Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՎԱՂՆ՝ ԱՅՍՕՐ

Սեպտեմբեր 03,2002 00:00

ՄԵՐ ՎԱՂՆ՝ ԱՅՍՕՐ Հայաստանը իր հող-պետությամբ ու ոգի-ազգությամբ մեկ եւ միասնական՝ այսօր վերապրում է իր հին ու նոր պատմության նախախնամած քննությունը: Վերապրում է՝ աշխարհերեսից վերանալու պարբերական հավանականություններին հակառակ: Վերապրում է՝ ի հեճուկս չարակամության ամեն դասի եւ վասն վերջապես ծագող լույսին վաղվա: Հառնող երկրի մեր հավատամքը կյանքի կկոչենք միասին՝ հենց այստեղ եւ այսժամ: Հաջորդ սերնդին չենք ժառանգելու պատմական հանձնառության մեր բաժինը: Մենք, եւ ուրիշ ոչ մեկ, ամբողջացնելու ենք հայրենի մեր տան կառուցումը, շենացումն ու ապահովագրումը: Նոր տարվանից հանրապետությունն ու ժողովուրդը Աստծո կամոք ապրելու են նոր կարգ ու կեցությամբ: Մոտավորապես այսպես. * Մեր Հայրենիքը՝ այլոց անձնական օգտագործիքից ազգովին վերածում ենք հավատի, հույսի, սիրո եւ ճշմարտության ճամփու: Նրա հավերժ գաղափարը վեհ է եւ վեհացնող, նրա հանդեպ արժանավայել ակնածանքը՝ անշահախնդիր ու նվիրական: Ահա չափանիշը կյանքի բոլոր հարթությունների համար՝ հոգեւոր, պետական, հասարակական, ընտանեկան, անհատական: * Ազատությունը՝ անձնական եւ հավաքական, մեծամասնական եւ փոքրամասնական, բարձրագույն արժեք է: Առանց ազատության՝ չկան զարգացում ու զորացում, չկան գիտություն ու արարչագործություն, չկան մշակ ու մտավորական, չկան գյուղ ու քաղաք, արժանապատվություն ու ապագա: * Նախագահը՝ քաղաքացիական մարմնի վստահությունը կրողն է, ճանապարհացույցը եւ բախտակիցը: Նախագահը կեղծ վկայություն չի տալիս իր իշխանության աղբյուր-ժողովրդին: Ընդհանրականից բացի՝ այլ շահ չի մտորում. հաշվետու է հանրությանը եւ հաղորդակից նրան. պատասխանատու է իր պատվով, անվամբ, կյանքով եւ օրենքի առջեւ: * Իշխանական բոլոր ճյուղերի ճշգրտորեն տարանջատված, բայցեւ խիստ ընդհանուր գերխնդիրն է՝ երկրի եւ իր քաղաքացիների ազատության երաշխավորված ապահովումը: Քաղաքացին, առանձին եւ իր ամբողջության մեջ, հարգանքի արժանի տիրական է եւ նախագահի հետ մեկտեղ ենթարկվում է միմիայն օրենքի գերիշխանությանը: Գործադիր, օրենսդիր, դատական եւ ազատ լրատվական կալվածները համակշռաբար առաջնորդվում են այս ուղենիշով: * Կառավարությունը՝ համակարգելով հանդերձ ազգային շահին դիպչող եւ պետական հոգածություն պահանջող տիրույթները, սպասարկում է քաղաքացիական ազատությանը. փոքրակազմ է, ճկուն ու արագ արձագանքող, վարչարարությամբ՝ թեթեւ: Հանրային ծառայության յուրաքանչյուր բնագավառում պաշտոնյան բարեխնամաբար ծառայում է քաղաքացուն՝ բարեկամի եւ անծանոթի համար օրենքը կիրառելով հավասար: Նա կիրթ է, խղճի մարդ եւ լավ վարձատրվող: Աշխատանքի պարտաճանաչ կատարումը նրա բնականոն գործն է: Լավություն կամ վատություն անելու նպատակով՝ ցանկացած օրինախախտման, հասարակական ու անձնական շահի որեւէ բախման դեպքում կրում է օրենքի սահմանած առավելագույն պատասխանատվությունը: * Տնտեսությունը տվյալ երկրի ազգային ու ազատական հարաբերությունների յուրովի հավասարումն է: Այս երկու բաղադրատարրերը հակասության մղելու փորձերը՝ լինեն դրանք «մասնագիտական», թե հռետորական մատուցումներ, արհեստական են եւ անազնիվ: Ամուր, զարգացող, մրցունակ տնտեսությունը փոխառնչվում է համաշխարհային համակարգերին՝ պահպանելով ուրույն դիմագիծն ու շարժընթացը: Այս ոլորտում եւս ազատությունը բանալի է, եւ կառավարությունը ուժերի գերլարումով ապահովում է իր քաղաքացիների եւ տնտեսվարների ազատ գործունեություն ծավալելու իրավունքը, իհարկե՝ օրենքի հարգանոք: Հարկերի չափը կարտացոլի պետական բյուջեի նվազագույն պահանջարկը եւ ոչ թե՝ պաշտոնյայի ախորժակը: Հարկերը վճարում են բոլորը՝ ըստ օրենքի, դրույքաչափերն իջնում են ամբողջական հավաքագրմանը զուգընթաց, իսկ ամեն տեսակի կաշառքները պատժվում են օրենքի ամենայն խստությամբ: Հայաստանը դառնում է տարածաշրջանային տնտեսական գործոն, ներդրումների վստահելի հանգրվան, սոցիալական տագնապների վախճանավայր: * Գիտությունը, կրթությունը, ժամանակակից տեխնոլոգիաները եւ ազգային մշակույթն ու սպորտը լոկ հերթական ցուցակագրման առարկաներ չեն այլեւս: Անհատական ու խմբային ստեղծագործության ասպարեզներ են՝ ավանդական արժեքների եւ արդի իրավիճակների խաչմերուկներ, որոնք պարունակում են թե տեղքայլի իներցիոն վտանգ եւ թե զարգացման մարտահրավեր: Այս ու հարակից ոլորտները դառնում են այն մրցադաշտը, որի վրա հպարտություն սփռելով եւ դրոշ բարձրացնելով՝ հանդես կգա հայոց նոր սերունդը: Ժամն է նրան նախապատրաստել՝ անհատի նախաձեռնողության ու պետության հսկողության վրա խարսխված համալիր քաղաքականությամբ: * Պետական172ազգային անվտանգությունն ու արտաքին հարաբերությունները փոխշաղկապված հայեցակետեր են՝ երկուսն էլ ոչ թե ինքնանպատակ, այլ միջոց՝ քաղաքացիական ազատություններ եւ հանրային իղձեր իրականացնելու համար: Ահա այստեղ երկրի ինքնիշխանությունն ու ազգային շահը գերակա են՝ առանց որեւէ հղման: Ինչ անհրաժեշտ է վերանվաճված ու ամբողջական մեր ինքնիշխանությունը պաշտպանելու եւ կենսական մեր շահն իրացնելու համար՝ դա է մեր վճռորոշ հանգանակը՝ խորակոթող եւ միշտ կայուն: Այս հրամայականի հանրակարգային գրավականը՝ զինված կառուցիկ ուժերն են, հիմքն ու հենարանը՝ ինքը հանրությունն անզեն: Հայաստանը եւ հայ ժողովուրդը պատրաստ են լուծել պատմական արդարության եւ ժամանակակից վիճահարույց խնդիրներ՝ բաց, անկեղծ ու նպատակամատույց եղանակով: Մշտապես պատրաստ ենք՝ մեկի հետ առանձին եւ բոլորի հետ միասին: Որեւէ խաղաղություն, տնտեսական զարգացում, համագործակցության հեռանկար առարկայական ու իրատեսական չեն՝ առանց բաժանարար հարցերի համակ լուծման, թեկուզեւ՝ աստիճանական կիրարկմամբ: Տարածաշրջանային անմիջական status quo-ի փոփոխության ցանկացած փորձ՝ թե տարածական, թե որակական, ինքնաբերաբար ենթադրում է այդ գոյավիճակի՝ դեպի էական խաղաղություն, փոխադարձ բարեկամություն եւ միատեղ անվտանգություն տանող երանելի հորիզոնի համապարփակ ու բազմակողմ վերանայում: Մեր շահն ու իրավունքը քաջ գիտակցելով՝ բարին ենք կամենում մերձավորին եւ հեռավորին: * Իսկ մեր ներքին status quo-ն հարկ է փոխել անհապաղ: Հայաստանը տեր է իր ուրույն ինքնությանը՝ դարբնված երկար պատմությամբ եւ այսօր արդեն՝ նոր անելիքով: Բարդ ինքնություն է՝ Աստված եւ մենք՝ միմյանց վկա: Քաղաքակրթահիմն որոշակի ժառանգություն, Հայկական լեռնաշխարհի հուշած կողմնորոշումներ, Ցեղասպանությանն ի հեճուկս՝ այլակրոն շրջապատում քրիստոնեական հարազատ հարեւանություն, ասիական առնչակցություն, միջինարեւելյան ածանցումներ, սլավոնախորհրդային եղբայրացած կենսակնիքներ եւ, անտարակույս, եվրոպական-համամարդկային արժեքների նպատակային ուղեկցություն: Այս որմնախորշերում թշնամի չենք փնտրում կամ էլ քավության նոխազ: Պարզապես՝ մենք մերն ենք պահպանում: Պարզապես՝ որտեղ ձախողվել ենք, մենք ենք մեղավոր, որտեղ խաբվել ենք՝ վերստին մենք, որտեղ ճիշտ գործել՝ դարձյալ մենք: Հաճախ սխալ ընտրված՝ սակայն մեր հարցերի պատասխանները, մեր խնդիրների լուծումները, մեր դռների բանալիները միշտ էլ մեր ձեռքերում են եղել: Հիմա էլ կան, եթե պարկեշտ լինենք ու ճշմարտապահ: Հայն ու Հայաստանը՝ բարգավաճ դոնոր-դերակատար տարածաշրջանում, արեւելքում ու արեւմուտքում, հյուսիսում ու հարավում: Եվ ամենակարեւորը՝ մենք մեր սեփական տանը, իրար նկատմամբ եւ իրար հետ: Ինքնավստահ ու հպարտ, բարեկեցիկ ու հավատացյալ, բազմազանության մեջ ապրող, բայց միակամ մարդկանց ժողովրդավար օջախ՝ Նաիրյան երկիր: Հեքիա՞թ, թե՞ հնարավորություն՝ վճիռը մերն է: Ինչպեսեւ հաղթանակը հետեւող: ՐԱՖՖԻ Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել