Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

50 տոկոս բաժնետոմսերին՝ 50 տոկոս վստահություն

Սեպտեմբեր 04,2002 00:00

50 տոկոս բաժնետոմսերին՝ 50 տոկոս վստահություն Երբ ընդամենը 1-2 տարի առաջ խոսակցություններ էին գնում, թե Վանաձորի՝ 1998թ. սեփականաշնորհված քիմիական համալիրի բաժնետերերը փոխվելու են («Առավոտ», 27.09.2000թ.), իշխանությունները դա համարում էին «բամբասանք», «թշնամիների» չարակամության արտահայտություն: Բայց ահա, իշխանությունները ապացուցեցին, որ անկրակ ծուխ չի լինում եւ, առանց երկնչելու, վերջերս ստիպված էին հայտարարել, թե քիմիական համալիրի բաժնետոմսերի 50%-ը արդեն հանձնվել է նոր տիրոջ։ Եվ ոչ մի արդարացում, թե ի՞նչ հիմքով էին 3 տարվա ընթացքում յուրաքանչյուր 3 ամիսը մեկ ժողովրդին մխիթարում, թե ուր որ է համալիրը աշխատելու է, կամ ի՞նչ հույսով էին 2001թ. հոկտեմբերին քիմիական գործարանի վերագործարկման սցենար մատուցում ժողովրդին, իսկ 2 ամիս հետո էլ հայտարարում, թե գազի ձեռքբերման առթիվ բանակցություններ են տարվում։ Ի՞նչ հիմքով էին այդ սցենարի ժամանակ ներկայացնում, թե համալիրում աշխատում է 2000-2500 մարդ, իսկ ամիսներ հետո էլ, երբ արդեն համալիրի չաշխատելը հնարավոր չէր թաքցնել, հայտարարում են, թե այնտեղ 400-600 մարդ է աշխատում։ Մայիս ամսին էլ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը ԱԺ ամբիոնից (ի պատասխան հարցման) հայտարարեց, թե համալիրը 15-20 օրվա ընթացքում կաշխատի։ Այդ հավաստիացումը, իհարկե, արձանագրվեց պաշտոնական մամուլում։ Եթե նախարարը պատասխանատու չէր սեփականաշնորհված գործարանի համար, ի՞նչ հիմքով էր նրա աշխատել-չաշխատելու վերաբերյալ հայտարարություն անում։ Եվ հետո, ինչո՞ւ ժողովրդին նախապես տեղյակ չի պահվել գործարանի վերավաճառքի մասին։ Մի՞թե նախարարն էլ տեղյակ չէր, որ համալիրի 50%-ը պետք է հանձնվի նոր տերերի։ Կամ՝ ինչո՞ւ այդ առթիվ ԱԺ-ում համապատասխան քննարկում չի եղել։ 1998թ. Վանաձորի քիմիական համալիրի սեփականաշնորհման առնչությամբ արդյունաբերության բնագավառի մի նախկին պաշտոնյա այն ժամանակ մռայլ կանխագուշակություն արեց, թե «Սրանք չեն աշխատեցնելու, սրանց նպատակը ներդրումներով մի քիչ դզել-փչելն է, հետո կծախեն ուրիշի վրա»։ Ընդ որում, այն ժամանակ դժգոհություններ կային, թե քիմիական համալիրի սեփականաշնորհման ժամանակ ավելի քիչ ներդրումներ պահանջող այլ ծրագրեր մերժվել էին։ Քիմիական համալիրի նոր բաժնետերերը՝ ի դեմ բրիտանական «Ռամսաթ» ընկերության, հավաստիացնում են, թե համալիրը 2-3 ամսից կաշխատի։ «Առաջին հերթին պետք է արտադրել այն, ինչ պահանջում է շուկան, ոչ թե՝ ինչ ցանկանում ենք։ Այսօր պետք է պատրաստ լինենք դուրս գալու միջազգային շուկա եւ քննարկելու մեր խնդիրները միջազգային ստանդարտներին համաձայն։ Հուսով եմ, կարող ենք դա անել։ Իսկ ինչու դա չարեց Սենիկ Գեւորգյանը՝ չեմ կարող ասել»,- «Պրոմեթեւս-Քիմպրոմի» եւ նրա առաջին սեփականատիրոջ մասին ասել է «Ռամսաթ» ընկերության նախագահ Անիլ Կումարը՝ քիմգործարանում հանդիպման ժամանակ։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել