Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայկական ընտանիքում երեխան միայն սպառող է»

Սեպտեմբեր 03,2002 00:00

«Հայկական ընտանիքում երեխան միայն սպառող է» «Մենք դեռ շատ բան պիտի անենք ուսուցչին փոխելու համար՝ եւ նրա գիտելիքների զարգացման, խորացման իմաստով, եւ նրա դերը փոխելու իմաստով: Մինչեւ հիմա մենք ունենք ուսուցիչներ, որոնք ավելի շատ հրամայական տոնով են աշխատում8230»,- խոսելով դպրոցի դեռեւս անլուծելի խնդիրների մասին՝ նշեց ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը՝ երեկ «Հրատապ թեմայի» շրջանակներում Մամուլի ազգային ակումբի կազմակերպած հանդիպման ժամանակ: Նա ավելորդ գաղտնապահություն համարեց թաքցնել, որ այսօր շատ ուսուցիչներ աշխատանքի են գնում լոկ տնից դուրս գալու համար: Այն դեպքում, երբ այս տարի ունենք դպրոցներ, որոնք առաջին դասարան ընդհանրապես չունեն, իսկ ընդհանուր առմամբ առաջին դասարանցիների թիվը նվազել է, ինչի արդյունքում շատ դասվարներ մնացել են անգործ: Հետեւաբար պետք է ազատվել անարդյունավետ աշխատող ուսուցիչներից՝ ի դեպ, հաշվի չառնելով տարիքը կամ աշխատանքային փորձը: Հանրապետության 300 դպրոց արդեն անցել է խորհուրդներով ղեկավարման, եւ մինչեւ 2005 թ. այդ գործընթացը պետք է շարունակվի: Սակայն այստեղ էլ գործընթացի շատ խախտումներ ունեցանք. եղան դեպքեր, երբ համայնքապետերը ճնշում գործադրեցին խորհուրդների վրա՝ տնօրենների ընտրության ժամանակ, շատ դեպքերում խորհուրդները չարձագանքելով տեղական իշխանությունների պահանջներին՝ ցրվեցին: Հիշենք թիվ 6 դպրոցի օրինակը, որին «Առավոտն» անդրադարձել է, նույնը տեղի ունեցավ նաեւ թիվ 153 դպրոցում: Եվ դրանից տուժում է միայն ուսումնական ընթացքը: Սակայն սա դժվար սկիզբն է, եւ դեռեւս դժվար է «ֆունկցիոներին» համոզել, որ դպրոցի ճակատագիրն իրենից չպիտի կախված լինի, որ դպրոցն ինքնուրույն օղակ է: Միեւնույն ժամանակ ծնողին ու երեխային պետք է հասկացնել, որ ինքն է պահանջատերը, որովհետեւ իր շահագրգռությունը կրթության համար է: Ընդհանրապես տիկին Թոփուզյանը կարեւոր է համարում երեխաների ինքնավարությունը եւ նրանց մասնակցությունը դպրոցական գործերին: Շատ երեխաներ կան, որոնք անհատականություն են, եւ նրանց կարծիքը պետք է հաշվի առնել, նրանց պետք է մեծացնել սեփական կարծիք ունենալու մթնոլորտում՝ զուգորդելով իրավունքն ու պատասխանատվությունը. «Մեծերն ամեն ինչ անում են երեխայի կյանքը դասավորելու համար ու չեն հարցնում՝ դո՞ւք ինչ կարծիքի եք, դո՞ւք ինչ եք ուզում»: Փոխնախարարը թերի է համարում ուսումնական գործընթացում տարվող դաստիարակչական աշխատանքները: Բացը լրացնելու մի քայլ էր նախարարի հրամանը՝ բոլոր դպրոցներում ստեղծել պետական խորհրդանիշերի անկյուններ, ուր տեղ կգտնեն մեր հանրապետության դրոշը, գերբը, հիմնը, Սահմանադրությունը, յուրաքանչյուր արարողություն պետք է սկսվի մեր երկրի հիմնով, դրոշի դուրսբերմամբ եւ այլն: Ա. Թոփուզյանը կարեւոր է համարում դպրոցը հեռու պահել նույնիսկ տեղամաս լինելուց: Հ.ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ.Գ. Ի դեպ, պաշտոնական տվյալներն ասում են, որ այսօր հանրապետությունում 106 դպրոցահասակ երեխա դպրոց չի հաճախում: Այս թվին չի հավատում նաեւ տիկին Թոփուզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել