Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԻ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ

Սեպտեմբեր 06,2002 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԻ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ Վերլուծում է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել ՀՀ խորհրդարանի առաջիկա նիստում՝ նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցի քննարկման հետ կապված: Ընդդիմությունը դեռ անցյալ նստաշրջանից գտնում է, որ այդ հարցն օրակարգում է եւ պետք է քննարկվի: Ի՞նչ զարգացումներ են սպասվում այդ իմաստով, առավել եւս, որ վերջերս միավորված 16 կուսակցությունների մի հատվածը ներկայացված է ՀՀ օրենսդիր մարմնում: Ըստ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի՝ զարգացման ամենահավանական տարբերակով ընդդիմությունը կարող է որոշել ԱԺ ամբիոնը «գրավել», ինչպես արեց անցյալ նստաշրջանում: «Դրան ի պատասխան՝ օգտվելով ԱԺ կանոնակարգում կատարված փոփոխություններից, ԱԺ նախագահը միանձնյա որոշմամբ կարող է համապատասխան մարմիններին հրավիրել եւ, այսպես կոչված՝ «կարգազանց» պատգամավորներին զրկել նիստերին մասնակցելու իրավունքից, որի հիման վրա ընդդիմությունը կարող է մեծ աղմուկ բարձրացնել՝ հանրահավաքներ անցկացնել եւ այլն: Բայց հնարավոր է, որ այդ տարբերակի շուրջ «16»-ի ներսում միասնական մոտեցում չլինի այն պատճառաբանությամբ, որ եթե ամբիոնը գրավվի՝ ՀՀ նախագահը կարող է օգտվել սահմանադրական իր իրավունքից եւ լուծարել ԱԺ-ն, ինչն, ի դեպ, իմ կարծիքով, նախագահի համար ամենաանցանկալի ելքը կլինի: Նա դա կարող է անել իբրեւ վերջին եւ ծայրահեղ քայլ»,- ասաց նա եւ փորձեց փաստարկել իր տեսակետը: Եվ կարծիք հայտնեց. «ԱԺ-ն լուծարելու դեպքում կստացվի, որ երկրի նախագահը լուծարում է այն խորհրդարանը, որի ներկայացուցիչների մի մասն իրեն ծանր մեղադրանքներ է առաջադրել: Քաղաքական տեսանկյունից՝ այդ պարագայում ԱԺ լուծարումը հանրապետության նախագահի համար քաղաքական մահ է, ուստի՝ դա ծայրահեղ միջոց է լինելու»: Բայց, խոսքն այսօր մի քանի պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին է: Նրանք կգրավե՞ն ամբիոնը՝ կզրկվեն նիստերի մասնակցությունից, իսկ հետո՞: Ըստ պրն Դալլաքյանի՝ դա կարող է շարունակական բնույթ կրել բոլոր եռօրյաների ընթացքում. կպատժեն 2-3 պատգամավորի՝ հաջորդ նիստին մյուս 2-3-ը կգրավեն ամբիոնը, եւ այսպես շարունակ, ասենք՝ մեկ ամիս: Վ.Դալլաքյանի ներկայացրած խորհրդարանական զարգացումների հիշյալ եւ հնարավոր երրորդ տարբերակը փոխկապակցված են. «Իմ կարծիքով, ընդդիմությունը հնարավորություն ունի այնպես անել, որ առիթ չտա ո՛չ ԱԺ լուծարման, ո՛չ էլ այն մեղադրանքների համար, թե ընդդիմությունն իր պահանջին տեր չի կանգնում»: ԱԺ պատգամավորի տեսանկյունից՝ այդ երրորդ տարբերակը կարող է ձիու քայլ լինել. այն է՝ համոզվելուց հետո, որ նախագահի պաշտոնանկության հարցն օրակարգում տեղ չի գտել, ընդդիմությունը կարող է հայտարարել, որ բոյկոտում է ԱԺ նիստերը՝ իրեն հետագա քայլերի իրավունք վերապահելով, բայց միաժամանակ՝ մասնակցելով հայտարարությունների եւ կառավարության հետ «հարցուպատասխանին»՝ օգտագործելով խորհրդարանի ամբիոնը: «Այդ դեպքում՝ չխանգարելով ԱԺ նիստերի ընթացքը, նրանք միաժամանակ կարող են ե՛ւ պաշտպանել իրենց դիրքորոշումը՝ օգտագործելով ամբիոնը, ե՛ւ նախագահին զրկել ԱԺ-ն լուծարելու հնարավորությունից՝ պատճառաբանությունից մինչեւ նոյեմբերի 9-ը»,- ասաց պատգամավորը: Իհարկե, օրերս ԱԺ փոխխոսնակ Տ.Թորոսյանն ասաց, թե դրա լուծումն էլ կա՝ հրավիրել արտահերթ նիստեր եւ հանգիստ քննարկումներ անել՝ առավել եւս, որ ընդդիմությունը մտադիր է մնալ իրավական դաշտի շրջանակներում: «ԱԺ կանոնակարգն ու Սահմանադրությունն, իրոք, այդ հնարավորությունը տալիս են, բայց այդ դեպքում ինչպե՞ս պետք է այդ ամենը ներկայացվի միջազգային հանրությանը եւ մեր հասարակությանը: Ի վերջո, բոլոր քայլերը նաեւ հակաքայլեր ունեն»,- նկատեց Վ.Դալլաքյանը: Վերջինս նաեւ նկատեց, թե առաջիկայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց գինը շատ բարձր է, որովհետեւ դա փորձաքար է լինելու մյուս բոլոր ընտրությունների համար, եւ այդ իմաստով նոր հարցադրումներ են առաջանալու, այդ թվում՝ հակասություններ նաեւ իշխանական բուրգի ներսում, որը մեծ լարումներ է առաջացնելու. «Ակնհայտ երեւալու են նախագահի, պաշտպանության նախարարի, վարչապետի ուղղվածության, նաեւ, այսպես կոչված, օլիգարխների թեւերը՝ տարբեր կոնֆիգուրացիաներով: Ըստ իս, այստեղ նվազագույնը 4 տիպի, այդ թվում նաեւ՝ կուսակցությունների. ՀՀԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր», շահեր են բախվելու: Այսինքն՝ առաջիկա ընտրությունների, նաեւ՝ արտահերթ նիստեր, նստաշրջաններ հրավիրելու ֆոնի վրա լուրջ լարվածություններ կարող են լինել, որի պարագայում ընդդիմությունը մի կարեւոր քայլ պետք է կատարի՝ ժողովրդին քաղաքականությանը մասնակից դարձնել, դարձնել գործոն: Եթե դա ընդդիմությանը հաջողվի, նրա գործոնն ու կշիռն էլ կմեծանա»: Վերադառնալով ԱԺ լուծարման հնարավորությանը՝ հարկ է հիշեցնել, որ դրա փաստարկներից մեկն էլ այն է, որ ԱԺ-ում ներկայացված որոշակի ուժեր իրենք են դա ուզում իբրեւ երաշխիք, որ մինչեւ նախագահական ընտրությունները եւ Քոչարյանին սատարելը իրենք խորհրդարանում անպայման ընդգրկված կլինեն եւ՝ որոշակի տոկոսային հարաբերությամբ: «ԱԺ լուծարումը լուրջ քաղաքական պատճառ պետք է ունենա: Իսկ ո՞վ է ասել, որ այդ դեպքում նախագահը հնարավորություն կունենա հասարակության ներսում նրա նկատմամբ ձեւավորված վերաբերմունքի պարագայում իրեն ցանկալի խորհրդարան ձեւավորել: Այսօր ավելի հեշտ է ընտրվել նախագահին լուրջ մեղադրանքներ ներկայացրած, նրա պաշտոնանկությունը պահանջող ընդդիմության համար, որը հականախագահական կարգախոսներով ու դիվիդենտներ քաղելով՝ կարող է 40 օրում գնալ ընտրության: Բացի այդ, հենց ձեր հարցադրումից էլ ակնհայտ է, որ կա անվստահություն իշխանական բուրգի ներսում: Այսինքն՝ նախագահն էլ կարող է երաշխիքներ չունենալ, որ ձեր նշած ուժերը, խորհրդարանական մեծամասնությունը՝ ԱԺ գալով, իրեն անվերապահորեն կսատարեն նախագահական ընտրությունների ժամանակ: Ո՞վ է ասել, որ եթե այսօր ԱԺ-ն լուծարվի, իշխանությունների ռեսուրսները կբավարարեն իրենց ցանկալի խորհրդարան ունենալու համար: Ո՞վ է ասել, որ այդ կուսակցությունները կհամաձայնեն ԱԺ-ում իրենց ցանկալի համամասնությամբ ընտրվելու եւ ձայները բաշխելու հարցում, առավել եւս, որ իրենց չեն վստահում, իշխանական կուսակցությունների միջեւ էլ խնդիրներ կան եւ համամասնության նման «գծագիր» գծելու ռեսուրս էլ չունեն: Դա բացառվում է: Դա խիստ տեսական տարբերակ է»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել