Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անազնիվ մրցակցությունը խանգարում է ՀՖՆ-ին

Սեպտեմբեր 03,2002 00:00

Անազնիվ մրցակցությունը խանգարում է ՀՖՆ-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի վերանորոգման պատճառով ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 8-ին Կինոյի տան սրահում կբացի իր 2002-03թթ. համերգաշրջանը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։ 1941թ. հիմնադրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը իր համերգային գործունեությունը սկսել է ֆիլհարմոնիայի փոքր, այսօր՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ 1953-ից սկսվել են համերգները Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում եւ 80-ականների սկզբին է միայն այն վերանորոգվել։ 1989-ից նվագախումբը հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում, Անգլիայում, Իսպանիայում, թողարկվել է ավելի քան 30 ձայներիզ։ Թվում է, թե փառահեղ պատմություն ունեցող նվագախումբը վաղուց պետք է հայտնված լիներ արտերկրի շուկայում, բայց այդպես չէ։ Ի դեպ, ՀՖՆ-ի գլխավոր տնօրեն Նիկա Բաբայանը նվագախմբի մեծ քննությունն ու հաղթանակը համարում է 2000-01թթ. համերգաշրջանը, մասնավորապես փայլուն ելույթը Մոսկվայում։ Տարօրինակ է, սակայն, որ արտասահմանյան նման համերգային գործունեությունից հետո որեւէ արտերկրյա կազմակերպություն չի ցանկանում համագործակցել ՀՖՆ-ի հետ։ Գլխավոր տնօրենը կարծում է, որ դրա պատճառը մեզ մոտ բացակայող ազնիվ մրցակցությունն է. «Երբ ստեղծվում է նոր նվագախումբ, ուրեմն պետք է քայքայվեն մյուսները։ Մենք դրանից չենք վախենում, բայց համաձայնեք, որ այս ձեւը ազնիվ չէ»։ Թեեւ պրն Բաբայանը չբացեց փակագծերը, սակայն հասկանալի է, թե որ նվագախմբին են վերաբերում դրանք («Առավոտն» այդ հարցին արդեն անդրադարձել է եւ հույս հայտնել, որ համեմատաբար վերջերս ստեղծված «Հայաստանյան վիրտուոզներ» նվագախումբը Լ. Ճգնավորյանի ղեկավարությամբ ի վերջո ելույթ կունենա Հայաստանում)։ Թեեւ երեւանյան բոլոր համերգասրահները երկարաժամկետ հիմնական վերանորոգման մեջ են, ՀՖՆ-ն՝ ի դեմս Կինոյի տան սրահի, փորձում է «ստեղծել» նոր համերգասրահ։ Ուզում ենք հավատալ ՀՖՆ-ի գլխավոր տնօրենի այն խոսքերին, թե «նվագախումբը իր միջազգային գործունեությունը կվերսկսի» եւ բարձրակարգ կատարումներով հանդես կգա ինչպես Երեւանում, այնպես էլ արտերկրում։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել