Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ, ՈՐ ՖՈՒԿ ՉԼԻՆԵՔ»

Սեպտեմբեր 04,2002 00:00

«Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ, ՈՐ ՖՈՒԿ ՉԼԻՆԵՔ» Երեկ Մամուլի ազգային ակումբում «Միասնություն» խմբակցության ղեկավար եւ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանին հարցրեց լրագրողներից մեկը: Զրույցն ընթացավ, այսպես ասած՝ թեժ թեմաների շուրջ: Առաջինը կուսակցությունների նորաստեղծ միավորումն էր: «Երկու տարուց ի վեր այս կուսակցություններն անընդհատ միավորվում են, հետո պասիվանում, նորից միավորվում: Հնչեղ է 16 թիվը,- այսպես գնահատեց այդ միավորումը Գալուստ Սահակյանը:- Հնչեղությունն ավելացնելու համար Հայաստանում գրանցված 108 կուսակցություններից կարելի է եւս 10-20-նն ավելացնել, որ դառնան 36-ը: Խնդիրը ոճի մասին չէ. պարզապես ակնհայտորեն չեն երեւում սկզբունքները եւ գաղափարները, որոնց շուրջ համախմբվել են: Առավել եւս՝ այստեղ կան ընդգծված աջեր, ընդգծված ձախեր. եթե ծրագրային խնդիրների մասին խոսք լինի (պետության զարգացման խնդիրներում դրանք տնտեսական ծրագրերն են), աբսուրդ է, թե ինչ գաղափարախոսությամբ եւ սկզբունքներով պիտի առաջնորդվեն 16-ը»: Նրա այս դիտարկումներն, ընդհանուր առմամբ, ճշմարիտ են, բայց Հայաստանում վաղուց արդեն որեւէ մեկին չես զարմացնի տարաբեւեռ ուժերի դաշինքներով: Նույն ՀՀԿ-ն էլ ունի դրա փորձը. 1995-ին այն «Հանրապետության» կազմում էր՝ սոցիալիստական Հնչակյան կուսակցության հետ: 1999-ին աջամետ ՀՀԿ-ն «Միասնության» մեջ դաշնակցեց ձախամետ ՀԺԿ-ի հետ: Եթե այժմ «Միասնության» ղեկավարը «աբսուրդ» է գնահատում նման միավորումները՝ անուղղակի ապացուցում է, որ ինքը գաղափարազուրկ եւ անսկզբունքային է համարում նաեւ ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ի գործունեությունը: Երկրորդ թեժ թեման կառավարության ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դեմ անվստահության ցույցի վերածված Հայաստանի համայնքների միության համագումարն էր: «Դա ձախողված փորձ էր իշխանության որոշակի թեւերի կողմից,- ասաց Գալուստ Սահակյանը:- Ըստ էության, դա բովանդակազուրկ ձեւ էր, որը մտածել էին պետական որոշակի չինովնիկներ, որը հերթական ձախողումն էր այդ ասպարեզում»: Եվ ինչքան էլ հետո փորձեցինք հարցումներով որոշակիացնել, թե իշխանության հատկապես ո՞ր թեւի կամ չինովնիկների մասին է խոսքը՝ պրն Սահակյանը չասաց ավելին՝ փաստարկելով, թե չի ցանկանում անուններ տալով առաջացնել նոր լարվածություն: Լրագրողները նրա փոխարեն տվեցին անուններ՝ նախագահին առընթեր Տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ալեքսան Հարությունյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյան (հիշեցնենք, որ վերջինս նախընտրել էր բաց թողնել իրեն վարչապետ նշանակելու հավանականության վերաբերյալ հարցը), բայց «Միասնության» ղեկավարն անհասցե մի ակնարկ նետեց. «Ավելի խորքեր կան, քան դուք եք կարծում»: Փոխարենը նա վստահ հայտարարեց, թե հնարավոր էր կանխել այն, ինչ տեղի ունեցավ, քանի որ այդ միության կեսից ավելին հանրապետականներ են, բայց՝ «Էական արդյունքներ չեն արձանագրվել, եւ պայքարելու որեւէ խնդիր չկա»: Ի դեպ, նա նշեց, թե համագումարին մասնակցել են «ոչ թե Համայնքների միության անդամները, այլ՝ մանկապարտեզի դաստիարակչուհիներ: Հրավիրվել էին համայնքների ավագանու անդամներն իրենց տիկնանց հետ: Եվ հասարակական շոու էին նախապատրաստել, որն իր նպատակին չհասավ»: Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշեց. «Որեւէ կողմից արձագանք չգտավ Համայնքների միության համագումարը», «Քաղաքական դաշտը, համենայն դեպս, այդ համագումարի գոնե վերլուծականներին էլ չմասնակցեց»: Նա առավելագույնս խուսափում էր կանխատեսումներ անելուց: Ուստիեւ այն հարցին ի պատասխան, թե բացառո՞ւմ է նախընտրական շրջանում Անդրանիկ Մարգարյանի պաշտոնանկությունը, Գալուստ Սահակյանը միայն ասաց. «Այսօր որոշակիորեն չկա նման քաղաքական խնդիր»: «Առավոտի» հարցը, թե կարծո՞ւմ է, որ հաջորդ կառավարությունը դարձյալ ՀՀԿ-ն է ձեւավորելու՝ ընդհանրապես շրջանցեց: Մենք պրն Սահակյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ այն լուրերը, թե ՀՀԿ-ն ապագա ԱԺ-ում տեղերի արդեն իսկ մեկնարկած «մրցույթում» ներկայացրել է 40 տոկոսը զբաղեցնելու հայտ: Գալուստ Սահակյանը նշեց, թե իրենք նախ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են կարեւորում, հետո՝ նախագահականը. «Այդ ամբողջ ընթացքում նաեւ դաշտը կհստակեցվի, եւ ՀՀԿ-ն իր դիրքորոշումները կներկայացնի հասարակությանը: Այսօր վաղ է մտածել, թե խորհրդարանում քանի մարդ կունենա որ կուսակցությունը: Դա մեզ համար իրոք խնդիր է, բայց կարծում եմ, որ դա մեր գերխնդիրը չէ այսօր»: Մի դիրքորոշում արդեն իսկ հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամը, թե հավանական է՝ կպաշտպանեն գործող նախագահի թեկնածությունը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել