Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԻՐ ԱՌ ԹՈՒՂԹ

Սեպտեմբեր 05,2002 00:00

ԳԻՐ ԱՌ ԹՈՒՂԹ Հողի համար ի՞նչ տարբերություն, թե ում են թաղելու. կամակատարների համար ի՞նչ տարբերություն, թե ում կամքն են կատարում։ Կամակատար մեղսագործը, չարախնդալու դեպքում, իր արարքը հասցնում է կամովի մակարդակին։ Քո առողջությունը մի քիչ քո ձեռքին է, ավելի շատ շրջապատի ձեռքին է՝ լինի բնական թե հասարակական, պատահականությունների ձեռքին է, ժառանգականության ձեռքին է, պետության ձեռքին է, բժիշկների ձեռքին է, մի խոսքով՝ քո առողջությանը ձեռ են առնում։ Դու նրանց հումորը չես հասկանում։ Պատժելու լավագույն կերպը ներելն է։ Նախ՝ իներցիայի ուժով իր հանցանքը կկրկնի ուրիշի նկատմամբ եւ շատ հավանական է, որ այդ ուրիշը նրան կպատժի։ Իսկ եթե հասկանա իր սխալը, ինքն իրեն պատժելու նման պիտի զղջա։ «Բողոքի գրքին» փոխարինեց բողոքի դիրքը։ Մարմինդ այն է, ինչին ընտելացել ես. նա քո մերձավորագույն ընտանի կենդանին է։ Մոլորությունն ընթացքում դառնում է ախորժալի, աճում, բարգավաճում է՝ ես-ը կլանելով, մինչեւ որ դառնում է մարդու ամբողջական ես-ը։ Սիրեկանը ամուսնու նկատմամբ հեգնողն է, բայց եւ այնպես, երբեմն պարտավորություններ է զգում նրա հանդեպ։ Երբ կատուն ջաղացպան է, նրա համար ավելի օգտակար է կենդանի մուկն ամբողջությամբ։ Դերասանը նույնպես երբեմն անկեղծ է լինում։ Երբ գեղեցիկ ու հիմար կնոջը բնական խելք ես վերագրում, դու նրան գայթակղում ես։ Քեզ թվում է, որ եթե շարունակեիր կենդանի մնալ ավելի շատ, քան որ քեզ բաժին է հասնում, անելու էիր այն, ինչ չես արել։ Բայց չէ՞ որ դու այդ նոր որոշումդ ընդունում ես մեռնելուդ մերձավոր պահի տեսանկյունից, մի հանգամանք, որի անորոշ հետաձգման հետեւանքով պիտի վարվեիր, ինչպես նախկինում։ Բնական խելք ունենալը կիսագրագետն երի համար կոմպենսացիա է, մինչ գերգրագետն առավելապես բարդույթավորված է լինում։ Կնոջ համար հոգեպես մերկանալը նախապատրաստություն է։ Մերկանում են նաեւ ակտից հետո։ Չի ճշտված՝ ստրո՞ւկն է ավելի երկար ապրում, թե՞ ազատ մարդը։ Թուղթ ասածդ բացբերան է, ձայներիզը՝ նույնպես։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել