Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Սեպտեմբեր 04,2002 00:00

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ Սեպտեմբերից կսկսի գործել հայկական նոր ավիաընկերություն, որի շուկա մտնելը, անկախ մասնագետների գնահատմամբ, ոչ թե կվնասի «Հայկական ավիաուղիների» գործունեությանը, այլ պարզապես վերջակետ կդնի նրա կենսագրությանը։ Հետաքրքիրն այն է, սակայն, որ նույն մասնագետների համոզմամբ, այդ վերջակետը դնելու հարցը վաղուց արդեն հասունացած է, քանի որ «ՀԱՈՒ-ն սնանկ հիմնարկ է, գոյություն չունեցող»։ Ոմանց ներկայացմամբ էլ, «ՀԱՈՒ-ի հաշվեկշռային արժեքն ավելի ցածր է, քան իր ունեցած պարտքերն են»։ «Այն աստիճանի վատ են ՀԱՈՒ-ի գործերը, որ նշանակություն չունի, թե ինչ պատրվակով կդադարեցվի նրա գործունեությունը»,- ասում են մասնագետները, որոնց ասածների ճշմարտացիությունը կերեւա միայն ժամանակի ընթացքում։ Իսկ երբ ի վերջո դադարեցվի ու նրա տեղը լրացնելու չգա որեւէ հայկական ավիաընկերություն, ապա Հայաստանի օդային շուկան կդառնա, այսպես կոչված, հինգերորդ ազատության գոտի, ինչը նշանակում է, որ շուկան կզբաղեցնեն արտասահմանյան ընկերությունները, որն էլ իր բացասական հետեւանքները կունենա։ Իհարկե, նկատի է առնվում, որ բոլոր խոշորագույն ավիաընկերություններն էլ իրենց զուտ բիզնեսից բացի (որը մեծ մասամբ վնասով է), այլ եկամտի աղբյուրներ էլ ունեն. գլոբալ դիստրիբյուտորական ցանց, փոստ եւ բեռնափոխադրումներ։ Իհարկե, պետությունը փորձեց ՀԱՈՒ-ի կյանքը երկարացնել՝ 5 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրելով, որը, սակայն, մեր աղբյուրների տեղեկացմամբ, ուղղվեց ոչ թե ընկերության զարգացմանը, այլ պարտքերի մարմանը։ Իսկ նոր ավիաընկերությունը, ինչպես հայտնի է, կոչվում է «Հայկական միջազգային ավիաուղիներ» եւ արդեն գործունեության լիցենզիա է ստացել։ Մեր տեղեկություններով, կնքված են բոլոր պայմանագրերը եւ պատրաստ են գործունեությունն սկսելու բոլոր փաստաթղթերը, ինչի մասին, չգիտես ինչու, ընկերությունում առայժմ հրաժարվում են որեւէ տեղեկություն տրամադրել։ Այնուամենայնիվ, «Առավոտին» հաջողվեց պարզել, որ ՀՄԱ-ն արդեն ձեռք է բերել մի էյրբաս- 320 ինքնաթիռ (1998թ. արտադրության)։ Համաձայն բիզնես-պլանի, ինքնաթիռների թիվը կհասցվի 5-6-ի, բոլորն էլ էյրբաս։ Մեր տեղեկություններով, անձնակազմերը (օդաչուներ եւ ուղեկցորդ-ուղեկցորդուհիներ) Եվրոպայում հիմա վերապատրաստում են անցնում, եւ յուրաքանչյուր մասնագետի վերապատրաստման համար ՀՄԱ-ն «գազազած» փողեր է ծախսում՝ մի քանի տասնյակ հազար դոլար։ Ընկերությունը պատրաստվում է չվերթեր իրականացնել ոչ միայն եվրոպական, այլ նաեւ բոլոր այն ուղղություններով, ուր ՀԱՈՒ-ն սեփական ինքնաթիռ չունի մեկնող, որովհետեւ միեւնույն է, ըստ նույն աղբյուրների, վարձակալած ինքնաթիռների դեպքում ՀԱՈՒ-ն չնչին շահույթով աշխատում է միայն 100%-անոց ծանրաբեռնվածության դեպքում։ Հավաստի աղբյուրի հաղորդմամբ, նոր ավիաընկերությունը հիմնադրվելու համար արդեն պատկառելի գումար է ծախսել, որը հարյուր հազարներով (դոլար) է չափվում։ Գումարում ներառված են ինքնաթիռի արժեքը, ապահովագրության, երաշխիքի, գործուղման, վերապատրաստման ծախսերը։ Այնուամենայնիվ, մեր աղբյուրը պնդում է, որ նոր ավիաընկերություն հիմնելու համար սա մեծ գումար չէ, պարզապես գումարը նպատակային է ծախսվել եւ այն մոտավորապես հավասար է ՀԱՈՒ-ի վարձակալած 1 ինքնաթիռի 1 ամսվա վարձին։ Տեխնիկական սպասարկումն ապահովելու է «Լուֆթանզա» ընկերությունը։ ՀՄԱ-ի առաջին ինքնաթիռը Փարիզ կմեկնի սեպտեմբերի 23-ին։ Ընդհանրապես, ակնհայտ է, որ սպասարկման կուլտուրայի բարձրացման կամ ուղեւորների թվի ավելացման հաշվին օդային շուկան աշխուժացել է։ Մեր տեղեկություններով, Երեւան-Լոս Անջելես-Երեւան չվերթն իրականացնող VG-ն, ինչպես նաեւ ՀԱՈՒ-ն այս տարի, հատկապես ամռանը, ուղեւորի պակաս չեն զգում եւ աշխատում են ողջ ծանրաբեռնվածությամբ։ «Հայկական միջազգային ավիաուղիների» բաժնետերերը, ըստ հավաստի աղբյուրների, հայաստանցի գործարար Գագիկ Ծառուկյանը, Հրայր Հակոբյանը եւ ֆրանսահայ գործարար Լեւոն Բաղդասարյանն են։ Լեւոն Բաղդասարյանը «Հայկական ավիաուղիների» Փարիզի, իսկ Հ. Հակոբյանի եղբայրը՝ Դուբայի ներկայացուցիչներն են։ Հայտնի է, որ ոլորտից քաջատեղյակներն ընդհանրապես ոչ դրական վերաբերմունք ունեն ՀԱՈՒ-ի տարբեր երկրների ներկայացուցիչների նկատմամբ։ Այս մասին «Առավոտը» գրել է իր անցած տարվա համարներում։ Եվ սա, մասնագետների վերլուծությամբ, այս գործում միակ բացասական կետն է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել