Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՏՈԿՈՍԱՆՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Սեպտեմբեր 04,2002 00:00

ՄԵԿ ՏՈԿՈՍԱՆՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Դերասան Ազատ Գասպարյանը հայտարարում է, որ այսօր բեմերում հումորի անվան տակ ընդամենը «լրբություններ ու լաչառություններ» են ցուցադրում։ Ավելին, նրա կարծիքով, օտարամոլությունն այնքան խորն է արմատավորվել մեզանում, որ իրեն էլիտար համարող մի խավ բեմում «ֆրանսիացի մի պոռնիկի տեսնելու համար» պատրաստ է վճարել ավելին ու հայտարարել, թե դա է իսկական արվեստը։ Իսկ դրա կողքին զլանալ վճարել 1-2 դոլար՝ մեր դերասանի խաղը դիտելու համար։ Երեւանի երիտասարդական (փոսի) թատրոնի գեղարվեստական ղեկավարի կարծիքով, հասարակությունը շերտավորվել է։ Ըստ նրա, ճշմարիտ հանդիսատեսը (մտավորականություն, մանկավարժներ, ուսանողական բարձր լսարաններ) այսօր թատրոն հաճախելու ժամանակ եւ հնարավորություն չունի։ Իսկ այն ամբոխը, որ իրեն թատերասեր է համարում, իրականում էժան արվեստի, «հա-հա, հի-հի»-ների սիրահար է կամ օտարամոլ։ Այս ամենի պատճառը, ըստ Ազատ Գասպարյանի, մեր 1%-անոց մշակույթն է. «Բյուջեի 1%-ն է հատկացվում մշակույթին։ Իսկ 1%-անոց մշակույթ աշխարհի ոչ մի երկրում չկա։ Կարծում եմ, երբ խորհրդարանը վերջապես օրենք ընդունի մշակույթի մասին, էապես կփոխվի նաեւ նրա նկատմամբ եղած վերաբերմունքը»։ Հետաքրքիրն այն է, որ Ազատ Գասպարյանին դուր չի գալիս «սիրված դերասան» արտահայտությունը։ «Սիրված» բառը պետք է զգուշորեն օգտագործել,- ասաց նա,- որ ոչ «սեր» բառը վիրավորվի, ոչ էլ սիրվածը»։ Իսկ դերասանները, նրա համոզմամբ, ոչ մի երկրում եւ ոչ մի ժամանակ սիրված չեն եղել ու չեն գնահատվել պետականորեն։ Այ, ժողովուրդն ուրիշ է, նա գիտե գնահատել։ Սակայն ժողովրդի գնահատանքին արժանանալու համար մեծ ջանք է պետք ու արվեստ։ Պատահական չէր, որ Ա. Գասպարյանը հիշեց մեծն Փափազյանի խոսքերը։ Նա ժողովրդին համեմատում էր հազար գլխանի վիշապի հետ, որն ամեն վայրկյան պատրաստ է հոշոտելու քեզ, իսկ դրանից խուսափելու համար դերասանը պետք է այնքան սիրված լինի, որ ինքը նրան բեմից «հոշոտի» ու արժանանա հարգանքի։ Այսօր Ազատ Գասպարյանը թատրոնի գեղարվեստական ղեկավար է եւ, իր կարծիքով, տիրապետում է թատրոնի բոլոր լծակներին, փորձում այն ղեկավարել ոչ թե վարչական, այլ հոգեւորի շրջանակներում. «Թատրոնը այն կառույցն է, ուր գործ ունես անհատականությունների եւ ոչ թե ամբոխի հետ։ Դրա համար այն պետք է այնպես ղեկավարել, որ ամեն ինչ ներդաշնակ լինի»։ Ա. Գասպարյանը չի ընդունում, երբ հաճախ թատրոնը կոլեկտիվ կամ հիմնարկ են համարում։ Նրա կարծիքով, դա նույնն է, որ եկեղեցու սպասավորների խմբին ասեն կոլեկտիվ, իսկ եկեղեցին՝ հիմնարկ. «Թատրոնը չի կարող կոլխոզային կամ կոլեկտիվ լինել»։ Այսօր դերասանը մասնակիցն է համարյա բոլոր մշակութային միջոցառումների։ Պատճառն այն է, որ ցանկանում է սթափ պահել հանդիսատեսին, մանավանդ որ, օտարամոլությունը «մեր տունը քանդել է»։ Ինքը քանիցս «sos» է հնչեցրել ռադիոյով, հեռուստատեսությամբ, որ պետական մակարդակով պայքարեն դրսից «ներմուծվող» էժանագին արվեստի դեմ, սակայն առայժմ արձագանքները օդում են մնացել։ Նա գտնում է, որ վաղուց ժամանակն է ունենալ մշակութային լուրջ քաղաքականություն, ինչի արդյունքում նախկինի նման արվեստը զենք կդառնա, իսկ կինոն ու թատրոնը՝ պետության գաղափարախոսությունը պրոպագանդելու միջոց։ Դրա համար պարտադիր է համարում մարդկանց՝ մշակութային օջախներ հաճախելը։ Կոնկրետ ինքը պատրաստ է թոռան հետ թատրոն հասած յուրաքանչյուր հայ մամիկի կամ սիրահար զույգի առանց տոմսի ներս ընդունել, որովհետեւ ցանկանում է, որ թատրոնը նախկինի նման օդ ու ջրի պես հարկավոր լինի։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել