Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԱԿՐԱՎՈՐԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ»

Սեպտեմբեր 05,2002 00:00

«ՍԱԿՐԱՎՈՐԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ» Մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերը երեկ պաշտոնապես հրապարակեցին միավորման համատեղ հայտարարությունը: Դրանով հավաստեցին իրենց «հավատարմությունը պետական ազգային շահերին եւ ժողովրդավարության հիմնարար արժեքներին», նաեւ հայտարարեցին, որ «հաստատակամ են ընտրությունների ընթացքում պաշտպանելու ժողովրդի քվեն, վճռականորեն պայքարելու ընտրակեղծիքների եւ ընտրությունների արդյունքների նենգափոխման ցանկացած փորձի դեմ»։ Միավորումը նպատակաուղղված է՝ դառնալ նախընտրական դաշինք եւ նախագահական ընտրություններին մասնակցել միասնական թեկնածուով եւ ծրագրով։ Հասկանալի է, որ վերջին երկուսը միավորման ամենանուրբ կողմերն են, հետեւաբար՝ ամենախոցելին։ Ի՞նչ սկզբունքով է ընտրվելու միասնական թեկնածուն, եթե հաշվի առնենք, որ միավորման ներսում մանր ու շատ մանր կուսակցությունների հետ կլոր սեղանի շուրջ են նստած խոշոր եւ շատ խոշոր կուսակցություններ։ Արդյո՞ք բոլորը հավասար ձայնի իրավունք ունեն, եթե՝ այո (ավելի ուշ ԳիԱրՔՄի-ի ղեկավար Ալեքսանդր Աղամալյանը մեզ հետ զրույցում հաստատեց՝ այո, անկախ չափերից, յուրաքանչյուր կուսակցություն մեկ ձայնի իրավունք ունի), ուրեմն միավորման ներսում պառակտումները հենց այս հողի վրա կլինեն։ «Սոցիալիստական Հայաստան» միավորման նախագահ Գագիկ Մարգարյանը, պատասխանելով «Առավոտին» հետաքրքրող հարցին, ասաց, որ «Սոցիալիստական Հայաստանն» ունի նախագահի իր թեկնածուն, «բայց մենք միացյալ ենք եւ պաշտպանելու ենք մեկ ընդհանուր թեկնածուի, որը կառաջադրվի 16 կուսակցությունների կողմից։ Սա սկզբունքային մոտեցում է, կարծում եմ, չենք շեղվելու եւ մինչեւ վերջ գնալու ենք»։ Սա, իհարկե, մեր հարցի պատասխանը չէր, թեպետ, եթե հաշվի առնենք, որ Ալբերտ Բազեյանը մինչ այդ ասել էր՝ «այդ մեխանիզմը դեռեւս հստակեցված չէ», ուրեմն պետք է ենթադրել, որ, հավանաբար, առաջիկայում միավորումը կվերանայի իր դիրքորոշումն այս հարցում։ Հայտարարության մեջ նշված է, որ միավորումը բաց է այն ուժերի համար, որոնք պատրաստ են մասնակցելու քաղաքական համախմբման գործընթացին. ի՞նչ սկզբունքով են ընդունվելու այլ կուսակցությունները։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ այդ հարցերը կքննարկվեն միավորման խորհրդում յուրաքանչյուր կոնկրետ դիմումի դեպքում։ Միավորման ներսում տարբեր գաղափարական հիմքի վրա գործող բազմաթիվ կուսակցություններ կան, ինչպե՞ս են նրանք համագործակցելու։ Ստեփան Դեմիրճյանի ներկայացմամբ, միավորման ստեղծման համար կար հասարակական պահանջ, եւ միավորումը ստեղծվեց. «Պետք է, իհարկե, դրսեւորել շատ պատասխանատու մոտեցումներ, կարծում եմ՝ ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը պատրաստ են դրան»։ Ի՞նչ չափանիշներով է միավորումն ընտրելու միասնական թեկնածուին։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը, պատասխանելով այս հարցին, ասաց. «Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրելու այդ թեկնածուի համար, այսինքն՝ քաղաքական պատասխանատվությունը ստանձնել ենք միասնաբար, եւ այն թեկնածուները, որոնք եւս կարող էին լինել միասնական թեկնածու, նրանք եւս իշխանափոխության դեպքում պետք է աշխատեն պետական ամենապատասխանատու պաշտոններին, այսինքն՝ իշխանության բեռը չի բարդվելու միայն գործող նախագահի վրա, լիազորությունները՝ նույնպես»։ Իսկ առաջին չափանիշը, ըստ պրն Բազեյանի, կլինի ընտրողի վերաբերմունքը, մյուս չափանիշները կարող են լինել թեկնածուի քաղաքական հենարանը, ինտելեկտուալ պատրաստվածությունը, բարոյական կերպարը եւ այլն։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցերը հիմնականում ուղղում էին Ստեփան Դեմիրճյանին, միասնական թեկնածուի վերաբերյալ հարցին եւս պատասխանելով, պրն Դեմիրճյանը կրկնեց իր միտքը. «վաղաժամ է այդ մասին խոսելը։ Ինչ վերաբերում է չափանիշներին՝ ընտրողը լինելու է ժողովուրդը»։ Միավորման ներսում, ըստ որոշ գիտակների, ի սկզբանե կան կուսակցություններ, որոնք պայթուցիկի դեր են խաղալու՝ կատարելով իշխանությունների պատվերը։ «Առավոտը» խնդրեց, որ այս մասին իր հարցին պատասխանեն ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը եւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։ Պրն Խաչատրյանը նախ անակնկալի եկավ՝ ինչո՞ւ հենց իրեն ուղղվեց հարցը, հետո ասաց՝ սակրավորը սխալվում է մեկ անգամ (կողքից Վազգեն Մանուկյանը նկատեց՝ «եւ այդ մեկը արդեն սխալվե՞լ է»)։ Իսկ ավելի լուրջ՝ Հրանտ Խաչատրյանն ասաց. «Հայաստանում ներքաղաքական եւ արտաքին քաղաքական վիճակը բավականին բարդ է, եւ մեր միավորման հիմնական հաջողությունն այն է, որ միավորման բոլոր անդամները գիտակցում են այդ վիճակի բարդությունը»։ Հրանտ Խաչատրյանի կարծիքով, միավորումն առնվազն 90 տոկոսով կհասնի հաջողության։ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ երբ միավորումը վերաճի դաշինքի՝ պայմանավորվածությունները շատ ավելի կուռ կլինեն. «Միասնական ծրագիր ունենալու դեպքում՝ մենք կարող ենք ունենալ միասնական թեկնածու։ Այս պարագայում, ականները, որոնք կարող են պայթել, եթե պայթեն էլ, ոչ ոքի վնաս չեն հասցնելու, բացի իրենցից։ Այնպես որ, թող մտածեն նրանք, ովքեր իրենք իրենց պայթելու են»։ Հր. Խաչատրյանը կողքից հավելեց՝ «փուչիկներն ականների տեղ պետք չէ դնել»։ «Առավոտն» ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին հարց ուղղելով՝ ասաց, որ պրն Մանուկյանի մասնակցությունն ի սկզբանե տարօրինակ էր ավելի սոցիալիստական եւ ռուսական համակրանքներ (մեղմ ասած) ունեցող կուսակցությունների միավորման մեջ եւ, հարցի կիսալուրջ մասը. արդյո՞ք Վազգեն Մանուկյանը Արշակ Սադոյանի եւ Շավարշ Քոչարյանի հետ միավորման ներսում մի նոր ԱԺՄ չի վերստեղծի։ Հարցի նման՝ պատասխանն էլ ստացվեց լուրջ եւ կիսալուրջ. «եթե լուրջ վերաբերվենք, ամեն մի ընտրության, միավորման ստեղծման ժամանակ երկու խնդիրն էլ կա՝ իհարկե, դու ինչ-որ մի բանի դեմ ես։ Ես ինձ թույլ չեմ տա գնահատել Ռ. Քոչարյանի անձը, որովհետեւ անձի հարցը չի։ Ուղղակի ձեւավորվում է մի Հայաստան, որը, անկեղծ ասած, ինձ դուր չի գալիս եւ չի համապատասխանում այն գաղափարներին, հանուն որոնց մենք պայքարում էինք»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել