Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴԱՇԻՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԵՆ…»

Սեպտեմբեր 04,2002 00:00

«ԴԱՇԻՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԵՆ…» Հարցազրույց ՀՀՇ վարչության անդամ, քաղաքական պլանավորման պատասխանատու Տիգրան Հակոբյանի հետ -Այսօր Հայաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր պաշտոնապես կհայտարարեն իրենց միավորման մասին։ Միավորման մասին հայտարարությունն անլեգալ արդեն շրջանառության մեջ է, թերեւս դուք եւս ծանոթ եք եւ որոշակի գնահատական ունեք ընդդիմադիր կուսակցությունների միավորման վերաբերյալ։ – Ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի ստեղծել դաշինքներ այլ քաղաքական ուժերի հետ։ Այսինքն, այստեղ գնահատականի խնդիր Հայոց Համազգային Շարժումը չունի։ Իսկ քաղաքական հայտարարության մի քանի կետ, անշուշտ, ողջունելի է մեզ համար, դրանք ընտրությունների ընթացքում ժողովրդի քվեն պաշտպանելու եւ ընտրակեղծիքների դեմ վճռականորեն պայքարելուն վերաբերող կետերն են։ Այսինքն՝ եթե նույնիսկ այդ միավորումը ստեղծվեր հանուն արդար եւ ազատ ընտրությունների ապահովման, դրանով արդեն այս միավորման ստեղծումը մեզ համար ընդունելի կլիներ։ Հոռետես չեմ ուզում երեւալ, բայց դաշինքները, որպես մոդել՝ Հայաստանում (եւ ոչ միայն) քաղաքական առումով արդյունավետ չեն, մանավանդ եթե հիմնված չեն գաղափարական ընդհանրությունների վրա։ Տեսեք՝ ստեղծվել է մի դաշինք, որտեղ միավորված են տարբեր գաղափարախոսություններ դավանող քաղաքական ուժեր՝ ազատական, սոցիալիստական, ազգայնական, համայնավարական։ Այս նոր միավորումն ապացույց է մեր այն կանխատեսումների, որ ապագա ընտրություններում մասնակցելու համար դաշինքները չեն ստեղծվի գաղափարական հիմքի վրա, նրանք կլինեն գործող նախագահին եւ վարչակազմին կողմ կամ դեմ։ Այս առումով, անշուշտ, միավորումը հակաքոչարյանական ուղղվածություն ունի. բայց, հաշվի առնելով միավորման որոշ լիդերների ինքնությունը, որոնք վերահսկվում են ներկա իշխանությունների կողմից, մենք կարծում ենք, որ նրանք հետագայում ականի դեր կխաղան այս, ձեր խոսքերով ասած՝ խիստ ընդդիմադիր դաշինքում։ – Կոնկրետ ո՞ր կուսակցությունների լիդերներին եք ակնարկում, եւ ինչո՞վ է հիմնավորված ձեր մեղադրանքը։ – Սա մեղադրանք չէ, սա ընդամենը փաստ է։ – Պրն Հակոբյան, մասնավոր զրույցներում այլ բան եւս ակնարկվում է, օրինակ այն, որ նույն միավորման ներսում որոշ կուսակցությունների ղեկավարներ արտաքուստ բացասական կարծիք են հայտնում ՀՀՇ-ի մասին, սակայն իրականում պայմանավորվածություն կա նույն ՀՀՇ-ի հետ համագործակցության մասին, եւ այս ամենի հիմքում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձն ապահովելը։ – ՀՀՇ-ին փնովելն այսօր դարձել է քաղաքական գործիչների մոդայիկ արտահայտություններից մեկը։ Այդ ուժերին եւ այդ ուժերի առաջնորդներին թվում է, թե հայհոյելով ՀՀՇ-ին՝ իրենք կատարում են հասարակական պատվեր։ Սակայն դա այդպես չէ։ Ընտրության եւ քաղաքական գործչի տեսակի հարց է՝ մեկի համար մթի ու ցրտի տարիներ էին, մյուսի՝ պետության ծնունդի, ռազմական եւ քաղաքական հաղթանակների։ Իսկ հացը, լույսը եւ հաղթանակները միասին լինում են միայն հեքիաթներում։ Իրականության մեջ լինում է այն, ինչ եղել է, եւ հետագա սերունդներն այս պետության կայացման համար շնորհակալ կլինեն ոչ թե Միրզախանյանին կամ Կիմ Բալայանին, այլ՝ նորանկախ պետության առաջին իշխանություններին։ ՀՀՇ-ն ուներ եւ ունի հստակ գաղափարախոսություն, հստակ ծրագրեր, որոնցով առաջնորդվում է, ինչի վրա խարիսխված էր նաեւ ՀՀՇ-ի քաղաքականությունը 90-98 թթ.։ Եթե ցանկացած կուսակցություն Հայաստանում կգտնի, որ այդ ծրագրերով առաջնորդվելը կարող է Հայաստանը դուրս բերել այսօրվա համակարգային ճգնաժամից, լուծել Ղարաբաղի հարցը, ինտեգրվել տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսության մեջ, ապա մենք պատրաստ ենք համագործակցել նրա հետ։ – Այսօր իր ասուլիսում Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով մեր հարցին, չբացառեց նաեւ ՀՀՇ-ի հետ ԱԻՄ-ի համագործակցությունը, ասելով, թե ոչինչ պետք չէ բացառել։ – Իհարկե, ոչինչ պետք չէ բացառել, անգլիական մի լավ ասացվածք կա՝ «Երբեք մի՛ ասա՝ երբեք», եւ կուսակցության անունից շնորհակալություն եմ հայտնում պրն Հայրիկյանին այս մեծահոգության համար։ – ՀՀՇ-ն խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին միայնա՞կ է մասնակցելու, թե՞… Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի մասին։ – Իմ տեսակետն ասեմ՝ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունները պետք է մասնակցեն միայնակ, որովհետեւ դաշինքները շեղում են ընտրողին կուսակցության ծրագրից, գաղափարախոսությունից։ Ինչ վերաբերում է նախագահի ընտրություններին։ Եթե ՀՀ առաջին նախագահը որոշի մասնակցել ընտրություններին, ապա կառաջադրվի ոչ միայն որպես ՀՀՇ, այլ՝ բավականին լայն քաղաքական սպեկտրի թեկնածու։ – Հնարավոր համարո՞ւմ եք ՀՀՇ-ի միանալը միավորման հայտարարությանը, կամ առանց ստորագրություն դնելու համագործակցելը, մանավանդ, որոշ առումով նպատակները գրեթե նույնն են։ – Ոչ, միանալու խնդիր չկա։ Միավորման մեջ եղանակ են ստեղծելու ձախ կամ պոպուլիստական լիդերները։ Ցավոք, միավորման մեջ ընդգրկված լուրջ կուսակցությունների առաջնորդները (նկատի ունեմ ՀԺԿ-ն, «Հանրապետությունը», «Ազգային միաբանությունը») չեն ցանկանում հասկանալ, որ քանակը որակ չի ստեղծում, բայց լայնացնում է քաղաքական ինտրիգների, շահարկումների, փլուզման վտանգների դաշտը։ Բայց ցանկացած քաղաքական ուժի հետ, որը հռչակում է ընտրությունների ժամանակ օրինականության պաշտպանությունը, մենք գոնե այդ ուղղությամբ պատրաստ ենք համագործակցել։ – Փաստորեն, դուք հոռետեսորեն եք վերաբերվում միավորման նպատակին՝ միասնական թեկնածուով եւ միասնական ծրագրով հանդես գալու վերաբերյալ։ – Ո՞ր ծրագրով՝ Վ. Մանուկյանի, Ա. Գեղամյանի, թե Ռուսաստան-Բելառուսի։ Եվ ո՞ր միասնական թեկնածուով։ – Մոտ ապագայում աջ ազատական ուժերի համախմբումը հնարավոր համարո՞ւմ եք։ – Իսկ որո՞նք են այդ ուժերը։ Իրենց ազատական ուժ հռչակած կուսակցություններ կան 16 ընդդիմադիրների միավորման մեջ, մյուսները անվերապահորեն աջակցում են ներկա նախագահին, կա ՀՀՇ-ն եւ նրա, ինչպես ասում են, արբանյակները։ Ուրեմն մի քիչ վաղ է դրա մասին խոսել, որովհետեւ դեռ գաղափարական հենքի վրա քաղաքական պայքար չի գնում։ Տեսեք, ներկա նախագահին պաշտպանում է ե՛ւ իրեն ազատական հռչակած ՀՌԱԿ-ը, ե՛ւ սոցիալ-ազգայնական Դաշնակցությունը։ Ընդդիմադիր դաշինքի մեջ մտել է ե՛ւ Կոմկուսը, ե՛ւ իրեն ազատական համարող Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն։ Երբ այսօր խոսում են ազատական ուժերի մասին, հաճախ նկատի են առնում այն քաղաքական ուժերին, որոնք անցյալում կազմել են մեկ կուսակցություն՝ ՀՀՇ-ն, եւ չեն դավաճանել իրենց սկզբունքներին։ Եթե նկատի ունեք միայն այդ ուժերին, ապա՝ այո՛, այդպիսի համագործակցություն, նույնիսկ՝ միաձուլում, ապագայում կարելի է սպասել։ Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել