել