Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անգլիացիները վախենում են մեր նավերից

Սեպտեմբեր 04,2002 00:00

Անգլիացիները վախենում են մեր նավերից Գյումրու միջազգային երրորդ բիենալեին հայ մեծ նկարիչների կտավների ցուցասրահում ներկայացված էին նաեւ նավերի մանրակերտությամբ զբաղվող Մհեր Թովմասյանի աշխատանքները։ Դրանք շշերի մեջ պատրաստված նավեր էին։ Հետաքրքիր է, որ ծովեր, նավահանգիստներ Հայաստանը չունի, իսկ նավերն էլ այստեղ շատ քիչ են, ուրեմն որտեղից է նրա մեջ այդ սերը։ Այս երեւույթը հեղինակը բացատրեց նրանով, որ իր ծնողները տարիներ առաջ բնակվել են նավահանգստային քաղաքներում, ինքն էլ որոշ ժամանակ նավաստի է եղել։ Այժմ Մհերը զբաղվում է առագաստանավային սպորտով։ Մհեր Թովմասյանը պատմում է, որ շշերի մեջ իրական մեծ նավերի ճիշտ պատճեններն են, որոնք պատրաստվում են ըստ գծագրերի, մոտ երեք ամսում։ Նավերը նախ «կառուցվում» են դրսում, իսկ հետո քանդվում են այնպիսի փոքր մասնիկների, որոնք կարող են շշի բերանից ներս մտնել եւ այնուհետեւ հերթականությամբ նորից հավաքվում են։ Ըստ Մհերի, նավերն այս վիճակում կարող են պահպանվել դարեր։ Սկանդինավյան ցուցահանդեսում նույնիսկ 1700թ. պատրաստված նավ է ցուցադրվել։ Աշխարհում գոյություն ունեն շշերի մեջ նավեր պատրաստողների ասոցիացիաներ, որոնք կազմակերպում են համաշխարհային ցուցահանդեսներ աշխարհի բարձրակարգ ցուցասրահներում։ Հայաստանից նման ցուցահանդեսների է մասնակցել միայն Մհեր Թովմասյանը։ 2000թ. Լոնդոնում կայացած նման ցուցահանդեսներից մեկում Մհեր Թովմասյանի աշխատանքները գրավել են առաջին տեղը, իսկ նրա նավերը ամենաթանկն են գնահատվել։ Մ. Թովմասյանը ցուցահանդեսներ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում։ Մհերի կարծիքով, արտասահմանցիների նավերը շատ նման են իրար, քանի որ նրանք ավելի շատ են շփվում միմյանց հետ։ Սակայն իր նավերը շատ յուրօրինակ են։ Անգլիայում սեպտեմբերի 24-ին տեղի կունենա եւս մեկ համաշխարհային ցուցահանդես, որտեղ, ինչպես նշեց Մհեր Թովմասյանը՝ «Անգլիացիներն, իհարկե, չէին ցանկանա ինձ հրավիրել, որովհետեւ իմ նավերից մեկը հաստատ այնտեղ առաջին տեղը կգրավի»։ Դա Ջոն Կապոտի նավի մոդելն է, որը ունիկալ է իր կառուցվածքով եւ աշխարհում միակը լինելով, շշի ներսում գտնվող նավի ղեկը դրսից հեշտությամբ կարելի է շարժել։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել