Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈԼԴԱՇ ԱԼԻԵՎԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Սեպտեմբեր 05,2002 00:00

ՅՈԼԴԱՇ ԱԼԻԵՎԻ ՕՐԻՆԱԿՈՎ Երբ Թուրքմենստանի ցմահ նախագահ Նիյազովին հարցնում են, թե ինչո՞ւ են իր երկրում ամեն քայլափոխի տնկած իր հսկայական արձանները, Թուրքմենբաշին համեստաբար պատասխանում է. «Ես էլ եմ դրան դեմ: Բայց ի՞նչ անեմ՝ ժողովուրդն ինձ սիրում է»: Հիրավի, Արեւելքում ժողովուրդն իր առաջնորդներին պաշտում է գժվելու չափ: Հայաստանն էլ, որպես Ասիայի անբաժանելի մաս, անձի պաշտամունքի ուղղությամբ ոչնչով Թուրքմենստանից հետ չպիտի մնա: Այդ ազգանպաստ գործընթացից հետ չմնալու համար կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրամայել է բոլոր դպրոցներում փակցնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկարները: Հույս ունեմ, որ հայերի հոգեւոր առաջնորդը դեմ կլինի այդ կռապաշտությանը: Նույնը չեմ կարող ասել Հայաստանի աշխարհիկ ղեկավարի մասին: Բանն այն է, որ ժամանակին պրն Քոչարյանի կոմերիտական, իսկ հետո՝ պարտկոմական գրասենյակում փակցված էր, հավանաբար, եւս մի հանրահայտ ասիացու՝ այն ժամանակվա Ադրբեջանի կոմունիստների առաջնորդ Հեյդար Ալիեւի նկարը: Ինչպես հիշում եք, 70-ականների վերջում յոլդաշ Ալիեւը ակտիվորեն մտնում էր յոլդաշ Բրեժնեւի, պայմանականորեն ասած՝ աչքը: Եվ կարելի է պատկերացնել, թե ինչպես էր երիտասարդ պարտկոմը երազում, որ կգա այն ժամանակը, երբ իր՝ Քոչարյանի ստորադասները կմտնեն նույն տեղը: Պետք է ասել, որ ժամանակակից Հայաստանում նման ցանկություն ունեցողները քիչ չեն՝ նախարարներ, պատգամավորներ, կուսակցությունների առաջնորդներ, մարզպետներ, տեղական ինքնակառավարման ղեկավարներ: Վերցնենք թեկուզ Գյումրիի հոգեպես անհավասարակշիռ քաղաքապետին: Վաղուց արդեն ժամանակն է, որ Գյումրիի քաղաքապետարանի առջեւ կանգնեցվի ՀՀ գործող նախագահի ցիկլոպիկ արձանը: Եթե շատ է սիրում Ռ.Քոչարյանին, թող այդպես էլ անի: Այստեղ մի կարեւոր առարկություն կա: Իսկ եթե մյուս տարի Ռ.Քոչարյանը չվերընտրվի՞: Իսկ եթե հաջորդ ընտրություններում էլ նախագահը փոխվի՞: Ուրեմն, 5 տարին մեկ անհրաժեշտություն կլինի փակցնել-հանել նկարները, սարքել-քանդել արձանները: Դա կավելացնի՞ մեր հարգանքը պետության եւ նախագահի ինստիտուտի հանդեպ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել