60 տարին էլ քիչ է Ռաֆայել Քոթանջյանը կարծում է, որ արվեստագետը առնվազն 90 տարի պետք է ապրի, որպեսզի կյանքի առաջին 30 տարին ուսանի, երկրորդ 30-ը՝ ճամփորդի, երրորդի ընթացքում՝ նախորդ տարիների ժամանակ կուտակածը փոխանցի ժողովրդին։ Այսօր դերասանը 60 տարեկան է։ Սեպտեմբերի 9-ին Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենա նրա ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո- բենեֆիսը։ Այս առիթով հանդիպեցինք ճանաչված դերասանի հետ։ – Տասնյակ տարիներ բեմում եք։ Ո՞րն է ձեզ համար առաջնային՝ կինո՞ն, թե՞ թատրոնը։ – Առաջնային տեղում միշտ էլ թատրոնն է։ Այնտեղ անցկացրած երկարատեւ փորձերի արդյունքում դերասանը գտնում է հետաքրքիր լուծումներ, որոնց միայն չնչին մասն է մտնում կոնկրետ այս կամ այն կերպարի մեջ։ Իսկ տվյալ կերպարի շնորհիվ բացահայտված շատ արժեքներ մնում են նրա հոգում։ Ի դեպ, այսօրվա կինոն ավելի շատ արտադրանք է, քան արվեստ, քանզի ժամանակ չի լինում կերպարի վրա շատ աշխատելու։ Իսկ եթե դերասանը թատերական փորձերի ժամանակ կուտակված արժեքներ չունենա՝ շատ կխեղճանա։ – Ձեր դերակատարումների գերակշիռ մասն են կազմում բացասական կերպարները… – Այո, դուք ճիշտ նկատեցիք։ Յուրաքանչյուր բացասական կերպար իր դժբախտության կետն ունի, որն էլ նրան մղում է չարագործության։ Նման կերպար բացահայտելիս ես մտնում եմ «խորխորատները» եւ փորձում հասկանալ այդ մեխանիզմը։ Միաժամանակ, իմ ստեղծած բացասական կերպարներով փորձում եմ մարդկանց համոզել, որ պիտի լավատես լինել ու հավատալ, որ բարին միշտ էլ հաղթում է։ – Իսկ ունե՞ք նախընտրելի կերպար։ – Ես համամիտ եմ Ստանիսլավսկու այն մտքին, որ չկան փոքրիկ դերեր, կան փոքր դերասաններ։ Եվ նույնիսկ տեւողությամբ փոքր դերերն էլ ինձ համար հավասարաչափ սիրելի եւ թանկ են։ – Իսկ երազած դե՞ր, որ մինչ օրս չեք խաղացել… – Շատերի նման, ես էլ ունեմ երազած դերեր, որոնք կփորձեմ իրականացնել առաջիկա տարիներին։ – Մերօրյա հայ կինոն ու թատրոնը՝ Ձեր գնահատմամբ։ – Հուսադրող է այն փաստը, որ վերջապես սկսել են վերանորոգվել թատրոնները։ Այսօր ամեն ինչ պետք է արվի, որպեսզի թատրոններում տարեկան մի քանի ներկայացում բեմադրվի եւ նրանցում ընդգրկվեն շնորհալի երիտասարդներ։ Պետք է սերնդափոխություն կատարվի անմիջապես բեմում։ Փորձառու դերասանների կողքին պետք է խաղալու հնարավորություն տրվի երիտասարդներին։ Ցավոք, կինոյի վիճակն ավելի տխուր է։ Ի տարբերություն նախկինի (տարեկան 5-6 ֆիլմ էր նկարահանվում), այսօր Հայաստանում ֆիլմ նկարելը շատ դժվար է։ Նախ չկա սպառման դաշտ եւ հետո, անհրաժեշտ են ահռելի գումարներ։ Բացի այդ, պետք է նկարահանվեն այնպիսի ֆիլմեր, որոնք հետաքրքիր լինեն նաեւ օտարազգի հանդիսատեսին։ Դրա նախադրյալներն արդեն ունենք հանձին Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմի, որի առաջադրվելն Օսկարի մրցանակաբաշխությանը, արդեն իսկ կարեւոր քայլ էր։ – Ի տարբերություն ձեր շատ գործընկերների, դուք ավելի զբաղված եք։ – Դա պայմանավորված է հրավերներով։ Հիմնականում ինձ հրավիրում են օտարազգի ռեժիսորներ։ Նրանք հաճախ ինձ են թողնում դերի ընտրության հնարավորությունը։ – Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։ – Սեպտեմբերի 22-ին Մոսկվայում տեղի կունենա իմ 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի մոսկովյան տարբերակը։ Նախնական հրավերներ ունեմ Փարիզից, ԱՊՀ մի քանի քաղաքներից, ԱՄՆ-ից։ Ի դեպ, մոսկովյան հոբելյանական երեկոյից անմիջապես հետո կմեկնեմ Կիեւ, որտեղ շարունակվելու են բազմասերիանոց «Ռոքսալանա» ֆիլմի հերթական 20 սերիաների նկարահանման աշխատանքները։ Հույս ունեմ նկարահանվել նաեւ Վ. Չալդրանյանի նոր ֆիլմում։ Այսօր ես բնավ հրաժեշտ չեմ տալիս, այլ բոլորիդ ասում եմ՝ «Բարեւ, նորից միասին ենք»։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ