ԽՈՍԵԼ ՍԻՐՈՂԻՆ ԹԵՄԱ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած տվյալներով, Հայաստանը հայտնվել է «3-րդ խումբ» կոչվող այն երկրների ցուցակում, որտեղ մարդկանց առեւտրին պետությունն անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում, գործող օրենքները բավարար չափով խիստ չեն, ու դրանց կիրառմանը նայում են մատների արանքով։ Սեւ ցուցակում «տեղավորվելը» սթափեցրել է մեր երկրի իշխանություններին, եւ այս օրերին արտգործնախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովը պատրաստում է օրենքների եւ առաջարկությունների նախագծերով փաթեթ։ Հանձնաժողովը հույս ունի փաթեթը «տեղավորել» Քրեական նոր օրենսգրքի էջերում՝ ԱԺ-ում քննարկումները սկսելուց առաջ։ Այսքանն էր այն արժեքավոր տեղեկությունների ծավալը, որ Կանանց իրավունքների կենտրոնում ներկայացվեց լրագրողներին։ «Կանանց առեւտուրը Հայաստանում» թեմայով քննարկումն, ըստ էության, վերածվեց «տնավարի» հավաքի, որտեղ մեծ ուշադրություն դարձվեց ավելի շատ այն բանին, որ սեղանին դրված հյութով շշերը՝ լիքը, իսկ բաժակներն էլ՝ բավարար լինեն։ Որքան էլ այդ ուշադրությունը (ինչպես եւ՝ ցանկացած) շոյիչ էր, բայց անընդհատ ցանկություն էր առաջանում հիշեցնելու, թե՝ չմոռանանք ինչի համար ենք եկել։ Կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանի՝ թեմայի հետ կապված տվյալները խիստ թերի էին, ու նա մի քանի անգամ զարմացավ (ի դեպ՝ հաճելիորեն զարմացավ) լրագրողների առավել տեղեկացվածության վրա։ Որոշ թվական ու փաստական տվյալներ էլ նա ուղղակի մոռացել էր դուրս քաշել իրենց ինտերնետային էջից։ Բաց այդ, «Կանանց առեւտուրը Հայաստանում» ընդգրկուն թեման միայն քննարկվեց «Կանանց առեւտուրը Հայաստանից դուրս» շրջանակներում ու կրկին, առանց թարմ ու նույնիսկ՝ ոչ թարմ թվերի ու փաստերի։ Անշուշտ, հիմնավորում էլ կար՝ կենտրոնն աշխատում է ՆԳՆ 4-րդ վարչության (թմրամոլության ու պոռնկության դեմ պայքարի) հետ, եւ տվյալներ հրապարակելու իրավունք չունի։ Քննարկեցինք՝ ով ինչ լսել էր այստեղից ու այնտեղից։ Իսկ մեր «աննկուն» ունկնդիրը կենտրոնի «մայր» կազմակերպության՝ «Մարդկանց առեւտրի կանխարգելման կենտրոն»-ի տնօրեն Էմմի Հեյդնն էր, որն իր անձը ներկայացնելուց այն կողմ ոչինչ չուներ ասելու ո՛չ արտերկրից, ո՛չ էլ իրենց աշխատանքի փորձից։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ