Գնացեք ռամկավարների գրասենյակ եւ տեսեք «Ինչ եվրոռեմոնտ են արել, ինչ միջոցներով» ՀԿԿ Վանաձորի (կամ Կիրովականի) քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի եւ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ Արամ Խաչատրյանի հերթական, եռամսյակային ասուլիսը իշխանություններին հերթական անգամ «սթափեցնելու» միտում ուներ։ Ա. Ղուկասյանը, ինչպես նախորդ տարի այս նույն ժամանակաշրջանում, հիշեցրեց, որ ձմեռը յոթ սարի ետեւում չէ, ու մարդիկ, հայտնի չէ, թե ինչպես են անցկացնելու ձմեռը, եթե անվճարունակ են։ Քաղաքային իշխանություններին քննադատելով ապօրինաշինությունների համար, վերջինս նշեց, որ իշխանությունների թողտվությամբ ու համայնքի ավագանու համաձայնությամբ տեղի է ունենում կանաչ տարածքների ոչնչացում՝ առեւտրի օբյեկտների տեղադրման նպատակով։ Նաեւ դժգոհեց, թե բնակիչներին ստիպում են տնակներն ազատել՝ իբր թե բակերը բարեկարգելու եւ խաղահրապարակներ կառուցելու նպատակով, բայց տնակներն ազատելուց հետո խաղահրապարակների մասին չեն էլ մտածում (տեղադրում են ավտոտնակներ)։ «Քաղաքապետին թվում է, թե ինքը թագավորական պալատում է, բնակիչներն էլ իր նազիր-վեզիրներն են»,- ռեպլիկի կարգով նետեց Ա. Ղուկասյանը։ Ե՛վ նա, ե՛ւ Ա. Խաչատրյանը դժգոհեցին, թե ինչո՞ւ Վանաձորի անկախ հեռուստաստուդիաներից մեկը պատեհ-անպատեհ հրավիրում է քաղաքապետի նախընտրած մարդկանց ու կամ նրանց է գովաբանում, կամ նրանց միջոցով՝ քաղաքային իշխանություններին, մինչդեռ, կոմկուսի անդամների միտքն ավելի հաճախ թերի է հնչում եթերից, ասուլիսները կամ հանրահավաքներն ուղեկցվում են հեգնական մեկնաբանություններով։ Ա. Խաչատրյանը, որ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչն է, դժգոհեց, որ որոշ դեկաններ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ուսանողներին ստիպում են ընդգրկվել ռամկավար-ազատական կուսակցության շարքերը, մինչդեռ, ըստ նրա, այդ ուսանողները «հոգով կոմունիստ» են։ Ի դեպ, ռամկավարներին անդրադառնալիս Ա. Խաչատրյանը խորին համոզվածությամբ «կասկած» հայտնեց, թե նրանց գրասենյակները բարգավաճում են իշխանությունների շնորհիվ. «Գնացեք ռամկավարների գրասենյակ՝ տեսեք ի՜նչ եվրոռեմոնտ են արել՝ չեխական ունիտազով- բանով։ Ի՞նչ միջոցներով»։ «Նախագահամետ կուսակցություններ» ենթատեքստում էլ ասուլիսի կազմակերպիչները մատնանշեցին, որ ՀՆԿ-ի (նորացված կոմկուսի) նստավայրը Վանաձորում ավտոհավաքակայանն է, որը քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում։ Ասուլիսի կազմակերպիչները դժգոհեցին, թե ինչո՞ւ ընտրատարածքային-տեղամասային հանձնաժողովներում 3-ական մարդ լիազորված եւ նշանակված է ՀՀ նախագահի կողմից։ Իսկ հնարավոր իշխանափոխության վերաբերյալ Ա. Խաչատրյանը այսպիսի դիտարկում արեց. «Եթե ժողովրդի 95%-ը խնդրի, Ռոբերտ Քոչարյանը կհեռանա»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ