Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԲԱՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ ՄՐՑԱԳՈՐԳԸ

Սեպտեմբեր 04,2002 00:00

ԱՄԵՆ ԲԱՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ ՄՐՑԱԳՈՐԳԸ Իրանի մայրաքաղաքում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 44-րդ առաջնությունը, որին մասնակցելու է մեր հանրապետության չորս ներկայացուցիչ։ Նրանք են. 55 կգ քաշային, Սիդնեյի օլիմպիական խաղերի 6-րդ տեղը զբաղեցրած, աշխարհի առաջնության (Թուրքիա) 4-րդ մրցանակակիր, երիտասարդների աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր, Եվրոպայի այդ տարիքային խմբի չեմպիոն Մարտին Բերբերյանը, Արամ Մարգարյանը (60 կգ), որը Եվրոպայի երիտասարդների չեմպիոնն է։ Նա մի քանի տարի բնակվել ու մարզվել է Ուկրաինայում եւ միայն վերջին մեկուկես տարին է, ինչ եկել է Հայաստան, նվաճել հանրապետության չեմպիոնի կոչումը, Արշակ Հայրապետյանը՝ Սիդնեյի օլիմպիական խաղերում հինգերորդը ճանաչվածը 66 կգ քաշայինների պայքարում, Բագրատ Բարսեղյանը (74 կգ)՝ Եվրոպայի երիտասարդների երկրորդ մրցանակակիրը։ Երեկ մեր զրույցի ժամանակ Սպորտվարչության ազատ ոճի ըմբշամարտի եւ ձյուդոյի պատասխանատու Օլեգ Ադյանն ասաց, որ հավաքականն այս առաջնության նախապատրաստումը սկսել է դեռեւս հունվարից։ Այս ամբողջ ընթացքում սահմանված գրաֆիկով կազմակերպվել են բոլոր ուսումնամարզական հավաքները, որոնց կազմակերպման հարցում ոչ մի խնդիր, խանգարող հանգամանք չի եղել։ Միակ բանը, որ չի իրականացվել, մայիս ամսին Եվրոպայի առաջնությունն է եղել, որն անցկացվում էր Բաքվում։ «Մենք ամենայն լրջությամբ էինք նախապատրաստվել այդ կարեւոր ստուգատեսին ու պատրաստ էինք մեկնել հարեւան հանրապետության մայրաքաղաք։ Սակայն ստիպված եղանք հրաժարվել մասնակցությունից, որովհետեւ կազմակերպիչներն այն ժամանակ չէին երաշխավորում մեր պատվիրակության անդամների անվտանգությունը՝ պատճառաբանելով, որ արցախյան մեր հերոսամարտում իրենք տվել են բազմաթիվ զոհեր։ Ու եթե նրանց հարազատները փորձեն ինչ-ինչ ակցիաներ կազմակերպել, իրենք ի վիճակի չեն լինի դիմակայել»։ Ի դեպ, այդ օրերին «Առավոտը» մանրամասն անդրադարձել է ստեղծված իրավիճակին ու լուսաբանել խնդրի էությունը, այդ թվում նաեւ՝ այն խարդավալից գործողությունները, որոնց ադրբեջանական կողմը դիմել էր FILA-ի ղեկավարությանն ապակողմնորոշելու եւ մեղքը մերոնց վրա բարդելու նպատակով։ Օլեգ Ադյանը, այդուհանդերձ, ասաց նաեւ, որ իրենք մանրամասն դիտել եւ ուսումնասիրել են Եվրոպայի առաջնության տեսաերիզները եւ բավականաչափ, բայց ոչ լիարժեք, հեռակա պատկերացում ունեն իրենց հավանական մրցակիցների մասին։ Մեր այն հարցին, թե Թեհրանում մեդալների ակնկալիք ունե՞ն, նա պատասխանեց. «Այդ հույսով են տղաները մրցավայր մեկնել։ Նրանք անցանկալի մրցակից են լինելու յուրաքանչյուրի համար։ Սակայն ամեն բան ցույց կտա մրցագորգը»։ Հետաքրքրվեցինք նաեւ մրցավարությունով. «Թեհրանում մեր հանրապետությունը կունենա երկու ներկայացուցիչ այդ կարեւորագույն ոլորտում։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է FILA-ի մրցավարական կոլեգիայի նախագահ եւ կոորդինատոր, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Ստեփան Ղազարյանին։ Նրա, ինչպես նաեւ՝ նույնպես բարձրագույն որակավորման մրցավար Սամվել Հարությունյանի ներկայությունը ցանկացած խոշորամասշտաբ մրցումում մեզ համար երաշխավորում է անաչառ մրցավարություն, որը շատ կարեւոր է մեր ըմբիշների համար նախ եւ առաջ հոգեբանական առումով»։ Մարզաձեւի սիրահարներին տեղեկացնենք նաեւ, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչը Հրանտ Ենոքյանն է, երկրորդ մարզիչը՝ Արայիկ Բաղդադյանը, որի մեկնումը Թեհրան ֆինանսավորել է հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Ալեքսանյանը։ Ասենք նաեւ, որ Ս. Ալեքսանյանը սեպտեմբերի 5-ին անձամբ մեկնելու է Իրան։ Նրա ներկայությունը, անշուշտ, ոչ միայն կոգեւորի մեր ըմբիշներին, այլեւ դրական դեր կխաղա Հայաստանում մարզաձեւի հետագա զարգացման գործում, ինչպես նաեւ՝ մեր ըմբշամարտի ճանաչմանն ամբողջ աշխարհում։ Վերջում Օլեգ Ադյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ ավտոբուսով աշխարհի առաջնություն են մեկնել նաեւ մարզաձեւի ութ սիրահարներ, որոնք Թեհրանում մտադիր են անմիջականորեն աջակցել ու երկրպագել մեր ըմբիշներին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել