Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՆԱ

Սեպտեմբեր 05,2002 00:00

Ո՞Վ Է ՆԱ Գովազդելու կարիք կա՞ Երիտասարդների գիրք չկարդալու հարցը շարունակում է բաց մնալ եւ, համոզված եմ՝ դեռ երկար ժամանակ չի փակվելու։ Համատարած դժգոհում են նրանց ընթերցասիրության պակասից։ Երբեմն նույնիսկ գրքի հանդեպ սեր արթնացնելու ուղիներ են մատնացույց անում, սակայն՝ առայժմ ապարդյուն։ Շատ քիչ, բայց պատահում է նաեւ, որ ոմանք գրադարան են այցելում, այն էլ ամառվա արձակուրդի ընթացքում: Ես էլ գնացել էի Իսահակյանի անվան գրադարան: Քաղաքի բազմաթիվ գրադարանների շարքում սա երեւի թե միակ գրադարանն է, որտեղ տիրում է ջերմ մթնոլորտ, որտեղ չեն կոպտում եւ աշխատանքային ժամին, այցելուներին սպասարկելիս, չեն սրճում եւ բաժակները չեն շրջում անմիջապես գրքերի վրա՝ բախտ նայելու նպատակով: Նկատեմ, որ շատ է պատահում, երբ այլ գրադարաններում աշխատակիցները, երշիկ ծամելով, «մունաթ» են գալիս ուսանողների վրա, որոնք խանգարում են իրենց հանգիստ սնվելուն: Եվ այսպես, Իսահակյանի անվան գրադարանի աշխատակիցների մտքով հետաքրքիր բան է անցել՝ միջանցքում ցուցափեղկի վրա զետեղված է, թե տվյալ ամսին որ հայտնի գրող-բանաստեղծների, նշանավոր մարդկանց ծննդյան տարեդարձն է: Օրինակ, օգոստոս ամսին ծնվել են հետեւյալ մարդիկ. Գարեգին Ա (Նշան Սարգսյան, Ամենայն հայոց կաթողիկոս՝ 1995-1999թթ, 70-ամյակը), Իգնատ Մամյան (բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, 55-ամյակը), Անահիտ Պարսամյան (բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, 55-ամյակը), Մուշեղ Մինասյան (գեներալ-մայոր, 100-ամյակը) եւ այլն: Եվ ցուցակի վերջում, ի՞նչ եք կարծում՝ ո՞ւմ ծննդյան օրն էր նշված: Դե, իհարկե, մեր մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանի: Անչափ ուրախացա մեր նախարարի համար՝ որքան ուշադիր ենք մենք նրա նկատմամբ, սակայն մտածեցի՝ տեսնես գիտե՞ն արդյոք հայ ուսանողները՝ ո՞վ է Ռոլանդ Շառոյանը, եւ վազեցի նրանց շրջանում հարցում կատարելու: Մոտավորապես քսան հարցվածներից միայն երեքը գիտեին նրան, սակայն նրանց համար էլ անակնկալ էր, որ մեր նախարարը նաեւ լրագրող է, ինչպես նշված էր գրադարանում: Ռ. Շառոյանի մասին հետեւյալ տեղեկությունները նաեւ իմացա հարցմանը մասնակցած ուսանողներից. 1. Ռ. Շառոյանը Լենինի զինակիցներից էր, 2. Ք. Քըրքորյանից հետո ամենահարուստ հայն է, 3. ԵՊՀ նախկին ռեկտորն էր, 4. ՊՆ նախարարն է, 5. «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավարն է, 6. Ֆիզկուլտուրայի ջղային դասախոս է: Մի ուսանող էլ նույնիսկ ասաց. «Հիմա չեմ հիշի՝ ով է Ռոլանդ Շառոյանը, բայց գիտեմ, որ տանը նրան Լոլո են ասում»: Սկզբում հիասթափվեցի, որ երիտասարդները չեն ճանաչում նաեւ երիտասարդության հարցերով նախարարին։ Հետո էլ ինքս ինձ վրա զարմացա։ Ո՞վ կարող է մեղադրել այս ուսանողներին: Ի՞նչ լավ բան է արել պրն Շառոյանը, որպեսզի մենք ճանաչենք նրան: Հնարավոր է՝ նախարարը կարծում է, որ մշակույթն ու երիտասարդությունը անհամատեղելի հասկացողություններ են: Սակայն հիշեցնեմ պրն Շառոյանին, որ իր պաշտոնը՝ որպես մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար, մատնացույց է անում, որ նա անմիջական կապ ունի «կյանքի ծաղիկների» հետ: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել