Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջանիկի գործով» տուժող չկա

Սեպտեմբեր 05,2002 00:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դատական գործընթացը վերածվելու է զավեշտի Երեկ Արարատի մարզի Վեդիի դատարանում շարունակվեց Ջանիկ Ադամյանի եւ Ջեմմա Սահակյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։

«Ամբաստանյալ» Ջ. Ադամյանը, հիշեցնենք, որ մեղադրվում է մի բանաստեղծության համար, ուր մասնավորապես գրված է. «Շատերը Վազգենով հարստացան, բայց այսօր նրան մոռացան, այսօր ունեք հիմնարկ, բար, շքեղ դաչա, տուն, ջիպ, ոսկի, դոլար ունեք դուք շատ, միայն չունեք հարգանք, պատիվ, այդ ամենի համար դուք պարտական եք Վազգենին, բայց պաշտում եք այսօր դուք անաղուհաց Ռոբերտին։ Անաղուհաց քրդի շունը շուտ ուրացավ Վազգենին, հաստատ խառն է նրա մատը հոկտեմբերի 27-ի գործին»։ Վերոնշյալ բանաստեղծությունը մեքենագրած Ջեմմա Սահակյանը նույնպես հայտնվել է ամբաստանյալի աթոռին։

Նախորդ դատական նիստին Ջանիկ Ադամյանը պաշտպան չուներ, եւ երեկ դատարանին պաշտոնապես իր լիազորագիրը հանձնեց Հովիկ Արսենյանը։ Նա էլ հանդես եկավ միջնորդությամբ, ըստ որի, ասաց, որ առանց ծանոթանալու քրգործի նյութերին, հիմք ընդունելով կազմված մեղադրական եզրակացությունը, գտնում է, որ խախտվել են իր պաշտպանյալի նյութական եւ դատավարական իրավունքները։ Հ. Արսենյանը գտնում էր նաեւ, որ գործի «շան գլուխը» թաղված է ՀՀ Քրդատօրի 183 հոդվածում։ Ըստ այդ հոդվածի՝ «ՀՀ Քրեական օրենսգրքի 109 հոդվածի 2-րդ մասով, 110 հոդվածի 1-ին մասով, 131 հոդվածի 1-ին մասով, 132 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա եւ մեղադրյալի կամ կասկածյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման»։

Ինչպես գիտեք, այս գործով տուժող չկա, հետեւաբար չկա նաեւ նրա շահերի ներկայացուցիչ, եւ անհավասար մրցակցության իրավիճակ է ստեղծվել դատարանում։ Պաշտպանը շարունակեց. «Կասկած չունեմ, որ յուրաքանչյուրիդ հասկանալի դարձավ, թե ինչու չի հարցաքննված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի պատվի, արժանապատվության, հեղինակության դեմ իբր ոտնձգություն է կատարել իմ պաշտպանյալը»։ Նա գտնում էր նաեւ, որ «մատը խառը լինել» արտահայտությունը նախաքննական մարմինը վերծանել է «մեղադրել է» իմաստով (նաեւ՝ «առնչություն ունենալ»)։

«Ոչ ոք չի կարող ժխտել ՀՀ նախագահի առնչությունը «Հոկտեմբերի 27»-ի գործին։ Առնվազն հիշեցնում եմ, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով վարույթն իրականացնող մարմնի ղեկավարը՝ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, բազմիցս է հայտարարել, որ նախաքննության ընթացքի մասին ինքը կանոնավոր զեկուցում է ՀՀ նախագահին։ Ասացեք խնդրեմ, Ջանիկ Ադամյանի գրվածքում ո՞րն է սուտ -հերյուրանքը»,- շարունակեց նա։ Ըստ փաստաբան Հ. Արսենյանի, իր պաշտպանյալին վերագրված արարքը նախաքննական մարմնի երեւակայության արդյունք է, եւ «այն նպատակ է հետապնդել ցանկությունը իրականության վերածել»։

Խոսքն այս դեպքում վերաբերում է մեղադրականում տեղ գտած այս արտահայտությանը. «Ջ. Ադամյանը մեղադրել է նախագահին ծանր հանցագործության կատարման մեջ»։ Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նաեւ նախաքննական մարմնի «մեղադրական հակվածության» վրա, որով ցույց են տվել իրենց նվիրվածությունն ու հավատարմությունը ՀՀ նախագահին, ըստ որի էլ՝ ոտնահարվել են ՀՀ քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։ «Չէ՞ որ նախաքննական մարմինը գտել է, որ նրա պատվի, արժանապատվության եւ հեղինակության նկատմամբ հանցավոր ոտնձգություն է կատարվել, հետեւաբար անհրաժեշտություն է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվեր որպես վկա եւ եթե կժխտեր իր առնչությունը «27»-ի գործին, հայտարարելով, որ դա ակնհայտ սուտ հերյուրանք է, նոր միայն իրավունք կունենար վարույթն իրականացրած մարմինը հարուցելու քրեական գործ, եւ պետք է նա տուժող ճանաչվեր, որպեսզի կամ անձամբ, կամ ներկայացուցչի միջոցով պաշտպաներ իր պատիվն ու արժանապատվությունը»։

Հետեւաբար նա միջնորդեց Ջ. Ադամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Մեղադրող Հմայակ Հակոբյանը (զարմանալի զուգադիպությամբ նա կրում է հայտնի աճպարարի անուն-ազգանունը) խնդրեց 2-2,5 ժամ՝ միջնորդության համար։ Ժամը 16։05-ին՝ վերադառնալով նիստերի դահլիճ, նա դաստիարակչական տոնով նկատեց, որ պաշտպանը չպետք է դրսեւորեր շտապողականություն եւ քրգործի հիմքերը վիճարկելուց առաջ պետք է ծանոթանար գործի գոնե այն նյութերին, որոնք եղել են մինչեւ քրգործ հարուցելը։

Մոտավորապես հասկացրեց դահլիճին, որ նախաքննության մարմինը չի ցուցաբերել «իշխանամետ ջանասիրություն», առավել՝ չի ունեցել «կարիերիստական նկրտում»։ Նա նաեւ ասաց, որ քրգործ հարուցելու պահին ակնհայտ է եղել, որ դեպքը դուրս է մնում մասնավոր մեղադրանքի շրջանակներից։ Նա գտավ, որ տուժող ճանաչելու որոշում կայացնելու անհրաժեշտության խնդիր չկա, եւ որ ամբաստանյալ Ջ. Ադամյանն ինքն է ընդունել իր ցուցմունքներով թռուցիկի բովանդակությունը, «անձամբ վերծանել ուղղակիորեն, որ իր կարծիքով, հանրապետության նախագահը տեղեկություններ է ունեցել կատարվելիք սպանություններին»։

Ինչ վերաբերում է պաշտպանի ասածին (գործը դատական վարույթում ապօրինի ընդունելու մասին), նա նկատեց, որ դատական նիստի ընթացքում կողմերից չի ստացվել բողոք՝ իրավունքների խախտման վերաբերյալ։ Միջնորդությունը մերժվեց, դատարանը՝ խորհրդակցական սենյակից դուրս գալով, ցույց տվեց իր դիրքորոշումը՝ գտավ, որ Ջ. Ադամյանի պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման, գտավ նաեւ, որ կատարված արարքը բովանդակում է Քրօր 131 հոդվածի 2-րդ մաս, եւ տուժողի բողոքն անհրաժեշտ չէ քրգործ հարուցելու համար։

Հ. Արսենյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ մի հետաքրքիր դիտարկում անելով. «Ակնհայտ դարձավ, որ օրենսդրական դաշտում գոյություն չունեցող մի նորմ է գործում, որ եթե պաշտոնատար անձի կամ իշխանության ներկայացուցչի նկատմամբ է ոտնձգություն արվել, ուստի այն հանրային մեղադրանքի գործ է։ Ստիպված եմ հայտարարել, որ վարույթն իրականացրած մարմնի համար ֆիզիկական անձը բարձրացվել է իրավաբանական անձի»։ Պաշտպանը միջնորդեց՝ դատարանին գրավոր բացարկ հայտնելու համար հետաձգել դատական նիստը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30