Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրկին՝ ազգովի խնդրելու մասին

Սեպտեմբեր 05,2002 00:00

Կրկին՝ ազգովի խնդրելու մասին Օգոստոսի 26-ին «Ազատություն» ռ/կ-ով եթեր էր հեռարձակվել հարցազրույց Հայաստանում Իտալիայի դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցայի հետ: Ներկայացնում ենք այդ հաղորդման վերծանությունը: «Մոտ մեկ ամիս առաջ առիթ ենք ունեցել ծանուցելու, որ ամռան առաջին կեսին ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանները հանդիպել են Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Այո,- ասում է Հայաստանում Իտալիայի դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան,172 նման հանդիպում եղել է: Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ անձնավորություն է, Հայաստանում ապրող շատ այլ մարդկանց նման»: Եվրամիության դեսպաններն էլ հանդիպել են ոչ միայն նախկին նախագահի, այլեւ պետական եկամուտների, ֆինանսների, արտաքին գործերի նախարարների հետ: Պարոն Տրաբալցայի տպավորությունն այն է, որ Տեր-Պետրոսյանն այնքան էլ հակված չէ մեծ քաղաքականություն վերադառնալ. «Հնարավոր է՝ նա հիասթափված է իր նկատմամբ ժամանակին հայաստանցիների ցուցաբերած վերաբերմունքից»: Տրաբալցան, այնուամենայնիվ, հիմա որդեգրել է այդ հարցում սպասելու՝ իր բառերով՝ ապրելու եւ տեսնելու մոտեցումը: Լեւոն Տեր-Պետրոսյանի թեմայով խոսելիս Իտալիայի դեսպանը Հռոմի պատմությունից մի օրինակ բերեց Չինչինատո անունով մի հռոմեացի գործչի կյանքից. «Ժամանակին, երբ թշնամիներ էին հարձակվել Հռոմի վրա, Սենատը դիմեց նրան, եւ նա, առաջնորդելով հռոմեական զորքը, հասավ հաղթանակի, ինչից հետո վերադարձավ իր մասնավոր կյանքին: Անցան տարիներ: Թշնամիները մեկ անգամ եւս հարձակվեցին Հռոմի վրա: Չինչինատոն,- ասաց դեսպան Տրաբալցան,- չընդունեց Սենատի առաջարկը՝ վերստին գլխավորել հռոմեական զորքը եւ դա այնքան ժամանակ, մինչեւ նույն խնդրանքը նրան ներկայացվեց ազգովի»: Հիշու՞մ եք, ժամանակին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը միայն ազգովի խնդրանքի դեպքում հնարավոր համարեց իր վերադարձը: Ու մինչ դեսպանի սպասումն ընթացքի մեջ է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը իրականություն կդառնա թե ոչ, մենք վերադառնանք պարոն Տրաբալցայի հարցազրույցին: Եվրամիության դեսպաններն, ինչպես բնորոշվեց, իրենց բարեկամական զրույցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի մասին եւս խոսել են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ի շարս այլ հարցերի՝ թե նա ինչ է մտածում Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին եւ այլն: «Այդ նույն հարցերի վերաբերյալ նաեւ նախագահ Քոչարյանի տեսակետն ենք հարցրել»,- ասաց Իտալիայի դեսպանը: Պարոն Տրաբալցայի տպավորությամբ, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը մոտ չէ, դա կախված է երկու կողմերի կամքից. եթե նրանք չեն կամենում զիջում անել, ապա հարցի լուծումը ենթակա է հետաձգման: Իսկ որքան հետաձգվի լուծումը, այնքան Հայաստանն ավելի ուշ սեփական տնտեսությունը կառողջացնի եւ կհասնի Սովետական Միության փլուզման պահին եղած բարեկեցության մակարդակին: Իսկ որ Արցախի հարցի լուծումը մոտ չէ՝ պարոն Տրաբալցան ոչ թե Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ զրույցներից է մտահանգել, այլ մինչ Հայաստան գալն արդեն այդպիսի կարծիք է ունեցել…»: ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել