Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՒՄ ԵՆ, ՄԱՐԶՎՈՒՄ

Սեպտեմբեր 05,2002 00:00

ՈՒՍԱՆՈՒՄ ԵՆ, ՄԱՐԶՎՈՒՄ Հանրապետության բուհերում կրկին աշխույժ եռուզեռ է։ Տասնյակ հազարավոր երիտասարդներ սկսել են նոր ուսումնական տարին։ Մեր բարձրագույն կրթական հաստատությունների մեջ, սակայն, կա մեկը, որտեղ ուսանողության կրթական գործի կազմակերպումը սկզբունքորեն ու էականորեն տարբերվում է մյուսներից։ Դա ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն է, որտեղ ուսանողությունն օրվա մի զգալի մասն անցկացնում է լսարաններից դուրս՝ մարզական բազաներում։ Մեր աշխատակից Աշոտ Հակոբյանը հանդիպեց ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանին։ – Պարոն Առաքելյան, եկեք մեր զրույցը սկսենք ընդունելության քննությունների արդյունքների ամփոփումից։ – Այս տարի մեր ինստիտուտ դիմել էր 713 դիմորդ։ Նրանցից բժշկական հանձնաժողովով չեն անցել 26-ը։ Մյուսներն իմ համապատասխան հրամանով մասնակցել են ընդունելության քննություններին։ Մասնագիտական առարկաներից անբավարար գնահատական են ստացել 225 հոգի։ Իսկ ընդհանուր ֆիզպատրաստականության քննությանը մասնակցել է 425 դիմորդ։ Քննությունների արդյունքով ինստիտուտ ընդունվել է 359 հոգի, որից 129-ը պետական պատվերով, 200-ը՝ վճարովի եւ 30-ն էլ կառավարության որոշման համապատասխան՝ առանց տարկետման իրավունքի։ Ասեմ նաեւ, որ սեպտեմբերի 1-ից պետական պատվերով մեր ուսանողներ են դարձել այդ տարիքային խումբը ներկայացնող հանրապետության բոլոր լավագույն մարզիկ-մարզուհիները, որոնք ներկայացնում են 20 մարզաձեւեր։ Ճիշտ է, եղել են նաեւ դեպքեր, երբ մարզիկը չի կարողացել վաստակել պետպատվերի համար պահանջվող միավորներ եւ ընդունվել է վճարովի համակարգ։ – Հասկանալի է, որ ձեր ղեկավարած բուհը նախ եւ առաջ կոչված է հանրապետության համար բարձրակարգ մարզիկներ, մարզիչներ, ոլորտի կազմակերպիչներ պատրաստելու։ Այս առումով անչափ կարեւոր է երկու չափորոշիչ՝ դիմորդի գիտելիքները եւ ֆիզիկական պատրաստվածության աստիճանը։ Այս տարի այդ պահանջները նրանք բավարարե՞լ են։ – Գիտե՞ք, դա մեր մշտական հոգսերից մեկն է։ Գաղտնիք չէ, որ մարզիկն օրվա մեծ մասն անցկացնում է մարզումներով ու գիտելիքները հարստացնելու ժամանակ չի ունենում, թեեւ այդիսիք էլ եզակի չեն։ Դրա համար մենք որոշ չափով վերապահումներով ենք մոտենում նրանց, նայած, թե դիմորդն ինչ մասնագիտություն է ընտրում։ Եթե նա գործող մարզիկ է, մեր երկիրը հաջող ներկայացնում է միջազգային ասպարեզներում, տեղ-տեղ աչք ենք փակում մյուս առարկաներից նրա ունեցած թերի իմացությունների վրա։ Իսկ եթե պատանին կամ աղջնակը ցանկանում է սովորել, ասենք, մարզական լրագրության կամ կինեզոլոգիայի ֆակուլտետում, միանշանակ առաջնայինը նրա բավարար գիտելիքներն են դառնում։ Եվ մի բան էլ. մեր բոլոր ուսանողները եկել են հանրակրթական դպրոցներից։ Եվ եթե նրանք չգիտեն հայոց լեզու, գրականություն, քիմիա կամ անատոմիա, ապա դրա մեղավորներին պետք է փնտրել ոչ մեր ինստիտուտում։ Մենք մեր հնարավորությունների սահմաններում աշխատում ենք այդ բացը լրացնել մեզ մոտ ուսումնառության ընթացքում։ Իսկ ձեր հարցի մասին ասեմ, որ տարեցտարի մեր դիմորդների ընդհանուր կրթական մակարդակը, թեեւ դանդաղ, բայց բարձրանում է։ – Բոլոր բուհերում էլ կան ֆակուլտետներ, որտեղ մրցակցությունը միշտ էլ մեծ է լինում։ – Մեզ մոտ էլ այդպես է։ Ավանդաբար ընդունվելու համար դժվար են մենապայքարային մարզաձեւերը՝ ծանրամարտը, ըմբշամարտը, բռնցքամարտը։ Նաեւ ֆուտբոլը։ Ուրախալի է, որ արդեն գոյության երկրորդ տարում այդպիսիների շարքն է անցել նաեւ մարզական լրագրությունը։ – Կա՞ դիմորդների մի կատեգորիա, որն օգտվում է ինչ-որ արտոնությունից։ – Այո։ Նրանք նախ եւ առաջ անվանի մարզիկներն են, ովքեր դարձել են աշխարհի, Եվրոպայի չեմպիոն կամ մրցանակակիր։ Նրանք ընդունվում են հարցազրույցով։ Սահմանափակ թվով, բայց արտոնություն տալիս ենք նաեւ զոհված ազատամարտիկների երեխաներին, բանակից զորացրվածներին։ Վերջինի համար հատկացվում են որոշ մարզաձեւեր։ – Ընդունելության ժամանակ դիմորդին սխալ գնահատելու համար բողոքներ շա՞տ են եղել։ Եթե այո, վերջնական լուծումն ո՞ւմ օգտին է կայացվել։ – Պատկերացրեք, որ ոչ մի բողոք չենք ունեցել։ Եղել է մեկ-երկու թյուրիմացություն, կապված գնահատման սկզբունքի հետ, սակայն համապատասխան բացատրություն ստանալուց հետո շնորհակալություն են հայտնել ու գնացել։ – Այս տարի նոր մասնագիտությամբ ֆակուլտետ ավելացե՞լ է։ – Ինքներս նման բան չէինք նախատեսել։ Բայց մեր բազայի վրա ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ ստեղծվել է ֆուտբոլային մրցավարների բարձրագույն դպրոց։ Այստեղ դասախոսում են ոչ միայն մեր մանկավարժները, այլեւ հանրապետության լավագույն մրցավարները՝ ՀՖՖ-ի ընտրությամբ։ Դասերին հաճախում է 28 ուսանող։ – Ուսումնառությունը լիարժեք ու արդյունավետ անցկացնելը մեծապես կախված է ինստիտուտի մարզաբազաների վիճակից։ – Այսօր մենք նման խնդիրներ չունենք։ Ամեն ինչ արված է ու բազաները նորմալ վիճակում են։ Գուցե հաջորդ տարի որոշ տեղերում ընթացիկ նորոգման անհրաժեշտություն լինի։ Մեր միակ հոգսը ինստիտուտի բացօթյա լողավազանն էր, որ տասը տարուց ավելի անօգտագործելի է ու սկսել է քայքայվել։ Բայց, փառք Աստծո, հիմա կարծես գտնվել է մի կազմակերպություն, որի անունը մի փոքր ավելի ուշ կհայտնվի, որը պատրաստ է այն նորոգել։ Նախնական պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել եւ շուտով աշխատանքները կսկսվեն։ Ասեմ միայն, որ ներդրվելու է շուրջ $1 մլն։ Պայմանավորվածությունն այսպիսին է. մինչեւ ժամը 15-ը լողավազանը ծառայելու է մեր ուսանողությանը, դրանից հետո այդ կազմակերպությանն ու ազգաբնակչությանը։ – Կրկին վերադառնանք աճող սերնդի առողջության ամրապնդման խնդրին՝ կապված դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման հետ։ – Դրա մասին անվերջ կարելի է խոսել։ Վիճակը շատ վատ է։ Դպրոցները 10-15 տարի ոչ մի մարզագույք չեն ստացել, դահլիճներն ու խաղահրապարակներն էլ որպես կանոն խիստ անմխիթար վիճակում են։ Բայց կարծես սառույցը տեղից շարժվում է։ Կառավարության որոշմամբ, այս ուսումնական տարվանից սկսած ֆիզկուլտուրա առարկան մտցվել է ավարտական դասարանների քննությունների մեջ։ Դա ենթադրում է, որ դպրոցներում պետք է ավելի լուրջ մոտենան առարկայի դասավանդմանը։ Վերջին շրջանում ընդունվեց «Ֆիզիկական կուլտուրայի մասին օրենքը», պետությունն էլ տարեցտարի ավելացնում է ֆիզկուլտուրայի եւ սպորտի ֆինանսավորումը։ Բայց, միեւնույն է, իմ համոզմամբ, ամենակարեւորը դպրոցների տնօրենների վերաբերմունքն է։ Եթե բացօթյա խաղահրապարակի ցատկափոսը տարիներ շարունակ չի փխրեցվել, ուրեմն աշակերտը չի ցատկել։ Եթե վազքուղին չի նշագծվել՝ աշակերտը չի վազել։ Սրանք կազմակերպական հարցեր են, որոնք գլուխ բերելու համար միլիոնավոր դրամներ կամ օրենքների ընդունում չեն պահանջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել