Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախագահ դառնալու հնարավորություն չունի»

Սեպտեմբեր 04,2002 00:00

«Նախագահ դառնալու հնարավորություն չունի» ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը շարունակում է հայտարարություններ անել իր մասին՝ բացառապես իրեն վերագրելով անկախության ձեռքբերումը։ Ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորումից հետո, մանավանդ երբ միավորման մաս կազմող կուսակցությունների ղեկավարներից մի քանիսը հայտնեցին, որ Հայրիկյանին չեն կարող ընդունել միավորման մեջ, ԱԻՄ նախագահին այլ բան չէր մնում, քան՝ ասուլիս հրավիրել եւ հայտարարել, թե մտքին կա Ազգային-ազատական դաշինք ստեղծել։ Սակայն այդ դաշինքի մտքով չպիտի անցնի Ռ. Քոչարյանին պաշտպանել։ ԱԻՄ-ը նախագահական ընտրություններում պաշտպանելու է իր թեկնածուին, այսինքն՝ Պարույր Հայրիկյանին, իսկ այլ թեկնածուների հնարավորությո՞ւնը. «Եթե ձախակողմյան դաշինքը իրեն որպես դաշինք կարողանա պահել, ապա այսօր արդեն թեկնածուներից մեկի ճակատագիրը կանխորոշված է՝ Ռ. Քոչարյանը նախագահ դառնալու որեւէ հնարավորություն չունի։ Այդ դաշինքն իր մեջ ներառում է քաղաքական ուժեր, որոնք ընդհանուր առմամբ 50 տոկոսին մոտ ձայներ ունեն։ ԱԻՄ-ը շատ հստակ որոշել է Ռ. Քոչարյանին չպաշտպանել, նույնիսկ եթե այլ թեկնածու չլինի։ ԱԻՄ-ը բարոյական իրավունք չունի պաշտպանելու Ռ. Քոչարյանին, իսկ սա նշանակում է, որ Ռ. Քոչարյանն այլեւս շանս չունի։ Ինչ վերաբերում է նրան, թե ո՞վ կանցնի թեկնածուներից, մենք դեռեւս հստակ գնահատական չենք ուզում տալ՝ հետեւյալ պատճառով. ազգային-ազատական գաղափարախոսության կրողները նույնպես կարող են միավորվել, եւ այդ միավորման հարցում մենք շահագրգռված ենք։ Դա կլինի ոչ թե նպատակային միավորում, այլ՝ սկզբունքային միավորում»։ Ազգային-ազատական դաշինքի մեջ Պ. Հայրիկյանը տեսնում է «ՕԵ»-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը, ԱԻՄ-ը, «Արժանապատիվ ապագան», «Հզոր Հայրենիքը» (ըստ Պ. Հայրիկյանի՝ «եւ այլն, եւ այլն»), եւ այս թեւի թեկնածուն Ռ. Քոչարյանը լինելու դեպքում՝ ԱԻՄ-ն այդ թեւում չի լինի։ Մեզ մնում է միայն արձագանքել՝ այ քեզ «միամիտ» ցանկություն, երբ օրը ցերեկով փաստվում է, թե սեւը մածունն է։ ԱԻՄ-ը Ռ. Քոչարյանին «ազգի թշնամի» չի հայտարարում, պարզապես «Քոչարյանը մի քանի խոստումներ, որ տվել է, չի կատարել, եւ մի շատ կարեւոր ստրատեգիական խոստում, որ տվել է ԱԻՄ-ին եւ որով ստացել է ԱԻՄ-ի 75 հազար ձայները եւ դրա եռակի ավելի ձայները, որ ԱԻՄ-ի կոչով տրվեցին, եւ ինքը դարձավ նախագահ։ Հետո ինքը խոստումը չի կատարել»։ Այսօր Պ. Հայրիկյանը Ռ. Քոչարյանի անունը տալ ու լսել չի ուզում, բայց դա մեկ անգամ արդեն հասարակությունը տեսել ու լսել է, իհարկե եւ տեսել ու լսել է Պ. Հայրիկյանի սերն առ Քոչարյան, այնպես որ հավատ չկա՜։ Արդյո՞ք, Հայրիկյանը չի հայտնվել խաղից դուրս վիճակում։ Որ նրան որեւէ դաշինքում չեն ընդունում, պետք է իրեն ինչ-որ բան հուշի։ «Առավոտի» այս դիտարկմանն ԱԻՄ նախագահն ասաց. «Ես ձեզ պատասխանեմ շատ սիրով։ Վերջին տասնամյակում, մինչեւ այսօր, միայն ես եմ, որ ընդունել եմ ինչ-որ մեկին, միայն ես։ Ես եմ ընդունել անկախ Հայաստանի պայքարի շարքերի մեջ, ես եմ ընդունել ազգային բանակի պայքարի շարքերի մեջ, հանուն Սահմանադրության պայքարի շարքերի մեջ, ես եմ ընդունել հանուն ժողովրդավարության անկախության հանրաքվեն։ Մինչեւ այսօր ես եմ զբաղված եղել սրան կամ նրան ընդունելով»։ Հայրիկյանն՝ իր ասելով, շատ հանգիստ է եւ նայում է «հարյուրամյակների բարձրությունից»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել