Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՂՈՑԻ՛Ր, ՇՈՒՐԱ

Սեպտեմբեր 06,2002 00:00

ՍՂՈՑԻ՛Ր, ՇՈՒՐԱ Իշխանամետ լրատվամիջոցներին ծիծաղելի էր թվացել Մանուկ Գասպարյանի այն տեսակետը, թե ընդդիմության միասնական թեկնածու ընտրելիս հաշվի են առնելու նաեւ նրա երեխաների վարքը: Իրոք ծիծաղելի կլիներ, եթե չլինեին տխուր փաստերը մեր գործիչների զավակների վերաբերյալ: Վիճելի է՝ արդյոք պարկե՞շտ մարդ է այն պաշտոնյան, որի որդին պառավ կնոջը վրաերթի ենթարկելուց հետո ոտքով բոթում է նրա մարմինը եւ նետում. «Կկապվեք հորս հետ»: Եվ հայրը՝ փոխանակ գոնե ուշացած փորձի զբաղվել իր ժառանգի դաստիարակությամբ, մաքրում է հետքերը. փող է տալիս հիվանդանոցում գտնվող այդ ծեր կնոջը, որ նա չբողոքի իրավապահ մարմիններին: Մեկ ուրիշ պաշտոնյայի որդի ծեծում է հարկային մարմնի աշխատակցին ու դարձյալ մնում անպատիժ: Երրորդը թքում է ոստիկանի երեսին, բայց հոգատար հայրիկը կարգավորում է այս հարցն էլ: Շարքը կարելի է շարունակել: Եվ շատերին է հայտնի, թե որոշակի ո՞ր պաշտոնյաների որդիների մասին էին մեր օրինակները (անունները չթվարկեցինք, քանզի նրանցից մեկն այլեւս կենդանի չէ. ընդսմին, նրա զոհվելու դրդապատճառների վարկածներից մեկն էլ այն է, թե գուցե ինչ-որ մեկն ի վերջո վրեժխնդիր եղավ նրա որդու արածների համար): Իհարկե, թվարկածների համեմատ պատանեկան զանցանք է այս մի պատմությունը, որը նույնպես շատերին է հայտնի: Մեր թերթն էլ է ժամանակին անդրադարձել այդ խնդրին, այլ լրատվամիջոցներ էլ: Այս հարցը նաեւ դարձել է դատական ատյանների քննության առարկա, բայց արդարացել են այն մտավախությունները, թե բարձր հովանավորության ու արդարադատության վրա կողմնակի ազդեցության հետեւանքով ընթացք չի ստանա գործը: Խոսքը Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Միքայել Հարությունյանի որդու՝ Արսենի մասին է: Վերջինս, ըստ Երքաղկոոպառի թիվ 11 խանութի նախկին վարիչ Հովիկ Մելիքսեթյանի՝ սղոցել էր այդ խանութի փականը, որպեսզի բացի դուռը: Արսեն Հարությունյանը նշանակվել էր այդ խանութի վարիչ, երբ Հովիկ Մելիքսեթյանը Երքաղկոոպառի վարչության ձեւավորած հանձնաժողովի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, բայց մի քանի ամիս շարունակ հրաժարվել էր ազատել խանութը՝ ազատման որոշումը համարելով ապօրինի: Մի խոսքով, ուժային ճնշմամբ օբյեկտների վերաբաշխման մի օրինակ է, որի շատ մանրամասների հարկ չենք համարում անդրադառնալ: Սա հին պատմություն է՝ տեղի է ունեցել 1998-ին: Բայց Աշխատանքային օրենսգրքի խախտումներով եւ առանց արհմիության համաձայնության իրեն աշխատանքից ազատելու դեմ Հովիկ Մելիքսեթյանը շարունակում է բողոքել մինչեւ վերջերս՝ Ազգային ժողովին, ՀՀ գլխավոր դատախազին, քաղաքապետարան եւ այլն: Եվ բոլորը ձեռնպահ են մնում քաղաքացու ոտնահարված իրավունքները վերականգնելուց, երբ պարզում են, որ խնդիրն առնչվում է Միքայել Հարությունյանի որդուն: Մի հերթական դիմումն էլ՝ ուղղված պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, մեր տրամադրության ներքո է: «Ես անգործ եմ գեներալի եւ իր հանցագործ տղայի պատճառով,- գրում է Հովիկ Մելիքսեթյանը:- Եթե ես իմանայի, որ 27 տարվա իմ աշխատանքն այսպիսի վախճան է ունենալու, այն ժամանակ, երբ նա (գեներալի տղան)՝ սղոցելով ինձ պատկանող խանութի դուռը, տիրացավ իմ աշխատանքին եւ անձնական իրերին, ես նրա հետ կվարվեի այնպես, ինչպես ղարաբաղցին վարվեց թուրքի հետ… Ես կորցնելու ոչ մի բան չունեմ, քանի որ կորցրել եմ ամեն ինչ: Այս ժամանակաշրջանում եթե չունես աշխատանք, դատապարտված ես մահվան»: Հովիկ Մելիքսեթյանը մի «վերջին հույսով» խնդրել էր Սերժ Սարգսյանին, որ օգնի վերականգնել իր աշխատատեղը (ի դեպ, ժամանակին Արաբկիր համայնքի դատարանը նման որոշում կայացրել էր՝ նրան աշխատանքում վերականգնելու վերաբերյալ): Բայց այս դիմումին ի պատասխան, ՀՀ ՊՆ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահ, փոխգնդապետ Ա. Մելոյանը գրել է. «Արսեն Հարությունյանը հանդիսանում է քաղաքացիական անձ եւ որեւէ կապ չունի ՀՀ պաշտպանության նախարարության հետ»: Մինչդեռ Հովիկ Մելիքսեթյանի վկայությամբ՝ խանութի դուռը սղոցողները բոլորովին էլ քաղաքացիական անձինք չէին. Միքայել Հարությունյանի թիկնապահներն էին, որոնք զինվորական են: Ընդսմին, բանակին բոլորովին չառնչվող այդ հարձակումն իրականացնելիս էլ զինվորական համազգեստով էին: Այնպես որ, թերեւս այնքան էլ անկեղծ չէր Արսեն Հարությունյանը, երբ ժամանակին մեր թերթին հավաստիացնում էր, թե այս ամենի մասին իր հայրը տառացիորեն ոչինչ չի իմացել: Փորձը ցույց է տալիս, որ մեծամեծ հայրերը միշտ էլ լավատեղյակ են լինում որդիների գործունեությունից եւ նրանց ետեւից մաքրում են կեղտոտ հետքերը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել