Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թե չէ՝ կպայթեցնեին

Սեպտեմբեր 04,2002 00:00

Թե չէ՝ կպայթեցնեին Մեր օրերում Հայաստանը կարելի է դասել ահաբեկչական գործողություններից զերծ երկրների թվին։ Սակայն դատելով հանրապետության մարզերի, ինչպես նաեւ մայրաքաղաքի բնակիչների՝ «Առավոտին» հղած դիմում-բողոքներից, համոզվում ենք, որ ի տարբերություն երկրագնդի թեժ կետերի, մեր երկիրը գերհագեցած է տեղական նշանակության «ահաբեկիչներով»։ Օրինակ, Կ. Ուլնեցու 3-րդ փակուղու թիվ 2/2 շենքի բնակիչները, ըստ դիմումի, երբ փորձել են կանխել իրենց շենքի բակում, անմիջապես ենթակայանի հարեւանությամբ անօրինականորեն իրականացվող քարաշեն ավտոտնակի շինարարությունը, ի պատասխան բողոքների, շինարարության հեղինակը սպառնացել էր, թե ավտոտնակն անպայման կառուցվելու է եւ եթե իրենք փորձեն խոչընդոտել, ապա շենքը կպայթեցնի։ Գաղտնիք չէ, որ մեր երկրում ոչ մի բան այնքան հեշտ չի կատարվում, որքան անօրինականությունն ու ապօրինությունը։ Տուժողների բողոքներն էլ սովորաբար օպերատիվ պատասխան են ստանում՝ գլխի տակ փափուկ բարձ դնելով։ Սակայն նշյալ հասցեի բնակիչների խոսքերով, ապօրինի ավտոտնակի կառուցման վերաբերյալ 15.08.2001թ. (մուտք Կ-682) քաղաքապետ Ռ. Նազարյանին հղված դիմումին մինչ օրս ընթացք կամ պատասխան չի տրվել։ Մինչդեռ «Առավոտը» քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզեց, որ սույն դիմումը քաղաքապետը հասցեագրել է ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության պետ Հ. Մուրադյանին։ Բնակիչների դիմումից նաեւ տեղեկանում ենք, որ շինարարության առաջին հիմնասյունը «օրհնվել» է դեռ անցյալ տարի։ Իսկ բնակչության բողոքները մեղմելու նպատակով, ըստ բնակիչների, իրենց հետ հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ճարտարապետը եւ խոստովանել, որ թույլտվությունը բացօթյա ավտոտնակի տեղհատկացման մասին է եւ որ երկաթբետոնե հիմքը ապօրինի է կառուցվել։ Անցել է ավելի քան մեկ տարի, սակայն ապօրինի շինությունը չի քանդվել։ Ավելին, խնդրի առնչությամբ Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանից մեզ հայտնեցին, որ «ամեն ինչ օրինական է։ Թաղապետարանը հիմք ընդունելով քաղաքապետի թիվ 15.71 որոշումը, տվել է իր շինարարական թույլտվությունը»։ Փաստորեն, քաղաքապետի գրչի մի հարվածով «ամեն ինչ օրինականացվել» է։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել