Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լավ հնարք՝ վատ խաղի ընթացքում

Սեպտեմբեր 05,2002 00:00

Լավ հնարք՝ վատ խաղի ընթացքում Հայաստանի համայնքների միության արտահերթ համագումարի վերաբերյալ օրեցօր պարզվում են նոր հանգամանքներ: Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում պաշտոնական քարոզչությունը ջանքեր էր գործադրում հարթելու տեղի ունեցածը: Բացատրելի ճիգեր էին, քանզի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իշխանամերձ աղբյուրների վկայությամբ՝ խիստ զայրացել էր, որ վարչապետի եւ կառավարության հասցեին այդ ամբողջ քննադատությունը հնչեց հենց իր ներկայությամբ՝ մի առանձին կշիռ հաղորդելով կատարվածին: Սրանից առանձնապես չի բխում, թե այդ ամենը պրն Քոչարյանի սրտով չէր: Ուղղակի վտանգավոր է ժամանակից շուտ խաղաքարտերը բացահայտելը եւ ակնհայտ ցուցադրելը, որ իբրեւ իշխող կուսակցություն՝ ՀՀԿ-ի օրերը հաշված են: Այն ԱԺ-ում այլեւս չի ունենալու մեծամասնություն եւ զրկվելու է կառավարության մեջ իր ղեկավար դերակատարությունից. եւ այս քայլը կատարելու համար հասարակական կարծիքի համապատասխան ֆոնն արդեն ստեղծվում է՝ կառավարությունից անգամ պետական համակարգում ներգրավվածների դժգոհության դրսեւորումներով: Սակայն ընտրությունների շեմին կառավարությանը բացահայտ ասել, թե փետրվարի 19-ից հետո այն նույն կազմով այլեւս չի գործելու, նշանակում է՝ ուղղակի հրահանգել, որ կառավարությունը կամ աշխատի, որ չընտրվի Ռոբերտ Քոչարյանը, կամ, լավագույն դեպքում, նրա վերընտրության հարցում մատնվի անգործության: Հիշեցնենք, որ մեր երկրում դրա նախադեպն արդեն կա՝ 1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրարշավում անընդհատ այն թեզն էր շրջանառվում, թե ընտրություններից հետո Հրանտ Բագրատյանի կառավարության մեջ լինելու են փոփոխություններ: Ահա եւ դառը փորձն այժմ էլ չկրկնելու համար հիմա հավաստիացումներ են հնչեցվում, թե Քոչարյանը բոլորովին դժգոհ չէ Անդրանիկ Մարգարյանի գործունեությունից, իսկ Համայնքների միության համագումարում կատարվածը զուտ մեկ անձի՝ Էջմիածնի քաղաքապետ Երվանդ Աղվանյանի սեփական նախաձեռնությունն էր: Վերջինս բոլոր տվյալներն ունի քավության նոխազ դառնալու համար՝ Էջմիածնի մի քանի ավագանիներ անվստահություն են հայտնել նրան, եւ այդ հարցը պիտի քննարկվի կառավարությունում, իսկ ՀՀԿ-ն վաղուց Երվանդ Աղվանյանին չի տեսնում այդ պաշտոնում: Բայց ամեն ինչ միայն նրա ուսերին բարդողները սուտ մոռացության են մատնում՝ այս համայնքապետը միակը չէր համագումարում, որ հանդես եկավ ընդդեմ կառավարության, եւ քննադատողներին խլացուցիչ ծափահարությունների էին արժանացնում հավաքված 6 հազարից ավելի պատվիրակները: Ճիշտ է, համագումարից հետո մնացյալ համայնքապետերը «սրբագրեցին» իրենց ելույթները՝ թե սխալ են հասկացվել, իսկ մասնակիցներից ոմանք, մարզպետների ճնշման եւ աշխատանքից ազատվելու սպառնալիքի ներքո՝ ընդհանրապես ժխտեցին, թե ներկա են եղել այդ դահլիճում: Oրերս էլ գործի դրվեց մի նոր հնարք, որն իր ասուլիսում ազդարարեց ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը: Այն է թե, այդ համագումարին մասնակցել են «ոչ թե Համայնքների միության անդամները, այլ՝ մանկապարտեզի դաստիարակչուհիներ: Հրավիրվել էին համայնքների ավագանու անդամներն իրենց տիկնանց հետ»: Ըստ այդմ, պարզվում է, որ նախագահ Քոչարյանը 30-40 րոպեանոց ելույթ էր ունեցել, տեղական ինքնակառավարման վերաբերյալ իր նկատառումները փոխանցել եւ հանձնարարել ազատ ու արդար ընտրություններ անցկացնել մանկապարտեզի դաստիարակչուհիներին ու ավագանիների կանա՞նց… Նման ծաղր նախագահի հասցեին դիտմամբ չէր հնարի ամենասաստիկ ընդդիմադիրը նույնիսկ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել