Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՑԱՎԱԼԻ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԿՐԿՆՎԻ 96-Ը»

Սեպտեմբեր 05,2002 00:00

«ՑԱՎԱԼԻ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԿՐԿՆՎԻ 96-Ը» ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը հույս հայտնեց, որ դա տեղի չի ունենա Սեպտեմբերի 9-ին, ՀՀ ԱԺ-ն կգումարի իր հերթական աշնանային նստաշրջանը: Ինչպես նստաշրջանի, այնպես էլ առաջիկա եռօրյայի օրակարգը հիմնականում ձեւավորված է: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց նստաշրջանի օրակարգում ընդգրկված եւ ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորություններին առնչվող օրինագծերը՝ «Քրեական օրենսգիրք», «ԶԼՄ-ների մասին» օրենք, նաեւ՝ 2003-ի պետբյուջե: ԱԺ փոխխոսնակի հետ մեր զրույցի ժամանակ մենք, անշուշտ, չէինք կարող շրջանցել նաեւ առաջին եռօրյայում սպասվելիք սուր զարգացումների թեման: Հատկապես ընդդիմադիր պատգամավորներից շատերն են միակամ՝ այդ օրը ամբիոնը գրավելու հարցում: Հիշեցնենք, որ դեռ նախորդ եւ հերթական նստաշրջանում վերջիններս հատկապես այդպես վարվեցին այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը՝ հակառակ այն ժամանակվա գործող ԱԺ Կանոնակարգ-օրենքի, հրաժարվեց օրակարգում ներառել եւ արտահերթ կարգով քննարկման ներկայացնել նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցի քննարկմանը վերաբերող մի քանի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը: «Ես հույս ունեմ, որ ԱԺ բնականոն աշխատանքը չի խաթարվի»,- հույս հայտնեց պրն Թորոսյանը: Արդյո՞ք նա նկատի ունի այն, որ հարցն օրակարգում, այնուամենայնիվ կընդգրկվի. «Ես նկատի ունեմ այն, որ ինչ եղել է նախորդ նստաշրջանի ավարտին՝ ամբիոնի զավթում, այս անգամ չի կրկնվի»: Իսկ ի՞նչ է, պատգամավորներն իրենց ականջը քաշելո՞ւց կվախենան: «Եթե անգամ այն պատժամիջոցները, որոնք ամրագրվեցին կանոնակարգով, չկիրառվեն, հանգիստ, նորմալ աշխատելու այլ ճանապարհ եւս կա. հրավիրվում են արտահերթ նիստեր, եւ խորհրդարանի աշխատանքը գնում է ինչպես պետք է, ու դրանից ոչ ոք չի տուժում: Այդուհանդերձ, եթե նման դրսեւորումները շարունակվեն, դրանք որեւէ դրական արդյունքի չեն հանգեցնի, փոխարենը՝ նման քայլի գնացողների նկատմամբ հասարակության ներսում կձեւավորվի ոչ դրական կարծիք, որովհետեւ, եթե նման 1-2 քայլը կարող է ընկալվել որպես բողոքի նշան, ապա դրա տեւական ընթացքը կնշանակի՝ պետական կարեւոր մարմնի աշխատանքների խաթարում»: Պրն Թորոսյանը նկատեց, թե ընդդիմադիրների՝ այդ հարցով դատախազություն դիմելու նախաձեռնությունը, անկախ դրա փաստարկված լինել-չլինելու հանգամանքից, գոնե հարցի լուծման իրավական ճանապարհ էր. «Կարծում եմ, շատ խոցելի կլինի նրանց (ընդդիմադիր պատգամավորների- Ն.Մ.) դիրքորոշումը, եթե նորից վերադառնան այն գործելաոճին, որ ընտրել էին: Ես հավատում եմ մեր գործընկերների ողջամտությանը»: ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ նաեւ ներքաղաքական դաշտում նկատվող ակտիվացումներին: Նա չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե քաղաքական բլոկներ ձեւավորվում են սովորաբար ոչ այնքան նախագահական, որքան խորհրդարանական ընտրությունների շեմին: «Կարծում եմ՝ այսօր նկատելի ուժերի միավորումները միտված են հենց նախագահական ընտրություններին: Մասնավորապես «16»-ի միավորումն ակնհայտորեն դրան է միտված: Հակառակ դեպքում՝ նման միավորմամբ խորհրդարանական ընտրություններին գնալը, համոզված եմ, անհեթեթ է: «16»-ի հայտարարությունը ցույց տվեց, որ սկզբում կուսակցությունները ցանկություն են ունեցել դրանում ամրագրել իրենց սկզբունքները, մոտեցումները, որոնք, համոզված եմ, իրենց համար շատ կարեւոր են եղել, բայց որոնցից նրանք հետագայում հրաժարվել են: Միայն կարճ ժամանակի եւ մեկանգամյա օգտագործման համար քաղաքական ուժերը կարող են հրաժարվել իրենց սկզբունքներից: Պատահական չէ, որ հայտարարությունը ձեւակերպվեց ոչ թե որպես քաղաքական պլատֆորմ, գաղափարներ, սկզբունքներ պարունակող փաստաթուղթ, այլ՝ որպես ՀՀ նախագահին իշխանությունից հեռացնելու նպատակ հետապնդող կուսակցությունների հայտարարություն: Նման մոտեցումն ինձ համար անընդունելի է: Ատելության վրա միավորում կառուցելն անիմաստ է»: Մենք, իհարկե, հիշեցրինք 96-ի նախագահական ընտրությունների նախաշեմին նույնպես ՀՀ նախագահի դեմ ատելության վրա ձեւավորված ընդդիմադիրների դաշինքի եւ սեպտեմբերի 21-ի նախագահական ընտրություններում նրա հարաբերական հաջողությունների մասին: Չէ՞ որ կա այդ, եւս գաղափարազուրկ, դաշինքի փորձը: «Իհարկե, եւ տեսանք, թե դրա արդյունքում ինչ կատարվեց: Կար շատ ծայրահեղ եւ փոխադարձ ատելություն, որը վերածվեց գործողությունների՝ սեպտեմբերի 25-ին, ինչն անընդունելի էր: Բացի այդ, իրավիճակներն են տարբեր, եւ շատ ցավալի կլինի, եթե Հայաստանում երբեւէ կրկնվի 96-ի սեպտեմբերի 25-ի եւ 26-ի խայտառակությունը: Այս անգամ ժողովրդավարության փորձառության պակասի վրա հղումներ չենք կարող անել»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել