Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աբովյան» հեռուստախմբագրության հայտարարությունը

Սեպտեմբեր 04,2002 00:00

«Աբովյան» հեռուստախմբագրության հայտարարությունը Ս.թ. օգոստոսի 24-ին մեր նկատմամբ կատարված բռնության առնչությամբ Աբովյանի ՆԳ բաժնի դանդաղկոտ վերաբերմունքը՝ մեզ դատաբժշկական փորձաքննության ներկայանալու համար անհրաժեշտ որոշման տրամադրումը ձգձգելն արդեն իսկ կասկածների տեղիք էին տալիս Աբովյանի ՆԳ բաժնի աչառու վերաբերմունքի վերաբերյալ։ Մանավանդ որ, հեռուստախմբագրության աշխատակիցներիս նկատմամբ բռնություն կիրառած անձնավորություններից մեկը՝ Նվեր Դավթյանը, Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանի բարեկամը եւ, թերեւս, հովանավորյալն է։ Հետագա իրադարձություններն ավելի են ամրապնդում վերոհիշյալ կասկածը։ Մասնավորապես, հիշյալ բռնությունից տուժած (ծեծված) հեռուստախմբագրության հիմնադիրն Աբովյանի ՆԳ բաժնի ավագ քննիչ Գեղամ Աթանեսյանի կողմից դեռ մինչեւ սեպտեմբերի 2-ը տուժած չի ճանաչվել։ Չնայած սույն թվականի օգոստոսի 29-ի առավոտյան Աբովյանում ներկայացել ենք դատաբժշկական փորձագետ պրն Մինասյանին, առայսօր չենք կարողանում ստանալ փորձագետի եզրակացությունների պատճեն։ Ավելին. փորձ է արվում հեռուստախմբագրության հիմնադրին ներկայացնել իբրեւ նախահարձակ։ Նախաքննության մարմինը դեռ չի անդրադարձել բռնություն թույլ տված խմբի կողմից իրենց պահանջած տեսաերիզը եւ տեսախցիկը հեռուստախմբագրության հիմնադրից հափշտակելու փաստին, ցուցմունքներ կամ նույնիսկ բացատրություններ չեն վերցրել այդ դեպքին ականատես հեռուստախմբագրության հետ համագործակցող անձանցից որեւէ մեկից։ Հավելենք նաեւ, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների, փորձ է արվում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 20 շենքի (որի 12-րդ հարկում գտնվում է հեռուստախմբագրության ստուդիան) բնակիչներից ստորագրություններ հավաքելու միջոցով Կ. Իսրայելյանի ղեկավարած քաղաքապետարանի առջեւ հարց բարձրացնել, թե հեռուստախմբագրությունը խանգարում է բնակիչներին, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Ելնելով վերը շարադրվածից, 02.09.2002թ. արդեն դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, խնդրել վերոհիշյալ բռնության անչությամբ ս.թ. օգոստոսի 24-ին հարուցված քրեական գործի քննությունը հանձնարարել Երեւան քաղաքի ցանկացած տարածքի քննչական մարմիններից որեւէ մեկին եւ ապահովել գործի օբյեկտիվ եւ հանգամանալի քննությունը։ 3 սեպտեմբերի, 2002թ. ԱՐՏԱՇԵՍ ՄԵՀՐԱԲՅԱՆ «Աբովյան» հեռուստախմբագրություն ՍՊԸ հիմնադիր ԱԶՆԻՎ ՉԻԶՄԵՉՅԱՆ «Աբովյան» հեռուստախմբագրություն ՍՊԸ գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել